Աթեիստ Ուգո Չավեսը երկնքում է, նրա հայրենակից Պաստորը՝ Ֆորմուլա 1-ի գագաթին

05:41   14 մայիսի, 2012

Կատալոնական մրցուղին օրինաչափության մրցուղի է՝ այստեղ հաղթում է նա, ով մեկնարկում է առաջին տեղից: 2001-2010 թվականներին այստեղ հաղթել է հենց առաջին տեղից մեկնարկողը: Կազուսն այն է, որ նա, ով այս կիրակի մեկնարկեց առաջին տեղից, որակավորման մրցումների հաղթողը չէր: «Վիլյամսի» մրցարշավորդ, վենեսուելացի Պաստոր Մալդոնադոն Իսպանիայի Մեծ մրցանակի որակավորման մրցումներում երկրորդն էր, սակայն նրա օգնեց «Մաքլարենի» «մանկական» սխալը: Լյուիս Հեմիլթոնը չէր պահպանել խաղի կանոնները որակավորման երրորդ փուլի վերջին շրջանը «գրոհելիս»: Ցույց տալով լավագույն արդյունքը նրա բոլիդը կանգ առավ հենց մրցուղում՝ ստյուարդները ստուգեցին մեքենան. այնտեղ մեկ լիտրից էլ պակաս բենզին էր մնացել, ինչն արգելվում է Ավտոսպորտի Միջազգային ֆեդերացիայի սահմանած կանոնակարգով: Եզրագիծը հատելիս եւ պիտ-կանգառ վերադառնալիս բոլոր բոլիդներում պարտադիր պետք է մնա առնվազն մեկ լիտր բենզին: Արդյունքում Հեմիլթոնի ցուցանիշը «ջրվեց» եւ նա կիրակի օրը մեկնարկեց վերջին տեղից:

Կիրակի օրվա խաղարկության հենց մեկնարկում Պաստորն առաջին տեղը զիջեց տրիբունաների «Աստծուն»՝ Ֆերնանդո Ալոնսոյին, որը սակայն այդպես էլ չկարողացավ իր համար հարմար հեռավորություն «դասավորել»: Պաստորը շրջան առ շրջան պահպանում էր հեռավորությունը, սակայն թիկունքում զգում էր «Լոտուսցի» Կիմի Ռայկոնենի սառը շունչը: Ընդհանուր առմամբ Կատալոնիայի մրցուղին համարվում է ամենաձանձրալին, քանի որ այստեղ սովորաբար ուժեղ պայքար չի ստացվում, այս անգամ միայն Լյուիս Համիլտոնի «թռիչքն» ամեն ինչ արժե: Նրան որոշ առումներով «օգնում» են Միխայել Շումախերն ու Բրունո Սենան, որոնք իրենց համար ավելի նպաստավոր դիրքում բախվում են ու ավարտում պայքարը: Այս բախումը «Մերսեդեսցի» Շումախերին կարժենա 5 տեղի կորուստ մայիսի 27-ի Մոնակոյի Մեծ մրցանակի խաղարկությանը՝ ստյուարդները գտան, որ ինքը մեղավոր է այս բախման մեջ:

Ընդհանրապես Միխայել Շումախերն այս տարվա ամենաանհասկանալի մրցարշավորդն է: Նրա բոլիդը լավագույններից է, սակայն ամեն ավտոարշավին կամ տասնյակից դուրս է կամ ընդհանրապես եզրագծի երեսը չի տեսնում: Ինքը հիմնականում մեղադրում է Pirelli-ին «անհասկանալի անվադողերի» համար: Pirelli-ի ղեկավարությունը Շումախերին զգուշացնում է՝ ավելի լավ է հետեւեք ձեր եւ մյուսների արդյունքներին: Ըստ իս Pirelli-ին իսկական ներկայացում «ցուցադրեց» Ֆորմուլա 1-ի սիրահարների համար: Այն բոլիդներին սովորեցնում է բնավորություն ցուցադրել: Ինքը Մալդոնադոն, օրերս հայտարարել էր, որ «բոլոր բոլիդներն էլ այս կամ այն չափով այսօր կառուցվում են անվադողերի «շուրջ»»: «Մաքլարենցի» Լյուիս Հեմիլթոնը անվադողերի հետ «հարաբերության» շնորհիվ եզրագիծը հատեց 8-րդը վաստակելով 3 թանկարժեք միավոր: Կիմի Ռայկոնենը եւ նրա թիմակից Ռոմեն Գրոժանը 3-րդը եւ 4-րդը հատեղին եզրագիծը՝ միմյանց հերթ չտվող լավագույն շրջանների «կատարումով»: Ալոնսոն մի կերպ գլուխը պրծացրեց Ռայկոնենից, որը 3-րդ պիտ կանգառից հետո 20 վարկյան հետ էր մնում «Ֆերրարիի» մրցարշավորդից, սակայն հետագա 18 շրջանը նա անցավ «մեկ շնչում»: Նրան միայն մեկ շրջան չբավարարեց Ալոնսոյին 2-րդ տեղից «գահընկեց» անելու համար՝ 66-րդ շրջանը վերջինն էր եւ եզրագծին նրանց բաժանում էր ընդամենը 0,6 վայրկյան: Ալոնսոն սպառել էր իր Hard անվադողերի հետ աշխատանքը, Ռայկոնենը՝ ոչ: Բացի գլխավոր ինտրիգից՝ Պաստոր Մալդոնադոյի հաղթանակից, մյուս ինտրիգն այն է, որ բոլոր 5 մրցուղիների հաղթողները 5 տարբեր թիմերի մրցարշավորդներ են:

Առջեւում Ֆորմուլա 1-ի ամենագլամուրային Մեծ մրցանակն է՝ Մոնակոն: Այստեղ մրցուղին այնքան նեղ է, որ հաղթելու համար բավական է պարզապես դիրքերը չզիջել, իսկ արագությունն այնքան էլ կապ չունի, քանի որ Մոնակոն շրջադարձերի եւ կարճ ուղիղ հատվածների մրցուղի է, այստեղ արագություն բացելն իմաստ չունի: Այստեղ նույնպես ավանդաբար հաղթում է որակավորման մրցումների հաղթողը:

Մհեր Արշակյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։