16:13 2 օգոստոսի, 2014Կապանի «Գանձասար» մարզադաշտը, որտեղ հանդես է գալիս նաեւ համանուն ֆուտբոլային ակումբը, լուրջ ներդրումների կարիք ունի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է վերանորոգել հանդերձարանները, փոխել դարպասները, բարելավել խոտածածկի որակը: Սակայն եւ ակումբի, եւ մարզադաշտի սեփականատերերը ներդրումների համար համապատասխան նյութական միջոցներ չունեն:
Մարզադաշտի սեփականատեր Գառնիկ Օհանջանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքն այս պահին ներդրումներ կատարել չի կարող եւ այս իրավիճակից դուրս գալու համար իրենց կարող է օգնել ակումբի տնօրինությունը:
«Ես 1996-ին եմ վերանորոգել մարզադաշտը, այդ ժամանակ «Լեռնագործ» ֆուտբոլային ակումբն էր մեզ մոտ խաղում, բայց ես ոչ մի բանի հետ կապ չունեի: Պատերազմից հետո այդ ստադիոնը քանդված վիճակում էր, մենք մի քանի կապանցիներով հավաքվեցինք եւ միլիոններ ծախսեցինք՝ մարզադաշտը վերանորոգելու համար: Ուզում եմ ասել, որ ներդրումներ անելու համար կապ չունի՝ դու սեփականատեր ես, թե չէ: Հիմա Կապանում հարուստ մարդիկ շատ կան, ինչո՞ւ չեն օգնում ու վերանորոգում մարզադաշտը»,- ասաց նա:
Գառնիկ Օհանջանյանը «Գանձասար» մարզադաշտի սեփականատեր է դարձել 2004-ին: Այդ թվականից սկսած Մաքսիմ Հակոբյանին պատկանող ֆուտբոլային ակումբը տնային խաղերն անցկացնում է հենց այս մարզադաշտում՝ վարձակալելով այն 1 մլն 700 հազար դրամով:
«Մի անգամ ես ներդրում արել եմ, բայց ոչ մի կոպեկի օգուտ չեմ տեսել, հիմա էլ ստիպում են 500 մլն դրամի ներդրում անել, ի՞նչ եմ ստանալու. ոչ մի բան: Ակումբի տված փողն էլ նույնիսկ խոտածածկի համար չի բավականացնում: Իսկ ակումբն էլ ասում է, թե մենք սեփականատեր չենք, ներդրումներ չենք անի, ու դրանից սկսվում է մեր կոնֆլիկտը, իսկ իրենք այդ միջոցներն ունեն»,- նշեց նա:
Ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն էլ իր հերթին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք նույնպես ֆինանսական միջոցներ չունեն. «Մի քանի ամիս դեռ թույլ են տվել, որ մեր տնային խաղերն անցկացնենք Կապանում, հետո պարզ կլինի, թե ինչ կանենք: Ամեն դեպքում գիտենք, որ ոչ մենք, ոչ էլ ստադիոնի սեփականատերը միջոցներ չունի: Փորձում ենք մարդկանց գտնել, որ ներդրումներ կանեն»:
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:
Աիդա Հովհաննիսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.