Բնակարանս վաճառել եմ Հայաստանի առաջնություն կազմակերպելու համար. հարցազրույց

17:01   18 մայիսի, 2012

Դեռեւս 2003 թվականից Երեւանում գործում է Պարերի եւ սպորտային պարերի համահայկական խորհուրդը, որի հիմնադիրը սպորտային պարերի մասնագետ, «Կաստանյետ» պարային խմբի ղեկավար Մարիաննա Մամյանն է:

Պարերի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահը ոլորտի խնդիրների մասին պատմեց NEWS.am Sport-ի թղթակցին:

Մարիաննա, սպորտային պարերի համահայկական խորհուրդը սկզբում հանդես էր գալիս որպես ֆեդերացիա: Ինչո՞ւ դարձաք խորհուրդ:

Ես որոշեցի ֆեդերացիան դարձնել համահայկական, որպեսզի  մեր կազմակերպության մեջ կարողանամ ընդգրկել նաեւ սփյուռքահայերին: Ես շատ եմ մեկնում արտերկիր. այնտեղ այնպիսի սերունդ ունենք, այնպիսի պրոֆեսիոնալ պարողներ, չեմ ցանկանում՝ նրանց կորցնենք: Նրանք հիմնականում այստեղից գնացած մեր սաներն են, կամ մեր սաների սաներն են, որոնք պարում են այլ երկրների դրոշների ներքո: Ստացվում է մեր չարչարանքը ուրիշներն են վայելում: Իսկ ես ուզում եմ՝ նրանք թեկուզ դրսում, բայց ներկայացնեն Հայաստանը, մեր երկիրն ու մեր երկրի մշակույթը: Դրա համար հարկավոր է միայն երկքաղաքացիություն ապահովել մեր մարզիկների համար: Որոշեցի դարձնել համահայկական խորհորդ, որպեսզի նույն այդ մարզիկները Հայաստանում այս մարզաձեւի զարգացման համար իրենց ներդրումն ունենան:

Զարգացման ի՞նչ խնդիրներ ունեն սպորտային պարերը Հայաստանում:

Ամբողջ աշխարհում պրոֆեսիոնալ մարզիկ լինելու համար ընդունված է, որ մարզիկը գրանցվի սպորտային պարերի համաշխարհային խորհրդում: Ապա այնտեղից նոր որպես իր երկրի սպորտային պարերի մարզիկ լիցենզիա ստանա որպես պրոֆեսիոնալ պարող: Մեզ մոտ այս ամենը այլ պատկեր ունի. ամեն երկրորդը իրեն պրոֆեսիոնալ պարող է համարում՝ առանց հասկանալու, թե դա ինչ է նշանակում, որտեղից է գալիս, ինչով են այն ուտում: Այս սխալ մտածելակերպի մեղավորները տվյալ պարողների ղեկավարներն են: Նրանք, լինելով ոչ կոմպետետն, իրենք են առաջնահերթ իրենց պրոֆեսիոնալ մարզիչ անվանում՝ կրկին առանց հասկանալու՝ դա ինչ է: Այդ նույն ոգով դաստիարակում են նաեւ իրենց սաներին: Ամեն մարզիչ մտածում է՝ եթե ինքը պրոֆեսիոնալ մարզիչ է, ուրեմն իր երեխաները պրոֆեսիոնալ պարողներ են: Եթե նույնիսկ մարզիչը պրոֆեսիոնալ է, դա դեռ չի նշանակում, որ մարզիկները նույնպես պրոֆեսիոնալ են:

