15:17 13 մայիսի, 2014Չեմ խառնում սպորտն ու ընտանեկան կյանքը: Որպես մասնագիտություն, որպես աշխատանք, ինձ համար սպորտը միշտ էլ առաջին տեղում է, կարեւոր է, քանի որ դա իմ կյանքն է: Իսկ փոքրիկը լրիվ ուրիշ աշխարհ է: Այժմ ամեն ինչ նրա համար եմ անում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի նախկին չեմպիոն, ծանրամարտի կանանց Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Նազիկ Ավդալյանը:
Նազիկ, ինչպե՞ս ես քեզ զգում ծանրամարտի կանանց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչի կարգավիճակում:
Ինձ համար սա շատ մեծ պատասխանատվություն է: Բայց որպես մարզիչ սպորտում գործունեությունս շարունակելու այս առաջարկը մեծ դժվարությամբ ընդունեցի: Ես ինչպես արդեն նշել էի, ծննդաբերությունից հետո ցանկանում էի շարունակել հանդես գալ սպորտում, մասնակցել 2016թ. Օլիմպիական խաղերին: Բայց չստացվեց: Երկար մտածելուց հետո, համաձայնությունս տվեցի՝ գլխավորելու հավաքականը: Այնպես չէ, որ ես անպատրաստ էի աղջիկների հավաքականը գլխավորել: Պարզապես, հույս ունեի, որ կկարողանամ մարզիկի կարիերաս շարունակել: Բայց կարծես թե չի ստացվում, առողջական խնդիրներս`ողնաշարիս վնասվածքը թույլ չի տալիս:
Անմիջապես ծննդաբերությունից հետո, մեր վերջին հարցազրույցում դու վստահ հայտարարեցիր, որ վերադառնալու ես մեծ սպորտ եւ շարունակելու մարզիկի կարիերադ:
Այո, ես նույնիսկ մինջեւ այս վերջին շրջանը հույս ունեի, որ կկարողանամ շարունակել: Մի քանի փորձեր արեցի, մարզադահլիճ գնացի, ծանրաձող բարձրացրեցի, մարզվեցի, նույնիսկ ստացվում էր: Բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս շարունակել:
Իսկ չե՞ս հիասթափվում, որ վնասվածքդ խոչընդոտ է եւ ստիպված ես ժամանակից շուտ հրաժեշտ տալ ծանրաձողին:
Ոչ անկեղծ ասած: Բնական է, որ հիասթափություն, հուսահատություն կա, որ էլ չեմ կարողանալու շարունակել սպորտը, բայց ես սպորտից չեմ հեռանում եւ կմնամ սպորտում, որպես մարզիչ: Կփորձեմ իմ այս տարիների փորձը փոխանցել երեխաներին: Շատ լուրջ տրամադրված եմ մարզիչի աշխատանքին: Տեսնենք՝ որքանով կհաջողվի:
Արդեն մի քանի ամիս է, դու աշխատում ես պատանի աղջիկների հետ: Դժվա՞ր է մարզիչի աշխատանքը:
Շատ դժվար է: Մարզիկի աշխատանքը շատ ավելի հեշտ է, քանի մարզիչինը: Պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Բացի այդ, քանի որ երեխաների հետ գործ ունենք, աշխատանքն ավելի է բարդանում: Պատանիները դեռեւս ծանրամարտի տեխնիկան են սովորում՝ այնպես, ինչպես դպրոցում երեխան տարրական կրթություն է ստանում: Եվ այստեղ մարզիչի դերը շատ մեծ է, քանի որ երեխաներն անցնում են կարեւոր փուլ:
Աղջիկների պատանեկան հավաքականի մասին ի՞նչ կասես: Ի՞նչ ժառանգություն ես ստացել: Ի՞նչ ներուժ կա:
Պատանիները մեծ պոտենցիալ ունեն: Բնականաբար կան շատերը, որոնց հետ հույսեր ենք կապում: Այս տարի մի քանի աղջիկ ավարտեցին պատանիների հավաքականում հանդես գալը: Նրանք հանդես կգան երիտասարդական հավաքականում: Նրանցից էլ մեծ հույսեր ունեմ, հավատում եմ, որ երիտասարդական հավաքականում, հետագայում արդեն մեծահասակների մեջ մեծ արդյունքներ ցույց կտան: Ոչ ոքի անունը չեմ նշի, թե ումից մեծ ակնկալիքներ ունեմ, հույսեր: Սպորտն այնքան խաբուսիկ է: Երբեմն ումից մեծ հույսեր ես ունենում, նա չի արդարացնում քո հույսերը: Այնպես որ բոլորի հետ էլ հույսեր եմ կապում, յուրաքանչյուրի մեջ գտնում եմ այդ պոտենցիալը:
