Արթուր Աբրահամ. Մինչեւ տիտղոսը վերանվաճելը վատ օրեր էին ինձ համար, սակայն այժմ հոգիս հանգիստ է

13:59   15 մայիսի, 2014

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է դարձել Արթուր Գեւորգյանը: Նա շատ լավ է հասկանում բնռցքամարտը: Բոլորի հետ կապ ունեմ, հույս ունեմ, որ հայկական բռնցքամարտը օրերից մի օր կաճի  ավելին, քան հիմա է: Հայաստանում բռնցքամարտն այդքան էլ վատ վիճակում չէ,  փոքր պետության համար նույնիսկ լավ է, բայց ցանկանում եմ, որ ավելի զարգանա»:

Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարի  սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին Երեւանում է:

«Մինչեւ տարեվերջ ցանկանում եմ երկու անգամ մենամարտել՝ օգոստոսին եւ դեկտեմբերին: Առաջիկայում չգիտեմ, թե ովքեր կլինեն մրցակիցներս, ցանկանում եմ եւս երկու մենամարտ անցկացնել, քանի որ պատրաստ եմ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Այս օրերին սպորտին չեմ հետեւում, քանի որ Հայաստանում եմ եւ ցանկանում եմ լիարժեք հանգստանալ: Մի քանի օրից կմեկնեմ Գերմանիա եւ կվերադառնամ իմ նույն օրակարգին եւ արդեն կհասկանանք, թե ովքեր կարող են լինել իմ հաջորդ մրցակիցները: Տարբեր առաջարկներ կան, ես ինքս ցանկություն եմ հայտնում շատերի հետ մենամարտել, հիմնականում ուզում եմ միշտ մենամարտել աշխարհի չեմպիոնների, նախկին չեմպիոնների հետ: Այս պահին առաջարկներ ունենք ԱՄՆ-ից, չնայած այնտեղից առաջարկներ միշտ ունենում եմ: 91 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնն է այժմ մենամարտելու ԱՄՆ-ում: WBO-ում համար առաջինը Չավեսի տղան է, հնարավոր է նրա հետ մենամարտեմ: Բայց դեռեւս որեւէ հստակ որոշում չկա»,- ասաց Արթուր Աբրահամը: 

Թե ինչու են պակասել նոկաուտով հաղթանակները, Արթուր Աբրահամը մեկնաբանեց. 

«Նախկինում ես հիմնակում շեշտը դնում էի նոկաուտների վրա, բայց քանի որ այժմ մրցակիցներիս մեծ մասը քաշերը բարձրացրել են եւ ավելի երկար են դիմանում հարվածներին, նոկաուտով հաղթանակները քիչ են լինում: Այժմ ավելի շատ եմ գնահատում միավորներով հաղթանակը: Իսկ իրականում երկրպագուներս միշտ ցանկանում են նոկաուտով հաղթանակ տեսնել, բայց հակառակորդը տանձիկ չէ, որ ինչպես ուզեմ, այնպես հարվածեմ»: 

Ինչպես նախապես նշել էր աշխարհի չեմպիոնը, ցանկություն ուներ ներկա գտնվել «Եվրատեսիլ» երգի մրցույթին: 

«Ցանկությունս մեծ էր, բայց չհասցրեցի, քանի որ այդ օրերին արդեն գտնվում էի Հայաստանում: Բայց «Վիտամին» ակումբի տղաներին եւ Հայաստանի մեր ներկայացուցիչին շատ եմ սիրում: Պատահական չէ, որ իմ չեմպիոնական տիտղոսը կրելու հնարավորությունը ես տվեցի Գարիկ Պապոյանին: Նրանք շատ միասնական են եւ կարողացան աշխարհի հայերին միասնական դարձնել այդ օրերին: Իսկ ես եւս սիրում եմ աշխարհի հայերին միասնական տեսնել: Դա իմ կողմից երեւի եւս մեկ քայլ էր դրսի հայերին միասնական տեսնելու համար, հաղթանակը տոնելու: Աշխարհի որ մասում էլ լինենք, պետք է համախմբված լինենք: Միայն ցավում եմ, որ չկարողացա ներկա լինել «Եվրատեսիլին»: Այստեղ Հայաստանում իմ հորեղբոր աղջկա հարսանիքն էր, ես պետք է ներկա լինեի, այդ պատճառով շտապեցի Հայաստան:

Աշխարհի չեմպիոնական տիտղոսը վերանվաճելուց եւ պաշտպանելուց հետո թե որն է ներկայիս առաջնային խնդիրը, աշխարհի չեմպիոնը նկատեց.

«Ես ունեմ մի քանի առաջնային քայլեր, դրանք եւ անձնական քայլեր են եւ գործնական: Այս պահին իմ առաջնային խնդիրը չեմպիոնական տիտղոսը պաշտպանելն է, քանի որ ես շատ ծանր էի տանում, որ երկու տարի գոտի չունեի: Հաճելի օրեր չէին դրանք ինձ համար, վատ օրեր էին: Երբ քո քրտինքով վաստակած գոտին քո մոտ չի, դրանից վատ բան չկա: Դրա համար ինձ համար այս պահին առաջնային խնդիրը գոտիս պաշտպանելն է: 

Շտիգլիցի հետ մենամարտը պարտվելու դեպքում ես իսկապես որոշել էի թողնել բռնցքամարտը: Բայց այժմ ամեն ինչ անցյալում է, հոգիս հանգիստ է: Դա ուղղակի իմ կյանքի ամենավատ շրջանն էր: Գալիս է մի ժամանակ, երբ յուրաքանչյուրն էլ պետք է սպորտին հրաժեշտ տա: Ես էլ պետք է հրաժեշտ տամ սպորտին, քանի որ կյանքիս լավագույն երիտասարդ տարիներն անցնում են: Ես դեռ երկու տարի կամ մի քիչ ավելի կշարունակեմ մենամարտել: Բայց ես էլ մի օր կթողնեմ սպորտը, որպեսզի փոխեմ կյանքս: Ես էլ եմ ցանկանում նորմալ կյանքով ապրել: Իսկ այժմ՝ առավոտյան պարապմունք, կեսօրին պարապմունք, երեկոյան պարապմունք: Ու այդպես կյանքից ոչինչ չես հասկանում: Պետք է գա մի ժամանակ, որ սպորտը թողնես եւ կյանքդ վայելես»։ 

Հայկական բնռցքամարտի, կյանքը փոխելու, ամուսնանալու ծրագրերի մասին էլ ասաց.

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է դարձել Արթուր Գեւորգյանը: Նա շատ լավ է հասկանում բնռցքամարտը: Բոլորի հետ կապ ունեմ, հույս ունեմ, որ հայկական բռնցքամարտը օրերից մի օր կաճի  ավելին, քան հիմա է: Հայաստանում բռնցքամարտն այդքան էլ վատ վիճակում չէ,  փոքր պետության համար նույնիսկ լավ է, բայց ցանկանում եմ, որ ավելի զարգանա։ Ամուսնանալն էլ իմ կյանքում պետք է լինի, ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես էլ եմ ամուսնանալու, երեխաներ ունենալու: Հայաստանո՞ւմ, դժվար...»։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան (NEWS.am Sport)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։