Պողոս Պողոսյան. Ծանրամարտի Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է

18:27   30 հոկտեմբերի, 2014

77 կգ քաշայիններ Տիգրան Մարտիրոսյանը եւ Առաքել Միրզոյանը բաց կթողնեն աշխարհի առաջնությունը: Տիգրան Մարտիրոսյանն ուսի վնասվածք ունի, բուժում է անցնում Գերմանիայում, իսկ Առաքել Միրզոյանը չի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը։ Թիմը Ղազախստանի Ալմաթի քաղաքում պատրաստվում է նոյեմբերի 4-ից 16-ն անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Պարոն Պողոսյան, ի՞նչ կազմով է հանդես գալու տղամարդկանց Հայաստանի հավաքականը:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում հանդես կգա 6 քաշային կարգերում՝ 8 ծանրորդներով. 56 կգ քաշային կարգում՝ Սմբատ Մարգարյան, 69կգ-ում՝ Վանիկ Ավետիսյան, 77 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա երկու ծանրորդ՝ Հակոբ Մկրտչյանը եւ Արա Խաչատրյանը, 85 կգ-ում՝ Աղասի Աղասյանը, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ +105 կգ քաշայիններ Հայկ Հակոբյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

Այս աշխարհի առաջնությանը չի մասնակցում Տիգրան Մարտիրոսյանը, ով Եվրոպայի առաջնության ժամանակ ուսի վնասվածք ստացավ եւ այժմ գտնվում է Գերմանիայում՝ երկարատեւ բուժման: Նրան ես ազատ եմ թողել, որպեսզի լիարժեք ապաքինվի եւ արդեն հաջորդ տարի միանա հավաքականին եւ մասնակցի վարկանիշային մրցաշարերին:

77 կգ քաշային Առաքել Միրզոյանը մարզվում էր, նախապատրաստվում էր աշխարհի առաջնությանը:

Առաքել Միրզոյանը չի մասնակցելու աշխարհի առաջնությանը, քանի որ նա լավ մարզավիճակում չէր: Առաքելը չհասցրեց հավաքել համապատասխան մարզավիճակ: Ես զգացել եմ, որ նա նորմալ մարզավիճակում չէր: Այո, նա մարզվում էր եւ մասնակցելու ցանկություն ուներ, բայց նրա բացակայությունը պայմանավորված է այն բանով, որ նա պարզապես չհավաքեց համապատասխան մարզավիճակ:

Իսկ հավաքականի հետ հավաքների մասնակցե՞լ է:

Ոչ, նա հավաքականի հետ չի մարզվել: Խնդիրը միայն այն է, որ ուղղակի չհասցրեց լավ մարզավիճակ ձեռք բերել:

Հավաքականում կան նորեկներ՝ պատանեկան օլիմպիական չեմպիոններ Հակոբ Մկրտչյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:

Հավաքականում սերնդափոխություն է: Մենք հնարավորություն ենք տալիս եւ պատանիներին եւ երիտասարդներին, որպեսզի աստիճանաբար կարողանան մարզիչներին գոհացնելով ամրապնդեն իրենց տեղը ազգային հավաքականում: Այս պահին հավաքականին են միացել մեր երկու պատանեկան օլիմպիական չեմպիոնները՝ Հակոբ Մկրտչյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը: Ես նրանց վաղուց եմ ճանաչում, հետեւել եմ նրանց մարզումներին, մրցելույթներին, հաճախակի հետաքրքրվել եմ նրանցով, զբաղվել եմ, զրուցել եմ եւ վստահ եմ, որ նրանք իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն հավաքականում: Ես առաջիկա երկու տարիների ընթացքում նրանց կտամ այդ հնարավորությունը փորձել իրենց ուժերը մեծահասակների հավաքականում: Նախապես չեմ ցանկանում ոչինչ ասել, բայց նպատակներ կան, հեռանկարներ կան այս երկու պատանիների հետ: Ես նրանց մրցելաոճը հավանում եմ, նրանք լուրջ ծանրորդներ են եւ արդեն համալրել եմ մեծահասակների կազմը:

Ի՞նչ ակնկալիքներ, մեդալների ի՞նչ հույսեր կան աշխարհի առաջնությունից:

Այս աշխարհի առաջնությունն ինձ համար եւ ամբողջ թիմի համար շատ կարեւոր է, քանի որ օլիմպիական վարկանիշային է: Սպասելիքներ, հույսեր բնական է, կան: Բայց ես տղաների առջեւ ոչ թե առաջնային մեդալի խնդիր եմ դրել, այլ՝ վարկանիշ ձեռք բերելու: Իմ եւ բոլորիս նպատակը վարկանիշ ձեռք բերելն է: Մենք պետք է շատ լուրջ, զգույշ եւ ուշադիր կատարենք բոլոր մոտեցումները, որպեսզի առանց վնասվածքների ավարտենք առաջնությունը: Տղաները պետք է ամեն գնով իրենց ուժերի չափով բարձր միավորներ հավաքեն եւ օլիմպիական վանկանիշ ձեռք բերեն: Ես իմ թիմի առջեւ խնդիր եմ դրել գոնե 5 ուղեգիր նվաճել, որպեսզի ազատ ճանապարհ հարթենք դեպի Օլիմպիական խաղեր: Ինձ համար այս պահին ամենակարեւոր հարցը դա է: Թող մեր ծանրորդները առանց վնասվածքների հանդես գան, ինչ առաջադրանքներ նրանց առջեւ դվրված է պատվով կատարեն, շատ միավորներ ստանանք, վարկանիշներ ձեռք բերենք, որպեսզի Օլիմպիական խաղերին մեծ թիմով հանդես գանք:

Ինչ վերաբերում է մեդալներին, ապա միշտ մեդալի ակնկալիքով ենք մասնակցում յուրաքանչյուր մրցման, աշխարհի առաջնությանը եւս պետք է ձգտենք: Ես չեմ կարող վստահ ասել, թե մեդալներ կլինեն, չեմ սիրում նախքան մրցումները նման հայտարարություններ անել, բայց համոզված եմ՝ եթե մեդալի համար պայքարելու հնարավորություն ունենան իմ տղաները, անպայման մինչեւ վերջ կպայքարեն: Բայց իմ գերխնդիրը մեդալը չէ, այլ վարկանիշ ձեռք բերելը:

Հայաստանում մենք անցկացրեցինք ուսումնամարզական հավաքներ: Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է, որը ես նպատակահարմար եմ գտել անցկացնել Ալմաթիում, անմիջապես մրցավայրում: Պատճառը հասկանալի է, որ այստեղ էլ պետք է կայանան մրցումները: Տղաները գտնվում եմ լավ մարզավիճակում, բոլորն էլ ծանր գրաֆիկով մասնակցել են մեր բոլոր ուսումնամարզական հավաքներին: Մենք այստեղ հանգստանալու ժամանակ չունենք, մարզումներ՝ ամբողջ օրը: Տղաներին տանջում եմ այնքան, որքան հարկն է:

ՀԱՕԿ-ը, ծանրամարտի ֆեդերացիան եւ Սպորտի նախարարությունն աշխարհի առաջնությունում մեր մասնակցության, մրցավայրում հավաք անցկացնելու բոլոր պայմանները ստեղծել են։ Այդ երեք կառույցները մեր բոլոր խնդիրներին նորմալ լուծում են տվել։ Որեւէ չլուծված հարց չկա։ Հավաքականի ապրելու, սննդի, մարզվելու, դահլիճներ վարձակալելու հարցերը լուծված են, տղաների մոտ ամեն ինչ լավ է:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։