Արթուր Աբրահամ. Ներքին Չարբախը դարձնելու եմ մշակութային կենտրոն

18:58   10 մայիսի, 2012

Ես իմ Երեւանը, մասնավորապես իմ ծննդավայրը` Ներքին Չարբախը շատ եմ սիրում, որոշել եմ Ներքին Չարբախը դարձնել մշակութային կենտրոն։ Այդ մասին այսօր` մայիսի 10-ին ԵՊՀ  ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն 32-ամյա Արթուր Աբրահամը:

«Ես ապրում եմ Հայաստանում, աշխատում Գերմանիայում: Երկու տեղն էլ շատ սիրում եմ: Բայց ստիպված եմ Գերմանիան չլքել, քանի որ թե սպորտային, թե բիզնեսի աշխատանքն այնտեղ է: Իմ հայրենիքը Հայաստանն է, իմ ծնողները, պապական տունը այստեղ են եւ չեմ կարող այստեղից էլ երբեք կտրվել: Մասնավորապես շատ եմ սիրում իմ Չարբախը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք սիրում է իր բակի ամեն մի քարը, թուփը: Չես կարող դա չսիրել: Որոշել եմ Ներքին Չարբախը դարձնել մշակութային կենտրոն: Այնտեղ կբացվի մշակութային կենտրոն, որտեղ երեխաները հնարավորություն կունենան սովորել լեզուներ` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն: Կլինի մեծ մարզադահլիճ, որտեղ չարբախցիները կմարզվեն: Իսկ մշակույթի կենտրոնին կից կլինի նաեւ մեծ զբոսայգի` «Հաղթանակ» այգու պես, որպեսզի երեկոները չարբախցիները զբոսնեն, հանգստանան»,- ասաց Արթուր Աբրահամը:

Հայ բռնցքամարտիկը WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն 30-ամյա Ռոբերտ Շտիգլիցի պարտադիր մրցակիցն է: Մենամարտը կկայանա օգոստոսի 25-ին։

«Մի քանի օրից կսկսեմ պատրաստվել այդ մենամարտին: Դեռեւս մրցավայրը պարզ չէ` կամ Բեռլին, կամ Համբուրգ: Իմ հակառակորդը արդեն չորս տարի է WBO վարկածով աշխարհի չեմպիոն է: Դա շատ կարեւոր հանդիպում է լինելու ինձ համար, այդ իսկ պատճառով շուտ պետք է սկսեմ մարզումներս»:

Սիրո՞ւմ է գիրք կարդալ Արթուր Աբրահամը։

«Սիրում եմ կարդալ, բայց ժամանակ չի լինում: Վերջին գիրքը, որ կարդացի, դա մասնագիտական էր` մարզչիս հեղինակած գիրքն էր: Կոչվում է`«Կյանքիս 13 ռաունդները»»: Այն սպորտի, իր սաների եւ նրա մասին է: Շատ բաներ իմացա իմ մարզչի մասին, նույնիսկ այնպիսի բաներ, որ մինչեւ օրս չէի իմացել»,- պատասխանեց հյուրը:

Աբրահամը որոշեց նաեւ ինքը հարց ուղղել, թե ո՞ր ուսումնական առարկան են ուսանողներն ամենաշատը սիրում: Ուսանողները հարցին հարցով պատասխանեցին` իսկ դուք ո՞րը չեք սիրել: Երկար մտածելուց հետո բռնցքամարտիկն ասաց.

«Քիմիան չեմ սիրել, բայց լավ սովորել եմ: Ընդհանրապես, ես շատ լավ եմ սովորել: Դպրոցում գերազանցիկ եմ եղել»:

Թե որն է սպորտի բնագավառում հաջողություններ հասնելու գրավականը, ԵՊՀ ուսանողների հյուրը նշեց.

«Ամենակարեւորը մարդու ներքին զգացողությունն է, հոգեբանական պատրաստականությունը: Դու կարող ես  ֆիզիկապես շատ ուժեղ լինել, բայց հոգեպես ոչ: Իսկ եթե հոգեպես ուժեղ չլինես, չես կարող հաղթել: Հաջողության գրավականը աշխատասիրությունն է: Հաջողության համար պետք է լինես չընկճվող, կարգապահ, դժվարություններ հաղթահարող»:

Բռնցքամարտիկ չդառնալու դեպքում Աբրահամն ամենայն հավանականությամն սպորտում չէր լինի. «Մինչեւ բռնցքամարտով զբաղվելը, եղել եմ հեծանվորդ: Զբաղվել եմ հեծանվասպորտով Կրկեսի հարեւանությամբ հեծանվադպրոցում: Եղել եմ հեծանվասպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն: Բայց չեմ կարծում, որ կշարունակեի այդ մարզաձեով կարիերաս: Եթե բռնցքամարտով չզբաղվեի, գուցե սպորտում չլինեի կամ էլ ֆուտբոլիստ կդառնայի»:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ով կամ ինչն է ոգեշնչում աշխարհի նախկին չեմպիոնին, Ա. Աբրահամը պատասխանեց.

«Ինձ ոգեշնչում է իմ մարզիչը: Կան շատ մարզիկներ, որոնց հետ հոգեբաններ են աշխատում, փորձում են հոգեբանության վրա ազդել: Ինձ շատ անգամ են առաջարկել հոգեբանի ծառայություն, որ նա կարողանա ինձ ոգեշնչել, բայց ես հրաժարվել եմ: Ինձ թվում է` դրա կարիքը չկա: Ամենակարեւորն այն է, որ ինձ ոգեշնչողը ես ինքս եմ: Իրականում սնահավատ չեմ, բայց ունեմ թալիսման, որը եւս ինձ ոգեշնչող առարկաներից է: Ունեմ մի խաչ, որն ինձ նվիրել է մեր կաթողիկոսը: Այն միշտ ինձ մոտ է մենամարտերի ժամանակ: Երբեմն մենամարտերի ժամանակ կրում եմ, իսկ եթե ոչ՝ այն պարտադիր իմ մարզիչի գրպանում է: Իսկ իրականում իմ հաջողությունների համար շնորհակալ եմ առաջին հերթին իմ ծնողներին` ինձ լույս աշխարհ բերելու համար: Շնորհակալ եմ նաեւ իմ առաջին մենեջերին եւ ամբողջ իմ մարզչական թիմին: Նրանք բոլորը միասին մոտ 20 հոգի են։ Երիտասարդ տարիներին բռնցքամարտում իմ կուռք ինձ համարել եմ Մայք Թայսոնին: Իսկ հիմա կուռք չունեմ»:

ԵՊՀ ուսանողուհիները չշրջանցեցին նաեւ բռնցքամարտում աղջիկների մասին հարցը:

«Դեմ չեմ որ աղջիկները զբաղվում են բռնցքամարտով: Բայց այդքան էլ գեղեցիկ չէ: Աղջիկների համար ավելի գեղեցիկ մարզաձեւեր կան, օրինակ՝ թենիս: Պատկերացրեք՝ տղամարդը կին ունի եւ ամեն օր նրա կինը աշխատանքից տուն է գալիս աչքի տակ կապտած»,-ասաց Արթուր Աբրահամը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.