Արթուր Աբրահամ. Փոլ Սմիթին կպատասխանեմ իմ հաղթանակով (ֆոտո)

10:21   18 սեպտեմբերի, 2014

Ես արդեն Կիլ քաղաքում եմ, մարզվում եմ իմ գրաֆիկով եւ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու  պաշտպանության մենամարտը։ Արթուր Աբրահամը կմրցի բրիտանացի Փոլ Սմիթի հետ:

Արթուր, շուտով քո հերթական մենամարտն է, չեմպիոնական գոտու հերթական պաշտպանությունը: Ինչպե՞ս ես նախապատրաստվում մենամարտին, ինչպե՞ս անցկացրեցիր ամառը:

Այո, արդեն մի քանի օրից հերթական մենամարտս է: Այս մենամարտիս մարզումներին տրամադրել եմ երեք ամիս: Արդեն շուրջ երեք ամիս է ծանրաբեռնված ծրագրով մարզումների մեջ եմ: Մի քանի հավաքներ եմ արդեն անցկացրել: Մենամարտին տրամադրված եմ միայն դրական: Միայն թե այս ամռանը չհասցրեցի հանգստանալ, քանի որ պետք է նախապատրաստվեի մենամարտին, երկար ու ձիգ մարզումներով անցավ ամառս: Մի քանի օրով այստեղ-այնտեղ փորձեցի հանգստանալ, ծովի ափին հանգստանալ եւ վերջ: Եկա նաեւ Հայաստան, բայց այդ ամենն այնքան քիչ էր, որ չհասցրեցի նորմալ վայելել հանգիստս: Բայց հոգ չէ, այս մենամատից հետո կրկին կգամ Հայաստան եւ այդտեղ կհանգստանամ: Սովորաբար հանգիստս սիրում եմ ծովի ափին անցկացնել, լողալ, արեւի տակ հանգստանալ: Տարվա գերակշիռ մասը ես մրցումների մեջ եմ, մշտապես մարդաշատ վայրերում, շատ մարդկանց մեջ, եւ գալիս է ժամանակ, որ հանգստանալու, ամեն ինչից կտրվելու մեծ կարիք եմ զգում: Այդ ամենը վայելելու լավագույն տեղն ինձ համար ծովափն է:

Առաջիկա մենամարտը մեծ նշանակություն ունի ինձ համար։ Սա աշխարհի գոտու պաշտպանություն է, եւ ես պետք է ավելի կենտրոնացնեմ իմ ուժերը գոտին պահպանելու համար: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Կիլ քաղաքում: Ես արդեն այս քաղաքում եմ, մարզվում եմ իմ գրաֆիկով եւ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Այս անգամ աշխարհի չեմպիոնի գոտին քեզանից ցանկանում է խլել բրիտանացի Փոլ Սմիթը, ով հայտարարել է, թե դու մնալու ես առանց չեմպիոնական տիտղոսի եւ որ նրան հաջողվելու է քեզանից խլել գոտին:

Խոսելը հեշտ է: Բոլորը լավ խոսում են: Եթե հավատայինք այդ խոսելուն, ուրեմն աշխարհի չեմպիոնի գոտին վաղուց արդեն պետք է լիներ Փոլ Սմիթի մոտ: Թող Փոլ Սմիթը խոսի, մենք էլ գործով կապացուցենք: Ես չեմ սիրում խոսել, ես սիրում եմ գործել: Այդ պատճառով ես այդ խոսքերին չեմ հետեւում, միայն ասում եմ՝ թող իմ մրցակիցը խոսի, ես էլ կգործեմ:

Ի՞նչ կասես մրցակցիդ մասին: Հետեւե՞լ ես նրա մենամարտերին եւ մշակե՞լ եք արդյոք մարզչիդ հետ նոր մարտավարություն:

Նա լավ բռնցքամարտիկ է, ունի հարձակողական ոճ: Նա կառուցվածքով «փոքրոտ» է, ճարպիկ ու այդ ամենի հաշվին շատ ուժեղ հարվածներ է հասցնում: Մարզիչիս հետ արդեն մշակել ենք տակտիկա, թե ինչպես պետք է մենամարտեմ, նրան տարածության վրա պահեմ, որ շատ չկարողանա մոտենալ:

Դու նշում ես, որ մրցակիցդ ուժեղ հարվածներ է հասցնում, այնինչ բրիտանացի բռնցքամարտիկը կարծիք է հայտնել, թե դու իրեն կթերագնահատես, ինչն էլ ինքը հենց ցանկանում է: Իրականում թերագնահատո՞ւմ ես դու մրցակցիդ, թե՞ ոչ:

