Արթուր Աբրահամ. Սմիթը չի կարող ռեւանշ պահանջել, կարող է միայն ցանկություն հայտնել

13:41   3 հոկտեմբերի, 2014

Փոլ Սմիթը չի կարող ռեւանշ մենամարտ պահանջել, նա միայն կարող է ցանկություն հայտնել։ Եթե մեր թիմը համաձայնի եւս մեկ մենամարտ անցկացնել Փոլ Սմիթի հետ, ես մեծ հաճույքով թույլ կտամ նրան կրկին իր ուժերը փորձել ինձ հետ ռինգում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը։ Բրիտանացի Փոլ Սմիթը դիմացավ մինչեւ վերջ: Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: 

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանես այս մենամարտդ։

Շնորհակալություն։ Բավական բարդ մենամարտ էր, Փոլ Սմիթն իսկապես ուժեղ էր։ Մեծ դժվարությամբ ստացվեց այս մենամարտը։ Փոլ Սմիթի հարվածները շատ հուժկու էին, բայց ես տակտիկապես նրանից առավել էի, եւ այդ առավելության շնորհիվ տակտիկապես նրան հաղթեցի։

Մենամարտի առաջին մի քանի ռաունդներում դու հիմնականում պաշտպանվում էիր, ուժերը կարծես հավասար էին։ Դա հատուկ մշակված մարտավարությո՞ւն էր։

Մենամարտում էի նախապես մշակված մարտավարությամբ։ Այս անգամ մեր մարտավարությունը մի փոքր փոխել էինք: Մենամարտում էի ձախ ձեռքով, հարվածներս հիմնականում կատարում էի ձախ ձեռքով։ Իսկ Փոլ Սմիթին շատ չէի թողնում ինձ մոտենար, թույլ չէի տալիս նրա հուժկու հարվածներն ինձ հասնեին, հիմնականում պաշտպանվում էի եւ մեկումեջ նրան անակնկալի բերում ձախ ձեռքիս հարվածով։ Այս ամենը տակտիկական քայլեր էին, որոնք մենք մշակել էինք մարզիչիս՝ Ուլի Վեգների հետ։

Նշեցիր, որ բարդ մենամարտ էր։ Ինչո՞վ էր բարդ: Դժվա՞ր ստացվեց Փոլ Սմիթին պարտության մատնելը։

Չեմ ժխտի, որ Փոլ Սմիթն ուժեղ էր, մասնավորապես նրա հարվածները շատ ծանր էին ու վտանգավոր։ Մրցակիցս շատ ծանր էր հարվածում: Եթե բաց էի թողնում մի հարված, ուժեղ ցավ էի զգում, իսկապես, շատ ցավոտ էին նրա հարվածները։ Իսկ դա արդեն դժվարություն է ներկայացնում։ Եթե մրցակիցդ հարվածող է եւ ուժեղ հարվածներ է հասցնում, բարդանում է մենամարտը։ Սկզբում մի քանի ռաունդ շարունակ մեր ուժերը հավասար էին, հավասար մենամարտ էինք վարում, բայց արդեն 5-6-րդ ռաունդներից ես առաջ անցա։

Արթուր, մենամարտից առաջ Փոլ Սմիթը վստահ հայտարարում էր, որ գոտին խլելու է քեզանից։ Մենամարտի վերջում նա քեզ որեւէ բան ասա՞ց, զրուցեցի՞ք, շնորհավորե՞ց։

Մենամարտից հետո բոլորն էլ մոռանում են, թե ինչ են խոսել մենամարտից առաջ, ինչ հայտարարություններով են հանդես եկել։ Պարտվելուց հետո «սուսուփուս» նստում են նույն այդ խոսողները, ոչինչ չեն ասում։ Մի մարդ, որ պարտվել է, էլ ի՞նչ պետք է խոսի։ Արդեն մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փոլ Սմիթն ինձ շնորհավորեց, ինչը զուտ սպորտային քայլ էր։

Արթուր, Փոլ Սմիթը պահանջում է իրեն նշանակել պարտադիր հավակնորդ եւ անցկացնել ռեւանշ մենամարտ։ Դու կտա՞ս նրան այդ հնարավորությունը։

