18:28 11 հուլիսի, 2014Վերջապես ազատվեցի բոլոր այն խոսակցություններից, թե ես ամուսնացել եմ չեչենի հետ: Դրանք սուտ խոսակցություններ էին եւ ինձ շատ վիրավորեցին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սյուզի Կենտիկյանը նոկաուտով հաղթեց IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմին: Մի քանի օր հետո Սյուզի Կենտիկյանը կժամանի Հայաստան: Նա ցանկանում է հանգիստն անցկացնել հայրենիքում:
Սյուզի, հանգիստդ մի՞շտ ես անցկացնում հայրենիքում:
Փորձում եմ ամեն տարի գալ Հայաստան: Շատ եմ կարոտում Հայաստանը, իմ ընտանիքին, տունը: Չնայած կարճ ժամանակով եմ գալիս, քանի որ շուտով պարզ կդառնա հաջորդ մրցակցիս անունը, բայց որոշել եմ անպայման գալ: Այդտեղ ես ինձ լավ եմ զգում:

Ինչպե՞ս կգնահատես հաղթանակդ չեմպիոնական գոտու համար մենամարտում: Դու մեծ առավելություն ունեիր կորեացի բռնցքամարտիկի նկատմամբ:
Դա շատ բարդ մենամարտ էր, շատ բարդ տրված հաղթանակ: Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ես մեծ աշխատանքի արդյունքում պաշտպանեցի աշխարհի չեմպիոնի գոտին: Կորեացին 9 ռաունդ դիմադրեց, նա շատ ուժեղ էր, ու շատ պինդ գլուխ ուներ (ծիծաղում է): Ես դա հասկացա առաջին ռաունդներից, որովհետեւ արդեն ձեռքերս ցավում էին նրան հարվածելուց:
Ամբողջ մենամարտի ժամանակ մտածում էի` այսքան հարվածում եմ, լավ, տեսնես գլուխը չի ցավում: Եթե իմ ձեռքերը ցավում են, ինչպես կարող է կորեացու գլուխը չցավա: Ես դիտել էի նրա մենամարտերից մեկը, որտեղ նա 10 ռաունդ միայն հարձակվում էր եւ գազանի պես հարվածներ հասցնում: Մարզիչիս հետ այնպես պատրաստվեցինք, որ նրան պետք է թույլ տամ սկզբից հարձակվի հետո նոկաուտի ենթարկեմ: Առաջին մի քանի ռաունդում փորձեցի նրան թույլ տալ հարձակվել, հետո արդեն ես մենամարտը վերցրեցի ձեռքս:
Չէի սպասում, որ 9-րդ ռաունդում կորեացու մարզիչը սրբիչը կնետի, քանի որ արդեն համակերպվել էի նրա «պինդ գլխի» հետ: Մտածում էի, որ մինչեւ վերջին ռաունդը այդպես այնքան կհարվածեմ գլխին, որ այլեւս չի դիմանա: Բայց նա չէր հանձնվում, ես էլ չէի կարող հանձնվել:
Դա բարդ մենամարտ էր, բարդ տրված հաղթանակ, այժմ ցանկանում եմ լիարժեք հանգստանալ, քանի որ շուտով կրկին ռինգ եմ դուրս գալու:

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը միշտ նշում է, որ պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոնի գոտին պաշտպանելն ավելի բարդ է, քան նվաճելը: Համամի՞տ ես:
Համամիտ եմ, որ դժվար է պաշտպանելը, բայց ձեռք բերելն էլ է շատ բարդ: Պրոֆեսիոնալ ռինգում ոչ ոք քեզ աշխարհի չեմպիոնի գոտին նվեր չի տալիս: Դրա համար պետք է պայքարել, իսկ ռինգում հաղթում է ամենաուժեղը: Պետք է կարողանաս մրցակցիդ ապացուցել, որ դու ամենաուժեղն ես:

Հայաստանում միայն հանգստանալո՞ւ ես, թե՞ ծրագրեր ունես. գուցե որոշել ես այստեղ ամուսնանալ:
Ոչ (ծիծաղում է): Վերջապես ազատվեցի բոլոր այն խոսակցություններից, թե ես ամուսնացել եմ չեչենի հետ: Դրանք սուտ խոսակցություններ էին եւ ինձ շատ վիրավորեցին: Ես ամուսնության մասին կմտածեմ 30 տարեկանում: Կարծում եմ՝ դա կնոջ համար լավագույն տարիքն է ընտանիք կազմելու, երեխա ունենալու համար: Ցանկանում եմ ընտանիք ու երեխաներ ունենալ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.