Ես երբեք ոչ մեկին չեմ թերագնահատում՝ լինի դա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թե՝ հասարակ մարդ: Որովհետեւ յուրաքանչյուր ոք՝ լինի մարզիկ, թե այլ բնագավառից, ամեն ինչի ընդունակ է, ամեն ինչ կարող է անել: Եթե Փոլ Սմիթը դուրս է գալու ռինգ եւ մրցում աշխարհի չեմպիոնի գոտու համար ու հասել է մինչ այս մենամարտը, ուրեմն նա ունի այդ պոտենցիալը եւ ուժը եւ համոզված է, որ կհաղթի:

Փոլ Սմիթը նաեւ հայտարարել է, որ մենամարտի ավարտին դու խիստ ցնցված կլինես, երբ հասկանաս, որ գոտին այլեւս քոնը չէ: Նրա այս ինքնավստահությունը քեզ չի մտահոգո՞ւմ:

Ոչ: Նա կարող է այդպես շարունակ ամպագոռգոռ խոսքեր ասել, հայտարարություններով հանդես գալ, ես այդ ամենին չեմ պատասխանի, մենամարտից հետո ես իմ պատասխանը կտամ իմ հաղթանակով: Ճիշտ կլինի, որ նա այդպես խոսի մենամարտից հետո եւ ոչ թե առաջ:

Արթուր, մրցակիցդ, կարծես, մեծ ագրեսիայով է լցված քո հանդեպ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Փոլ Սմիթն առաջին մրցակիցս չէ, որ նման ագրեսիվ հայտարարություններով է հանդես գալիս, շատ եմ ունեցել մրցակիցներ, որ այդպես ագրեսիվ են խոսել իմ հետ մենամարտից առաջ: Յուրաքանչյուր մարդ մի ձեւի է, դա բնավորություն է, մեկը սիրում է խոսելով ինչ-որ բան ապացուցել, մեկ ուրիշը՝ գործելով: Փոլ Սմիթը խոսում է, ես էլ գործ եմ անում: Ես ռինգում ցույց կտամ Փոլ Սմիթին` որը որից հետո է:

Քո հնարավորությունները որքա՞ն ես գնահատում։ Ո՞րն է լինելու գերխնդիրը ռինգում:

Հաղթանակ, հաղթանակ ու միայն հաղթանակ, ուրիշ ոչինչ: Իսկ Փոլ Սմիթին որպես ուղերձ, կասեմ` շատ մի խոսիր, կխոսես մենամարտից հետո:

Արթուր, վերջին շրջանում Հայաստանի դրոշը մի քանի անգամ ծածանվեց միջազգային խոշոր մրցումներում՝ պատանեկան Օլիմպիական խաղեր, ըմբշամարտի աշխարհի առաջնություն: Հետեւո՞ւմ ես հայկական սպորտին, հաջողություններին:

Այո, տեղյակ եմ, ուրախ եմ, հետեւել եմ ըմբիշների գոտեմարտերին, շատ ուրախ եմ ու հպարտ մեր չեմպիոնների համար: Հատկապես, մեծ տպավորություն է թողել Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտը ադրբեջանցու հետ: Տեսա, թե ինչպես ադրբեջանցուն տապալեց մեր չեմպիոնը: Շատ ուրախ եմ, աննկարագրելի հպարտություն եմ զգում: Փորձում եմ հետեւել բոլոր սպորտային իրադարձություններին, բնական է, որ ամեն ինչին չես կարող 100 տոկոսով հետեւել: Հայկական սպորտի իրադարձություններին հետեւում եմ ինտերնետով, մասնավորապես, NEWS.am Sport-ով:

Արթուր, վերջերս Հայաստանում էր Սյուզի Կենտիկյանը: Նա ասուլիսի ժամանակ նշեց, որ դու մեկ անգամ ասել ես, թե կանանց բռնցքամարտ չես սիրում: Այդպե՞ս է:

Ոչ, այդպես չէ: Ես բոլորին էլ սիրում եմ, ովքեր իրենց նախընտրած մարզաձեւում հաջողության են հասնում: Սյուզի Կենտիկյանին եւս շատ սիրում եմ որպես մարդ, ինձ համար նշանակություն չունի` նա բնռցքամարտիկ է, թե ծանրորդ: Կանանց բռնցքամարտը եւս սիրում եմ: Ո՞վ է ասել, թե չեմ սիրում: Նորմալ եմ ընդունում կանանց բռնցքամարտը, ուղղակի այն անհամեմատելի է տղամարդկանց բռնցքամարտի հետ: Դա նույնն է, ինչ համեմատության մեջ դնես կանանց ֆուտբոլն ու տղամարդկանց ֆուտբոլը:

Սյուզի Կենտիկյանի գործունեությանը հետեւում եմ եւ ուրախ եմ նրա հաջողությունների համար: Իրականում, ես աշխարհի բոլոր հայ մարզիկների եւ մարզուհիների սպորտային կարիերաներին հետեւում եմ, ինձ ամեն ինչ հետաքրքրում է աշխարհում սփռված հայ մարզիկների մասին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.