Գերմանիան՝ ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոն (ֆոտոշարք)

01:36   14 հուլիսի, 2014

Գերմանացիները պատմության մեջ չորրորդ անգամ հռչակվեցին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն՝ դառնալով Հարավային Ամերիկայում անցկացված աշխարհի առաջնությունում հաղթած առաջին եվրոպական հավաքականը:

Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում գերմանացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով առավելության հասան Արգենտինայի հավաքականի նկատմամբ:

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Թիմերը բավական ակտիվ սկսեցին հանդիպումը եւ սկզբնամասում անցկացնում էին գրոհներ: Առաջին խաղակեսն անցնում էր հավասար պայքարում, թեեւ գերմանացիներն ունեին տարածքային առավելություն: Խաղի առաջին ամենաիրական գոլային պահը 20-րդ րոպեին ունեցավ իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով գերմանացի պաշտպանների սխալի արդյունքում մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ, սակայն շեղ հարվածեց: Այդ դրվագից քիչ անց Իգուաինը գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը, բայց արգենտինացու մոտ արձանագրվեց խաղից դուրս վիճակ: Գերմանացիները մեկնարկային 45 րոպեներին ունեցան մեկ գոլային պահ, բայց խաղակեսի վերջնամասում «Շալկեի» պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին հարավամերիկացիները, ովքեր սկզբնամասում կորցրին եւս մեկ 100 տոկոսանոց գոլային պահ: Հարմար դիրքում հայտնվել էր Լիոնել Մեսին, ում հարվածը շեղ ստացվեց: Արգենտինացիները ոչնչով չէին զիջում խաղի ֆավորիտ համարվող գերմանացիներին, որոնց գնդակի վերահսկումն արդյունավետ չէր ստացվում: Ժամանակն անցնում էր, իսկ վտանգավոր պահերը գրեթե բացակայում էին: Գերմանիայի թիմն ակտիվացավ վերջնամասում, երբ ստեղծեց 2 գոլային պահ, բայց Բենեդիկտ Հյովեդեսը չկարողացավ արագ կողմնորոշվել արգենտինացիների դարպասի մոտ, իսկ Տոնի Կրոսի հարվածը շեղ ստացվեց:

0:0 եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ թիմերի խաղում նկատվում էր զգուշություն, բայց արգենտինացիներն ունեցան եւս մեկ 100 տոկոսանոց գոլային պահ: Այս անգամ մի քանի մետրից դարպասը չկարողացավ գրավել փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Պալասիոն, ինչից հետո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը: Փոխարինման դուրս եկած Մարիո Գյոտցեն 113-րդ րոպեին բացեց հաշիվը՝ խփելով գերմանացիների հաղթական գոլը: Վերջնամասն անցավ լարված պայքարում, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Գերմանիան աշխարհի չեմպիոն դարձել էր նաեւ 1954-ին, 1974-ին եւ 1990-ին: Արգենտինացիները նման հաջողության հասել են 2 անգամ՝ 1978-ին ու 1986-ին:

ԱԱ-2014, եզրափակիչ

Գերմանիա – Արգենտինա՝ 1:0

Մարիո Գյոտցե, 113

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Կրիստոֆ Կրամեր (Անդրե Շյուրլե, 31), Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ (Պեր Մերտեզակեր, 120), Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե (Մարիո Գյոտցե, 88):

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Էնցո Պերես (Ֆերնանդո Գագո, 86), Էզեկյել Լավեսի (Սերխիո Ագուերո, 46), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին (Ռոդրիգո Պալասիո, 76):

 

 

 




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։