Արշակ Հայրապետյան. Եվրոպայի առաջնությունից վերադարձել ենք պատանեկան Օլիմպիական խաղերի երկու ուղեգրով

14:32   10 մայիսի, 2014

Մենք լուծեցինք մեր առջեւ դրված խնդիրները: Տղաները նվաճեցին երկու արծաթե եւ երեք բրոնզե մեդալ, երկու ըմբիշ  էլ գրավեց 5-րդ տեղը:

Ամփոփելով մայիսի 6-7  Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած  ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը:

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը: Արծաթե մեդալակիր են դարձել Վաղինակ Մաթեւոսյանը (54կգ), Արման Մնոյանը (42կգ):

Բրոնզե մեդալներ են նվաճել Սարգիս Հովսեփյանը (76կգ), Գեւորգ Մխեյանը (63կգ), ՆարեկՀովհաննիսյանը (50կգ), իսկ Վրեժ Քարամյանը (58կգ), Վազգեն Թեւանյանը (46կգ) գրավել են 5-րդ տեղը:

Սարգիս Հովսեփյանը, Վաղինակ Մաթեւոսյանը նվաճել են Նանջինգում 2014թ. կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Պարոն Հայրապետյան, ամփոփեք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Գո՞հ եք պատանի ըմբիշների ցույց տված արդյունքներից:

Այո, գոհ եմ: Մենք լուծեցինք մեր առջեւ դրված խնդիրները: Պատանեկան Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր նվաճեցինք: Տղաները նվաճեցին երկու արծաթե եւ երեք բրոնզե մեդալ, երկու ըմբիշ  էլ գրավեց 5-րդ տեղը: 5-րդ տեղը գրավածները մեծ շանսեր ունեին բրոնզե մեդալներ նվաճել:

Մեր մարզիկները հիմնականում պարտվեցին ռուս ըմբիշներին: Որակական տարբերությունը շա՞տ մեծ  էր:

Ռուսաստանը ըմբշամարտի երկրներից մեկն է, այնտեղ այս սպորտաձեւը շատ զարգացած է: Որակական տարբերությունը շատ մեծ չէր, եղել են գոտեմարտեր, որոնք ընթացել են հավասար պայքարում: Օրինակ՝ 58կգ քաշային Վրեժ Քարամյանի գոտեմարտը ռուս մարզիկի հետ հավասար էր ընթանում, սակայն մրցավարների կողմնապահության հետեւանքով հաղթանակը տրվեց ռուս ըմբիշին:

Պատանեկան Օլիմպիական խաղերին նախապատրվելու համար կա՞ հատուկ ծրագիր:

Այս տարվա սկզբից մենք ունեինք մշակված ծագիր  մինչեւ Եվրոպայի առաջնություն, այնուհետեւ՝ մինչեւ Օլիմպիական խաղեր: Կլինեն հավաքներ, տարբեր կարգի  միջազգային մրցաշարեր: Անցած տարվա համեմատ՝ այս տարի մրցաշարերի թիվը շատ է: Եվրոպայի անցած տարվա առաջնությունից առաջ մեր մարզիկները չէին մասնակցել միջազգային մրցաշարի, քանի որ հարմար մրցաշար չկար: Այս տարի մասնակցեցինք մեկ մրցաշարի, եւ դա էլ լրացուցիչ մոտիվացիա տվեց տղաներին:

Մինեւ Օլիմպիական խաղերը կա նաեւ աշխարհի առաջնություն. դա էլ իր հերթին նախապատրաստական փուլ կլինի տղաների համար:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։