Շատ աշխատանք կա անելո՞ւ, թե՞ արդեն կա որոշակի հիմք, որի վրա պետք է զարգացնել:
Բնականաբար, շատ աշխատանք կա անելու, բայց զրոյից չենք սկսում: Նրանց մարզիչը, ով նաեւ եղել է իմ անձնական մարզիչը` Արտաշես Ներսիսյանը, լավ հիմք է դրել, նա իսկապես մեծ աշխատանք է արել: Ես կփորձեմ շարունակել նրա դրած հիմքը` իմ գիտելիքներով ավելի զարգացնել եւ կատարելագործել: Ինձ այդ հարցում օգնում են փորձառու մարզիչներ, այդ թվում` Արտաշես Ներսիսյանը, Երվանդ Կիրակոսյանը` իմ երկրորդ մարզիչը:
Ի՞նչ գնահատական կտաս Լեհաստանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր մարզուհիների ելույթներին: Սա քո առաջին խոշոր մրցումն էր հավաքականի ավագ մարզիչի պաշտոնում:
Մենք մեր առջեւ դրված գլխավոր խնդիրը լուծեցինք, դա պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն էր: Աղջիկների մրցելույթներից գոհ եմ, բայց կավելացնեմ, որ նրանք կարող էին ավելի լավ մասնակցել, քանի որ նրանց մարզավիճակն այդ հնարավորությունը տալիս էր: Փորձում ենք ամեն ինչ անել՝ գերազանց մասնակցության համար, բայց սա սպորտ է, եւ սպորտում ամեն ինչ հնարավոր է: Նրանք ավելին կարող էին: Գոհ եմ այնքանով, որ մենք բերեցինք օլիմպիական ուղեգիր:
Սա իմ առաջին պատասխանատու մրցաշարն էր որպես ավագ մարզիչ: Ամենայն լրջությամբ նախապատրաստվել էինք: Բայց ավելի մեծ կարեւորություն ու լրջություն տալիս եմ պատանեկան Օլիմպիական խաղերին: Եվրոպայի առաջնությունը մեզ համար ավելի շատ նախապատրաստական փուլ էր Օլիմպիական խաղերից առաջ: Այժմ ամբողջ ուշադրությունս եւ ուժերս կկենտրոնացնենք պատանիների օլիմպիադայի վրա: Շատ պատասխանատու է, եթե ես հանձն եմ առել գլխավորել աղջիկների հավաքականը, ուրեմն պետք է ամեն ինչ անեմ, որ լավ լինի ամեն ինչ:
Ինչպե՞ս ես համատեղում մարզիչի աշխատանքը եւ երեխայիդ խնամքը: Ո՞վ է քեզ այդ հարցում օգնում, ինչպես ես հաղթահարում շաբաթներ շարունակ փոքրիկիցդ հեռու գտնվելը:
Իրականում շատ դժվար է, նույնիսկ ավելին, քան ես պատկերացնում է: Դժվար է երեխայից հեռու լինել շաբաթներ շարունակ: Ինձ թվում է դրանից ավելի դժվար բան չկա: Մի կերպ փորձում եմ համատեղել: Ինձ հետ ուսումնամարզական հավաքների չեմ կարող տանել, դեռ շատ փոքր է: Այսպես էլ չեմ կարող շարունակել, օրերով, շաբաթներով չեմ կարողանում տղայիցս հեռու մնալ: Ինձ շատ է օգնում սկեսուրս, նրան շատ եմ վստահում, բայց որպես մայր չեմ կարողանում երկար չտեսնել փոքրիկիս:
Որդիդ արդեն 6 ամսական է: Այս ընթացքում ի՞նչ է փոխվել քո կյանքում, ո՞ր տեղում է սպորտն այժմ:
Սպորտն ինձ համար մինչեւ մայրանալը եւ դրանից հետո,այսինքն` հիմա էլ ամենակարեւոր բանն է: Տեղերով չեմ բաշխում, չեմ խառնում սպորտն ու ընտանեկան կյանքը, հատկապես տղայիս: Որպես մասնագիտություն, որպես աշխատանք, ինձ համար սպորտը միշտ էլ առաջին տեղում է, կարեւոր է, քանի որ դա իմ կյանքն է: Իսկ փոքրիկը լրիվ ուրիշ աշխարհ է: Այժմ ինչ անում եմ, ինչով զբաղվում եմ, ամեն ինչ նրա համար եմ անում:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ NEWS.am
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.