13:55 24 հուլիսի, 2014«Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում շարունակվում է հուլիսի 21-ին մեկնարկած նետաձգության Եվրոպայի առաջնությունը: Մրցումների չորրորդ օրն է:
Պայքարում մնացած Հայաստանի հավաքականի միակ նետաձիգ Գոհար Շահնազարյանը 1/24-ում ուժերը չափեց իսպանուհի Ալիսյա Մարինի հետ: Հայ մարզուհուն չհաջողվեց առավելության հասնել մրցակցուհու նկատմամբ. նա պարտվեց 0:6 հաշվով:
Գոհար Շահնազարյանը շարունակեց պայքարը 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Հայ մարզուհին պարտվեց, այս անգամ Շվեյցարիան ներկայացնող Կիանա Դայնեկոյին՝ 2:6, սակայն այս հաշիվը թույլ տվեց հայ մարզուհուն ուղեգիր նվաճել:
Օլիմպիական աղեղներով տղամարդկանց մրցումների եզրափակիչում կհանդիպեն գերմանացի Կահլուդ Ֆլորիանը եւ բելառուս Անտոն Պրիլեպովը, բրոնզե մեդալի համար կպայքարեն իտալացի Մաուրո Նեսպոլին եւ ֆրանսիացի Պյեր Պիլոնը: Կանանց պայքարում ոսկե մեդալը կվիճարկեն լեհ Նատալյա Լեստնյակն ու ռուս Տատյանա Սեգինան, իսկ բրոնզե մեդալը՝ իսպանուհի Ալիսիա Մարինը եւ ռուս Ինա Ստեպնովան:
Ոչ օլիմպիական աղեղներով տղամարդկանց եզրափակիչում կհանդիպեն հոլանդացի Պետեր Էլզինգան եւ Սերխիո Պագնին, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն Սեբաստիան Պեյնեուն եւ Դունկան Բուսբին: Կանանց մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Ռուսաստանը ներկայացնող Սվետլանա Չերկաշնեւան եւ իտալացի Լաուրա Լոնգոն, բրոնզը կվիճարկեն դանիացի Սարա Հոլսթ Սոնիչսենը եւ գերմանացի Ջանին Մեյնսները:
Անհատական առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին:
Շուշանիկ Հակոբյան
Ֆոտո՝ NEWS.am Sport










The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.