Սա առաջին խնդիրն է հայկական սպորտային պարերի դաշտում: Մյուս խնդիրը պետական ոչ ճիշտ մոտեցումն է: Հայաստանում սպորտային պարը իր զարգացման գագաթին չի հասնի,  մինչեւ պետական այրերը չհասկական, որ այս գեղեցիկ մարզաձեւին, ինչպիսիք են նաեւ գեղասահքը, գեղարվեստական մարմանամարզությանը, կարելի է ուշադրություն դարձնել, թեկուզ փոքրիկ մոտեցում ցուցաբերել: Չեմ կարող ասել՝ բացարձակ ուշադրություն չկա: Արդեն՝ վերջին մի քանի տարում նկատվում է ուշադրություն եւ հետաքրքրություն սպորտային պարերի նկատմամբ: Պետական ուշադրության աջակցության խնդիրը կախված է կառույցի, այս պարագայում խորհրդի ղեկավարից: Եթե կառույցի ղեկավարը զարգացման ճիշտ ծրագիր մշակի եւ նույնքան ճիշտ ու մատչելի  մեկնաբանի պետական այրերին՝ այդ պարագայում կարելի է սպասել որեւէ աջակցության: Մարդկանց պետք է ասել, բացատրել թե ինչ է իրենից ներկայացնում այս մարզաձեւը: Այսինքն, սա նշանակում է՝  մինչեւ պետական մոտեցման մասին մտածելը, կառույցի ղեկավարությունը պետք է մտածի պետական այրերին ճիշտ մոտեցում ցուցաբերելու մասին: Ես արդեն մեկ այդպիսի օրինակ ունեմ, որը պսակվել է հաջողությամբ: 2008 թվականին ես Գյումրիում բացեցի «Կաստանյետ» սպորտային պարերի խմբի մասնաճյուղ: Մեկ տարի հետո Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, տեսնելով իմ աշխատանքը հրավիրեց ինձ իր մոտ եւ առաջարկեց բացել Գյումրու քաղաքապետարանի  պարերի եւ սպորտային պարերի մասնագիտացված դպրոց: Սա նշանակում է ֆինանսավորում պետբյուջեից, 12 աշխատատեղ, տարածք: Այնտեղ մարզվում են 120 աշակերտ:

Բացի Գյումրիից, Հայաստանի ո՞ր մարզում եւ քաղաքներում Հայաստանի պարերի եւ սպորտային պարերի համահայկական խորհուրդը ունի մասնաճյուղ կամ ակումբ: Քանիսն են դրանք:

Ոչ դպրոց, բայց ակումբ արդեն ունենք նաեւ Էջմիածնում: Այստեղ բացվել է մեր միջազգային կարգի պարող Իռեն Սարուխանյանի սպորտային պարերի խմբի մասնաճյուղը, որը կոչվում է «Էջմիածին ակումբ»:  Սպորտային պարերի խորհուրդն ընդլայնել է իր աշխարհագրությունը Հայաստանից դուրս: Խորհրդի անդամներից մեկը Լոս Անջելեսում հիմնել է սպորտային պարերի մարզադպրոց: Սա մեզ համար առավելություն է նրանով, որ այստեղի մարզիկները իրենց ուսումը հնարավորություն են ունենում շարունակել ԱՄՆ-ում: Արդեն ունենք երկու աղջիկ՝ որոնցից մեկը միջազգային կարգի պարուհի է, նրանք սովորում եւ աշխատում են ԱՄՆ-ում: Բացի Գյումրու մարզադպրոցից, Երեւանում եւ մյուս մարզերում գործում է 8 պարային ակումբ: Կան բազմաթիվ ակումբներ, որոնք ցանկություն են հայտնում ներգրավել խորհրդում, բայց ես չեմ ընդունում, քանի որ նրանց ղեկավարները զբաղվում են իրենց սեփական անձի ինքնահաստատմամբ՝ ոչ թե մարզաձեւի մասսայականացմամբ եւ զարգացմամբ:

Որպես խորհրդի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում սպորտային պարերի ընդհանուր վիճակը Հայաստանում:

