Սպորտի նախարարն ընդունել է օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին

16:00   4 հունիսի, 2014

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին տիկնոջ հետ:

Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ եւ հիացմունքով է հետեւում լիտվական բասկետբոլի հաջողություններին եւ հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձեւերը եւ որպես խաղային մարզաձեւ բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:

Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող «The other dream team»  ֆիլմի երեւանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:

Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.