Փոլ Սմիթը չի կարող ռեւանշ մենամարտ պահանջել, նա կարող է միայն ցանկություն հայտնել։ Եթե մեր թիմը համաձայնի եւս մեկ մենամարտ անցկացնել Փոլ Սմիթի հետ, ես մեծ հաճույքով թույլ կտամ նրան կրկին իր ուժերը փորձել ինձ հետ ռինգում, ես ընդհանրապես խնդիր չեմ տեսնում: Մեր անձնակազմը մեծահոգի է, մենք բոլորի ցանկությունները կատարում ենք։

Շուտով կայանալու է քո գոտու նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի եւ Ֆելիքս Շտուրմի մենամարտը, որի հաղթողի հետ դու ցանկություն ես հայտնել հանդիպել հաջորդ մենամարտում։

Այո, նոյեմբերի 7-ին ռինգում կհանդիպեն Շտիգլիցն ու Շտուրմը։ Հետեւելու եմ այդ մենամարտին։ Հետաքրքիր մենամարտ է սպասվում։ Շատ կցանկանայի այդ զույգի հաղթողին հրավիրել մենամարտի։

Ամեն հաղթանակից հետո ի՞նչ ապրումներ ու զգացողություններ ես ունենում։ Ի՞նչ են տալիս քեզ այս հաղթանակները։

Ինձ համար հաղթանակներն ամեն ինչ են, իմ կենսակերպը։ Այդ հաղթանակներով ես ապրում եմ։ Ամեն հաղթանակից հետո զգացողություններս ու ապրումներս տարբեր են լինում։ Ես էմոցիոնալ մարդ չեմ, հաղթանակից հետո չեմ պարում, ուրախանում, աշխատում եմ ցույց չտալ, թե որքան ուրախ եմ այդ հաղթանակի համար, բայց իրականում շատ եմ ուրախանում, ներսումս է ամեն ինչ կատարվում, հոգեպես եմ պարում, ուրախանում, ներքուստ շատ եմ ուրախանում, որ հաղթանակն իմն է։

Այս անգամ քո հաղթանակը ուրախացրեց նաեւ քո մարզիչին՝ Ուլի Վեգներին։ Ինչպե՞ս է պատահել, որ մինչեւ այս նա քեզ չի համբուրել հաղթանակներիցդ հետո։

Նա միշտ ինձ հետ զուսպ է եղել, ավելի խիստ եւ լուրջ։ Այս անգամ սակայն նա շատ ուրախացավ այդ հաղթանակով, քանի որ  անցկացրածս մենամարտը նրա սրտով էր։ Ուլի Վեգները սիրում է, երբ ես ձախ ձեռքս շատ եմ օգտագործում։ Նրան դուր էր եկել, որ այս անգամ լիովին նրա հրահանգներով եւ խորհուրդներով մենամարտեցի եւ հաղթանակը վերցրեցի։ Ես Ուլի Վեգներին շատ եմ համբուրել, բայց նա առաջին անգամ չզսպեց իր ուրախությունը եւ համբուրեց ինձ։

Արթուր, դու իսկապե՞ս պատրաստ ես քո մարզական կարիերան ավարտել, երբ Ուլի Վեգները որոշի հանգստի գնալ։

Ես հպարտ եմ, որ նա իմ մարզիչն է։ Նրա հետ շատ եմ կապվել թե որպես մարզիչ, թե որպես ինձ հարազատ մարդ։ Ես չէի ցանկանա, որ նա թողներ մեծ սպորտը, կցանկանայի միշտ նրա հետ լինել, միասին մարզվեինք: Մեր համատեղ մարզումները շատ հետաքրքիր ու հաճելի են անցնում։ Բայց Ուլի Վեգները արդեն 72 տարեկան է։

Ե՞րբ է սպասվում հաջորդ մենամարտդ եւ ո՞վ կլինի հաջորդ մրցակիցդ։

Հաջորդ մենամարտս կլինի հունվարին, իսկ թե ով կլինի հաջորդ մրցակիցս, դեռեւս պարզ չէ։ Այժմ մի փոքր կհանգստանամ, կգամ Հայաստան։

Իսկ անձնական կյանքումդ փոփոխություն ե՞րբ տեղի կունենա։

Շուտով։ Շուտով կամուսնանամ։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։