ԱԱ-2014. Բրազիլիան դարձյալ պարտվեց խոշոր հաշվով եւ մնաց առանց մեդալի

01:53   13 հուլիսի, 2014

Բրազիլիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը բաժին հասավ Հոլանդիայի հավաքականին, որը երրորդ տեղի համար խաղում 3:0 հաշվով առավելության հասավ բրազիլացիների նկատմամբ: Բրազիլիա քաղաքում կայացած խաղում հոլանդացիներից առաջին խաղակեսի սկզբնամասում աչքի ընկան Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դելայ Բլինդը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին, ով անվրեպ է իրացրել 11 մետրանոցը, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց ՊՍՎ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը:

Եվրոպացիները կորուստ ունեցան խաղից առաջ, երբ նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ  Ստամբուլի «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սենյդերը, ով չկարողացավ մասնակցել խաղին: Այնուամենայնիվ, հանդիպման մեկնարկը հաջող էր հոլանդացիների համար, քանի որ արդեն երկրորդ րոպեին բրազիլացիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան սեփական տուգանայինում վայր գցեց արագություն հավաքած Արյեն Ռոբենին, իսկ Ռոբին վան Պերսին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ խփելով իր չորրորդ գոլն ԱԱ-2014-ում: Բաց թողած գոլից հետո Բրազիլիայի թիմը գրոհում էր հաճախ, բայց ոչ այնքան վտանգավոր: 17-րդ րոպեին բրազիլացիները սեփական տուգանայինում առանց հսկողության էին թողել Դելայ Բլինդին, ով կրկնապատկեց հոլանդացիների առավելությունը: Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին ստացվում դաշտի տերերի կատարմամբ ստանդարտ դիրքերը:

Ընդմիջումից հետո Բրազիլիայի թիմն ավելի վտանգավոր էր գրոհում, սակայն 5 պաշտպաններով խաղացող հոլանդացիների պաշտպանությունը ճեղքելը չափազանց բարդ էր: Լուի վան Գալի թիմը հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին, բայց բավական լավ էր գործում պաշտպանությունում: Բրազիլացիների խաղն առջեւի գծում չուժեղացրին նաեւ փոխարինումները, թեեւ խաղի վերջնամասն անցավ հոլանդացիների դարպասի մոտ: Հակագրոհներից մեկի արդյունքում Ժորժինյո Վեյնալդումը երրորդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին:

Հոլանդիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հատկանշական է, որ Հոլանդիան դարձավ առաջին հավաքականը, որի կազմում հայտավորված բոլոր՝ 23 ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան ԱԱ-2014-ում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Բրազիլիան 1:7 հաշվով պարտվել էր գերմանացիներին, իսկ Հոլանդիան հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Արգենտինային: Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: 

ԱԱ-2014, երրորդ տեղի խաղ

Բրազիլիա – Հոլանդիա՝ 0:3

Ռոբին վան Պերսի, 3, Դելայ Բլինդ, 17, Ժորժինյո Վեյնալդում, 90+1

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Տիագո Սիլվա, Դավիդ Լուիս, Մաքսվել, Լուիս Գուստավո (Ֆերնանդինյո, 46), Պաուլինյո (Հերնանես, 57), Օսկար, Վիլիան, Ռամիրես (Հալկ, 73), Ժո:

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն (Միշել Վորմ, 90+3), Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ (Դարիլ Յանմատ, 70), Յորդի Կլասի, Ժորժինյո Վեյնալդում, Դիրկ Կայտ, Ջոնաթան դե Գուզման, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.