ԱԱ-2014. Հոլանդական 5 գոլ Իսպանիայի հավաքականի համար

00:51   14 հունիսի, 2014

Իսպանիայի հավաքականը սենսացիոն պարտությամբ մեկնարկեց Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում: B խմբի առաջին խաղում աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնը 1:5 հաշվով պարտվեց Հոլանդիայի հավաքականին, որը տարավ կամային հաղթանակ:

Թիմերը բավական հանգիստ սկսեցին խաղը: Արդեն 7-րդ րոպեին Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող էր բացել հաշիվը, սակայն նա մեն-մենակ դուրս եկավ Իկեր Կասիլյասի դեմ՝ հարվածելով դարպասապահի վրա: Քիչ անց հարվածային դիրքում հայտնվեց նաեւ Իսպանիայի հավաքականի բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան, ում սուլում էին տրիբունաները: Կոստայից հետո գոլային պահ կորցրեց նաեւ իսպանացի Դավիդ Սիլվան, իսկ 27-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն 11 մետրանոց հարվածով առաջ մղեց իսպանացիներին: Առաջին խաղակեսում Վիսենտե Դել Բոսկեի թիմն ուներ տարածքային առավելություն, իսկ վերջնամասում կորցրեց եւս մեկ իրական գոլային պահ: Դավիդ Սիլվայի վրիպումից հետո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին գլխի արտակարգ հարվածով խփեց հոլանդացիների պատասխան գոլը:

Ընդմիջումից հետո Հոլանդիայի հավաքականը կերպարանափոխվեց եւ, խփելով 4 գոլ, տարավ վստահ հաղթանակ: 53-րդ րոպեին Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն առաջ մղեց հոլանդացիներին: Այդ գոլից հետո Լուի վան Գալի թիմը մրցակցին զրկել էր գնդակից, իսկ 65-րդ րոպեին «Ֆեյենորդի» պաշտպան Ստեֆան դե Ֆրայը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում կրկնապատկեց հոլանդացիների առավելությունը: Իսպանիայի թիմը դեռ ուշքի չէր եկել տեղի ունեցածից, իսկ «թռչող» հոլանդացիները շարունակում էին գրոհել: 72-րդ րոպեին Իկեր Կասիլյասի կոպիտ սխալի արդյունքում դուբլի հեղինակ դարձավ Վան Պերսին, ում օրինակին 8 րոպե անց հետեւեց նաեւ Ռոբենը: Խաղի վերջնամասում իսպանացիները մեծ դժվարությամբ էին անառիկ պահում դարպասը եւ կարողացան խուսափել ավելի խոշոր հաշվով պարտությունից:

Այս կերպ Հոլանդիայի հավաքականն իսպանացիների նկատմամբ ռեւանշի հասավ նախորդ աշխարհի առաջնության եզրափակիչում կրած պարտության համար: B խմբում ընդգրկված են նաեւ Չիլիի եւ Ավստրալիայի հավաքականները:

ԱԱ-2014, B խումբ, առաջին տուր

Իսպանիա – Հոլանդիա՝ 1:5

Խաբի Ալոնսո, 27 (11մ.) – Ռոբին վան Պերսի, 45, 72, Արյեն Ռոբեն, 53, 80, Ստեֆան դե Ֆրայ, 65

Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Սեզար Ասպիլիկուետա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Խաբի Ալոնսո (Պեդրո, 63), Չավի, Դավիդ Սիլվա (Սեսկ Ֆաբրեգաս, 78), Անդրես Ինյեստա, Դիեգո Կոստա (Ֆերնանդո Տորես, 63):

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Դարիլ Յամատ, Ստեֆան դե Ֆրայ (Ջոել Վելտման, 77), Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ, Նայջել դե Յոնգ, Ուեսլի Սենյդեր, Ջոնաթան Դե Գուզմա (Ժորժինյո Վեյնալդում 62), Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի (Ջերմեյն Լենս, 79):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։