Ռալֆ Յիրիկյան. Հայաստանում բասկետբոլի զարգացման ձգտում ու ցանկություն չեմ տեսնում

13:02   5 հունիսի, 2014

Ես չեմ տեսնում ձգտում բասկետբոլի զարգացման համար: Ցանկությունը չեմ տեսնում Հայաստանում այս մարզաձեւի զարգացման համար: Նախաձեռնություններ չկան, այդ պատճառով ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի աջակցում հայկական բասկետբոլին:

Այս մասին այսօր հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Աշխարհահռչակ բասկետբոլիստ, Օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսը այս օրերին Հայաստանում է՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Մեդիամաքս» ընկերության նախաձեռնած «Մեծ Չեմպիոններ» ծրագրի շրջանակներում:

«Այն տարիների ընթացքում, ինչ ՎիվաՍելն աշխատում է հայաստանյան շուկայում, մշտապես աջակցել է սպորտին, սպորտային յուրաքանչյուր նախաձեռնությանը, աջակցել ենք առանձին մարզաձեւերին, այնպես ինչպես այժմ աջակցում ենք հայկական ֆուտբոլին: Այս ծրագիրը՝ «Մեծ չեմպիոններ», մեզ հետաքրքրեց այնքանով, որ կարող է ոգեշնչման լավ աղբյուր լինել հայ մանուկների եւ պատանիների համար, որոնք ցանկանում են նվաճել սպորտային բարձունքներ: Հուսամ, շփումը համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկների հետ մեծ դեր կունենա երեխաներից շատերի կյանքում: Հայաստանում բասկետբոլը զարգացում չունի, քանի որ այդ մարզաձեւի զարգացման համար ջատագովներ չեմ տեսնում: Մեր ընկերությունը չի աջակցում հայկական բասկետբոլին այն պատճառով, որ այս մարզաձեւը զարգացնելու համար ձգտողներ չկան, նախաձեռնություններ չկան: Մենք աջակցեցին «Հատիս» բասկետբոլի կանանց թիմին, եղան հաջողություններ, բայց այդքանով նախաձեռնությունները սահմանափակվեցին: Մենք աջակցում ենք հայկական ֆուտբոլին, քանի որ տեսնում ենք, որ մարդիկ ուզում են զարգացնել ֆուտբոլը, ձգտումը կա, իսկ բասկետբոլում չկան»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.