20:33 21 հուլիսի, 2014Փոթորիկը խանգարել է Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում մեկնարկած նետաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքին: Երբ հաղորդավարները բեմ հրավիրեցին նետաձգության եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաների նախագահներին, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին՝ Հայաստանում նետաձգության Եվրոպայի առաջնությունը բացված հայտարարելու եւ դրոշները բարձրացնելու համար, Էջմիածին քաղաքում մեծ փոթորիկ բարձրացավ, «Արա եւ Այծեմնիկ» ակումբն ամբողջությամբ պատվեց հողով, մասնակից մարզիկները վազեցին մրցադաշտ՝ փակելու տեղադրված հովանոցները, որ քամին չտանի: Իսկ բեմահարթակում պաշտոնյաները շարունակում էին օթյակում նստած նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված խոսք ասել, թեեւ ոչ մեկի ձայնը փոթորիկի պատճառով չէր լսվում:




Բացման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո մասնակից երկրների պատվիրակությունների եւ ՀՀ ղեկավարության համար համերգային ծրագիր սկսվեց: Հուլիսի 22-ից 372 մարզիկ 39 երկրից կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար, եթե իհարկե, եղականը բարեհաճ լինի:
Բացման արարողությանը մասնակցեցին նաեւ Ադրբեջանի պատվիրակության վեց մարզիկներն ու երկու մարզիչները: Նրանց մոտենալու եւ հարց տալն արգելված է: Նախապես հայտարարվել էր, որ ադրբեջանցի մարզիկները լրատվամիջոցների հետ կապ չեն ունենալու: Հայաստանը ստանձնել է ադրբեջանցի մարզիկների եւ մարզիչների անվտանգությունը: Ադրբեջանցի մարզիկների գտնվելու, մրցաշարին օրերին ապրելու վայրը նույնպես գաղտնի է պահվում: Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պետրոս Ամիրյանը հայտնել էր, թե ադրբեջանցի մարզիկները հյուրընկալվելու են նույն հյուրանոցներում, որտեղ մյուս բոլոր երկրների ներկայացուցիչները կլինեն: Սակայն ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը ապահովող աշխատակիցներից մեկը NEWS.am Sport-ի թղթակցին ասաց, որ մարզիկները հյուրանոցներում չեն հանգրվանել, ապրում են այլ վայրում, որը գաղտնի է պահվում:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 27-ին:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.