15:16 2 հոկտեմբերի, 2014Դենիս Թումասյանը չգնահատված ֆուտբոլիստ է, նա համապատասխանում է նույնիսկ Ռուսաստանի ազգային հավաքականի մակարդակին։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական «Ուֆայի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը։
Ռուս մասնագետը 2002-2010 թվականներին եղել է Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչ։
«Դենիս Թումասյանը «Ուֆայի» առաջատար ֆուտբոլիստներից մեկն է: Նա հիանալի անձնավորություն է եւ հոյակապ ֆուտբոլիստ: Նա պաշտպան է, որը համապատասխանում է բոլոր պահանջներին: Իմ թիմում Թումասյանն իրեն հիանալի է դրսեւորում, եւ ես շատ հպարտ եմ, որ այդ կարգի ֆուտբոլիստ ունեմ:
Դենիսը լավ կարդում է խաղը, բացի այդ լավ է խաղում գլխով: Կարողանում է հանգիստ միանալ գրոհներին: Նա խնդիր չունի կարճ եւ երկար փոխանցումների հետ: Ինձ մոտ նա հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում եւ գրոհներից եւս անմասն չի մնում:
Եթե անցած տարի Դենիսը տեւական ժամանակ չուներ խաղային պրակտիկա, ապա այժմ նիհարել է 8 կիլոգրամ եւ հիանալի մարզավիճակում է: Կարծում եմ՝ Թումասյանը չգնահատված ֆուտբոլիստ է: Ես նրան կհրավիրեի նույնիսկ Ռուսաստանի ազգային հավաքական»,- ասաց Իգոր Կոլիանովը:
Նշենք, որ Championat.com-ը Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանաշական հավաքականում ընդգրկել էր նաեւ «Ուֆայի» կենտրոնական պաշտպան Դենիս Թումասյանին:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հանդիպել էր Դենիս Թումասյանի հետ, սակայն ֆուտբոլիստը կրկին չէր հրավիրվել ազգային հավաքական: Ունենալով լուրջ կադրային խնդիրներ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն այս անգամ էլ անտեսել է պաշտպանին։
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.