22:20 20 սեպտեմբերի, 2014Գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրն անհաջող էր Դորտմունդի «Բորուսիայի» համար: Դորտմունդցիները հյուրընկալվել էին «Մայնցին» եւ հաղթանակի դեպքում կգլխավորեին մրցաշարային աղյուսակը, սակայն Յուրգեն Կլոպի թիմը պարտվեց գերմանացի մասնգետի նախկին թիմին: «Մայնցը» խփեց 2 անպատասխան գոլ:
Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղից հետո Կլոպը մի շարք փոփոխություններ էր կատարել մեկնարկային կազմում՝ պահեստայինների նստարանին թողնելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 65-րդ րոպեին «Բորուսիայի» կազմում խաղադաշտ դուրս եկան Հենրիխ Մխիթարյանը եւ իտալացի ռմբարկու Չիրո Իմոբիլեն, իսկ մեկ րոպե անց ճապոնացի հարձակվող Սինձի Օկազակին բացեց հաշիվն՝ առաջ մղելով «Մայնցին»: 70-րդ րոպեին հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Իմոբիլեն վրիպեց 11 մետրանոց հարվածից: Քիչ անց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը եւ դաշտի տերերը կրկնապատկեցին առավելությունը: «Մայնցի» երկրորդ գոլը խփեց «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատիաս Գինտերը, ով դարձավ ինքնագոլի հեղինակ: Վերջնամասում Յուրգեն Կլոպի թիմը չկարողացավ պատասխանել մրցակցին եւ կրեց երկրորդ պարտությունը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:
«Բորուսիան» ունի 6 միավոր եւ «Աուգսբուրգի» հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: «Մայնցը» 8 միավորով հավասարվեց մյուս 3 առաջատարներին՝ «Բավարիային», «Հոֆֆենհայմին» ու Բունդեսլիգայի նորեկ «Պադերբորնին»:
Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Մայնց» - «Բորուսիա Դ.»՝ 2:0
Սինձի Օկազակի, 66, Մատիաս Գինտեր, 74 (ինքնագոլ)
Չիրացված 11 մետրանոց՝ Չիրո Իմոբիլե, 70 («Բորուսիա»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.