ՄՕԿ նախագահ. Հրանտ Շահինյանը դարձավ մեր օլիմպիական սրտերի թագավորը (ֆոտո)

14:41   9 հոկտեմբերի, 2014

«Բարի լույս». վարժ հայերենով ողջունեց Միջագզային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Հայաստանի առաջին ժամանակակից օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:

«Այսօր բոլոր հայերը կարող են հպարտ լինել: Ամբողջ օլիմպիական շարժումը այսօր կարող է հպարտ լինել, որովհետեւ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի եւ ամբողջ աշխարհի մեծագույն օլիմպիականներից մեկին: Օլիմպիականները մեր շարժման սիրտն ու հոգին են, նրանք մեր արժեքների խորհրդանիշն են: Նրանք թույլ են տալիս, որ իրենց հաջորդող երիտասարդները հավատան հաջողություններին, երազանքներին եւ ապագային:  Հրանտ Շահինյանը այն մեծ չեմպիոնների շարքում է, որ Հայաստանը տվել է աշխարհին: Հրատն Շահինյանն ժամանակակից օլիմպիական շարժման առաջին հայ չեմպիոնն է:  Հրանտ Շահինյանը դարձավ մեր օլիմպիական սրտերի թագավորը:

Այսօր մենք այստեղ ենք՝ մեծարելու Հրանտ Շահինյանին. արտակարգ մարմնամարզիկ, որը խորհրանշում է ցանկանացած խոչընդոտ հաղթահարելու կարողությունը: Նրա համար այդ հաջողության ճանապարհը դժվար էր: Բայց նա ընդունեց դժվարության մարտահրավերը եւ հաղթահարեց այն: Նա դարձավ աշխարհի մեծագույն մարմնամարզիկներից մեկը՝ ունենալով երկու ոսկե եւ երկու արծաթ մեդալներ Հելսինկիում: Հեռանալով մարմնամարզությունից՝ նա իր կյանքն ու սիրտը նվիրեց երիտասարդությանը, եկող սերնդին իր փորձը փոխանցելուն: Այդ պատճառով Հայաստանում եւ ամենուր Հրանտ Շահինյանը կմնա օլիմպիզմի խորհրդանիշ:  Նրա օրինակը շատերի համար կդառնա ոգեշնչում, որպեսզի իրենք շարունակեն բարդ մարզական ճանապարհը եւ նույն ազնվությամբ պայքարեն, ինչպես Հրանտ Շահինյանն էր պայքարում: Օլիմպիական շարժման անունից ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով իր վրա է վերցրել այս հանձնառությունը եւ հարգանքի տուրք է մատուցել Հրանտ Շահինյանին:

Պարոն Ծառուկյանն էլ է մեծ չեմպիոն, արդեն 10 տարի է, ինչ նա պայքարում է հայ մարզիկների, հայկական  սպորտի զարգացման համար, որ հայ մարզիկները լավագույն պայմաններում կարողանան աշխատել եւ մրցակցել: Նա ամեն ինչ անում է, որ հայ մարզիկներն ունենան լավագույն պայմանները: Բոլոր հայերը կարող են հպարտ լինել իրենց մարզիկներով, Հայաստանի օլիմպիական կոմիտեով եւ կոմիտեի նախագահով: Միգուցե Հայաստանը փոքր բնակչություն ունի, բայց Հայաստանն ունի մեծ սիրտ, եւ  այդ սրտում մեծ տեղ մեծ սպորտի համար: Մեծ սեր ունի Հայաստանը սպորտի նկատմամբ: Շնորհակալ եմ, որ ՀԱՕԿ նախագահը մեծ ներդրում է կատարում սպորտի զարգացման համար, ինչպես այս արձանի ստեղծումը: Հայաստանի բոլոր մարզիկներին մաղթում եմ պայծառ ապագա»,- ասաց ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երեւանում բացվեց հայկական մարմնամարզության լեգենդ, օլիմպիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանը: Նրա անվան մարզադպրոցի մոտ տեղադրված արձանը բացեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ օլիմպիական չեմպիոնի այրին՝ Էմմա Շահինյանը:



Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։