Ռոմարիո. Սա մեր Խայտառակության Գավաթն էր

21:21   10 հուլիսի, 2014

Ես համաձայն չեմ, որ ամեն ինչի մեղավորը ֆուտբոլիստներն են եւ Սկոլարին. ժամանակն է ասել ճշմարտությունը, բաց նամակում նշել է Բրազիլիայի հավաքականի կազմում 1994թ. աշխարհի չեմպիոն եւ լավագույն ֆուտբոլիստ, Բրազիլիայի խորհրդարանի պատգամավոր, Բրազիլիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ռոմարիոն՝ ներկայացնելով բրազիլական ֆուտբոլի ճգնաժամի պատճառները, փոխանցում է 101greatgoals-ը:

«Բացահայտ է դառնում, որ մեր ֆուտբոլն արդեն երկար տարիներ դեգրադացվում է: Մեր ամենասիրած մարզաձեւը խորագույն ճգնաժամի մեջ է, եւ գլխավոր մեղավորները ֆուտբոլի ֆեդերացիայի կոռուպցիոներներն ու ավազակներն են: Չորս տարի է ես խոսում եմ ֆեդերացիայի խնդիրների մասին, բայց ոչ ոք չի լսում: Ամբողջությամբ կոռումպացված այդ կառույցը վատնում է մեր ժառանգությունը, մեր գույները, մեր խաղացողներին: Պետք է հասկանալ, որ ֆուտբոլը բիզնես է, որը հսկայական գումար է բերում: Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը երբեք ինձ չի աջակցել: Ես մի քանի անգամ նրան խնդրել եմ միջամտել, բայց ապարդյուն:

Բրազիլական ֆուտբոլում կոռուպցիան սկսվում է ակումբներից: Նրանք են պատասխանատու խարդախ կառավարման, երիտասարդական ֆուտբոլում ներդրումներ չանելու, հարկերից խուսափելու, պարտքերի, մշտական սնանկությունների համար: Այդ ամենը ոչնչացնում է մեր ֆուտբոլը:

Մեզ նվաստացրին, եւ մենք չեն խաղա «Մարականայում», որի նորոգման համար մեկ միլիարդ դոլար ենք ծախսել: Ֆեդերացիայի ղեկավարը հավաքականի հանդերձարանից վռնդում է աշխարհի չեմպիոն թիմի ավագ Կաֆուին: Դա սովորական երեւույթ է մեր այսօրվա ֆուտբոլում: Եզրափակիչից հետո նախագահը գավաթը կհանձնի այլ թիմի, իսկ մենք կմնանք մեր պարտքերի եւ կոռուպցիայի հետ: Սա մեր Խայտառակության Գավաթն էր»,- բաց նամակում գրել է Ռոմարիոն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 1:7 հաշվով պարտվեց Գերմանիային եւ բրոնզե մեդալների համար կմրցի հոլանդացիների հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.