Վարդան Փահլեւանյանն օլիմպիական ուղեգիր նվաճեց

15:48   21 մայիսի, 2012

Հայ մարզիկները հաջող հանդես եկան Թբիլիսիում կայացած աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությունում:

Հայաստանի եւ Արցախի  10 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ երեւանցի հեռացատկորդ Վարդան Փահլեւանյանը: Նա ցուցադրեց 8 մ 12 սմ արդյունք՝ հռչակվելով Վրաստանի չեմպիոն: Փահլեւանյանը երկու սմ-ով գերազանցեց օլիմպիական վարկանիշային ցուցանիշը՝ նվաճելով լոնդոնյան խաղերի ուղեգիր: Հայաստանի օլիմպիական մարզիկների թիմը հասավ 22-ի, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Վանաձորցի հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը 756 սմ ցուցանիշով գրավեց երրորդ տեղը եւ իրավունք ստացավ մասնակցելու Իսպանիայում հուլիսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Երեւանցի Դիանա Խուբեսերյանը առաջինը ճանաչվեց 100 եւ 200մ վազքում: Անգերազանցելի էր նաեւ հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը, ում ցուցանիշն էր՝ 620 սմ (սպորտի վարպետի արդյունք է): Եռացատկում Սաթենիկի ցուցանիշն էր՝ 12մ 69 սմ:

800 մետր վազքում առաջին տեղ գրավեց վանաձորցի Գայանե Բուլղադարյանը՝ 2ր 14.95 վ: 

Երկրորդ մրցանակակիր դարձան  երեւանցի Սամվել Գրիգորյանը (400մ արգելավազք) եւ արցախցի Աշոտ Հայրապետյանը (3000 մ խոչընդոտավազք): Արցախի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը բրոնզե մեդալակիր դարձավ  800մ վազքում: Նման պատվի արժանացավ նաեւ արտաշատցի արգելավազորդ Ռոման Ալեքսանյանը (400 մ` 57,64վ):

Հայաստանի հավաքականին Թբիլիսի ուղեկցած վաստակավոր մարզիչ Զաուր Սարգսյանը դրական է գնահատել թիմի մրցելույթները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.