Metro. Հենրիխ Մխիթարյանն ամբողջովին ստվերում թողեց Մեսութ Օզիլին

10:44   18 սեպտեմբերի, 2014

«Բորուսիայի» խաղը կառուցող, մեծ աշխատանք կատարած Հենրիխ Մխիթարյանը լիովին ստվերում էր թողել մրցակցի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, գրում է բրիտանական Metro պարբերականը՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բորուսիա» - «Արսենալ» հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ գերմանացի Մեսութ Օզիլի խաղին։

«Նրանք շատ նման են խաղաոճերով. երկուսն էլ պաշտպանությունից արագ հարձակման անցնելու եւ թիմակիցների համար գոլային պահեր ստեղծելու իսկական վարպետներ են։ Սակայն այդ խաղում հայ ֆուտբոլիստը մեծ վտանգ էր սպառնում մրցակցի պաշտպանների համար, անընդհատ պայքարում, իսկ գերմանացին չկարողացավ էական ազդեցություն ունենալ խաղի վրա։

Մխիթարյանն իսկապես փայլուն խաղ ցուցադրեց։ Նա ոչ միայն արտակարգ էր գործում ենթահարձակվողի դիրքում, այլեւ դիրքերով փոխվում եզրում հանդես եկող Օբամեյանգի հետ, ինչպես նաեւ օգնության հասնում պաշտպաններին։

Մխիթարյանի առավելության մասին խոսում է նաեւ այն, որ Հենրիխը բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց թե՛ իր, թե՛ թիմակիցների համար։ Ինչ վերաբերում է Օզիլին, ապա նա միայն մեկ վտանգավոր պահ ստեղծեց»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» այդ խաղում 2։0 հաշվով հաղթել է մրցակցին, իսկ Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։