Մարզիկների մարզավիճակը դրական եմ գնահատում, որովհետեւ նրանք հավատում են մեզ, մեր արած աշխատանքին: 2007 թվականին մեր մարզիկներից մի քանիսը Հայաստանի նախագահի հովանավորությամբ մեկնեցին Ռուսաստան, որտեղ Կրեմլում պետք է կայանար միջազգային փառատոն մասնակից երկրների լավագույն զույգերի մասնակցությամբ: Արդյունքներով 28 զույգից 17-րդն էինք, ինչը մեծ արդյունք էր մեզ համար: 2009-ին Խարկովում քաղաքում մասնակցեցինք աշխարհի գավաթի խաղարկությանը եւ գրավեցինք պատվավոր երկրորդ տեղը:

Հայաստանը պարերի եւ սպորտային պարերի համաշխարհային խորհրդի անդա՞մ է:

Մասամբ: Մնացել է մեկ փուլ եւ մենք կդառնանք համաշխարհային խորհրդի լիիրավ անդամ:  Ամեն տարի Անգլիայում տեղի է ունենում սպորտային պարերի մասնագետների հանդիպում, որտեղ քննարկվում են հարցեր, թե ինչպես զարգացնել սպորտային պարերը աշխարհում: Այս տարի հերթական հանդիպումը կայանալու է մայիսի 26-ին, որը վճռական է Հայաստանի համար: Այդ հանդիպմանը 60 երկիր պետք է քվեարկի Հայաստանի համար, որպեսզի համաշխարհային խորհուրդը մեզ դարձնի իր լիիրավ անդամ՝ ընտրության իրավունքով: Հիմա մենք դեռեւս ժամանակավոր անդամություն ունենք՝ առանց ձայնի իրավունքի: Արդեն անցել ենք 3 փուլ, վերջին փուլը կանցնենք մայիսի 26-ին կայանալիք հանդիպմանը:

Իսկ ի՞նչ է հարկավոր պարերի եւ սպորտային պարերի համաշխարհային խորհրդի անդամ լինելու համար:

Ակտիվություն, միայն ակտիվություն: Նախ պետք է կարողանաս մարզաձեւը քո պետության ներսում զարգացնես, մասսայականացնես, կազմակերպես բաց եւ փակ առաջնություններ, ապահովես մարզիկների մեծ քանակ, աշխատանք ներկայացնես, որպեսզի տեսնեն՝ այս երկրում սպորտային պարերի մարզաձեւը կա, զբաղվողներ կան: Բացի երկրիդ ներսում մարզաձեւը զարգացնելուց, պետք է ակտիվություն ցուցաբերես նաեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, միջազգային մրցումներում, միջազգային փառատոններում: Պարտադիր պետք է այս ոլորտում հնչի Հայաստան, Արմենիա անունը:

Փաստորեն, Հայաստանի պարերի եւ սպորտային պարերի համահայկական խորհուրդը պետական որեւէ աջակցություն չունի:

Բացարձակ: Միայն Գյումրու մարզադպրոցն է, որ պետբյուջեից ֆինանսավորվում է: Երեւանում, որը համարվում է Հայաստանում սպորտային պարերի կենտրոնը, բացարձակ չի ֆինանսավորվում: Ավելին, իմ ուզած գումարները մեծ չեն: Խոսքը 3000-4000 դոլարի մասին է: Ես չեմ կարողանում մեր մարզիկներին ուղարկել միջազգային մրցումների: Նույն այդ ֆինանսավորման պակասի պատճառով: Վերջին միջազգային մրցումը, որին մասնակցել ենք՝ եղել է 2010թ. Խարկովի աշխարհի գավաթի խաղարկությունն էր:

Օգնության խոստում է տվել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Իսկ որտեղի՞ց եք հայթայթում գումարներ մրցումներին մասնակցելու կամ մրցումներ կազմակերպելու համար:

Ես մեկ անգամ այնպիսի բան եմ արել, որ լսողը գուցե ճիշտ չհասկանա: Հայաստանի առաջին բաց առաջնությունը կազմակերպելու համար ես իմ անձնական բնակարանն եմ վաճառել: Սա մի քայլ է, որը ես արել եմ այս մարզաձեւի զարգացման համար: Սրա մասին երբեւէ չեմ ասել:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։