20:38 8 մայիսի, 2012Ապրիլի 19-ին կայացած Մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչների համագումարում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Գայանե Ներսիսյանը: Նրա որոշմամբ եւ նախաձեռնությամբ էլ մայիսի 2-4-ը Երեւանի գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցում կազմակերպվեց Հայաստանի թիմային եւ անհատական առաջնությունը:
Մրցաշարին չէր ներկայացել Կապանի թիմը, Գյումրու թիմից ներկայացել էր միայն մեկ մարզուհի, իսկ Երեւանի Կենտրոն վարչական շրջանից ներկայացել էր միայն մեկ թիմ: Այնինչ, Կենտրոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի իրենց մարզադպրոցը ներկայացել է երեք թիմով:
«25 տարի մեր դպրոցում գործում է գեղարվեստական մարմնամարզության մարզաձեւը: Ունենք 17 խումբ, որտեղ ընդգրկված են մոտ 170 մարզուհիներ: Ունենք բարձրակարգ մարզիչներ, այդ թվում` Աննա Աբրահամյան, Կրեմլինա Մկրտչյան, Հասմիկ Մակարյան, Ջուլիետա Ղազարյան, Աննա Այվազյան, որը նաեւ միջազգային կարգի մրցավար է: Ցավով պետք է նշեմ, որ մրցումներին ներկայացել ենք մեկ թիմով, չնայած այն բանի, որ ամեն տարի երեք թիմով ենք հանդես եկել Հայաստանի առաջնությունում: Երկու թիմերի չներկայանալու պատճառը ֆեդերացիայում տիրող ներքին լարված վիճակն է: Ինձ թվում է Կրեմլինա Մկրտչյանը եւ մյուս մարզիչները Գայանե Ներսիսյանի հետ կոլեգաներ են։ Թե ինչ խնդիր նրանք ունենք, դա բնավ պետք է չանդրադառնար երեխաների վրա: Ես չեմ կարող անտեսել իմ դպրոցի մարզիչների մեծ աշխատանքը, որովհետեւ նրանք տարիներ շարունակ տվել են Հայաստանի չեմպիոններ: Ու այսօր նրանք չկան, ինչն ուղղակի ցավալի է: Համակարծիք չեմ մեր մարզիչների այս քայլի հետ, որ անձնական խնդիր ունեն ներկայիս գլխավոր մարզիչի հետ, որի պատճառով չեն թողնում իրենց սաներին մասնակցել Հայաստանի առաջնությանը: Նրանք պետք է երեխաներին չօգտագործեին: Սա շատ տգեղ երեւույթ է: Մարզիկը պետք է անպայման մասնակցի իր երկրի առաջնությանը: Ես միայն գիտեմ, որ երկու մարզիչները` Աննա Աբրահամյանն ու Հասմիկ Մակարյանը հիվանդ են, ինձ կբերեն բժշկի ուղեգիրը, եւ միայն այդ ժամանակ ես հարգելի կհամարեմ նրանց բացակայությունը առաջնությունում: Էլի եմ կրկնում, սա ֆեդերացիայի դեմ բոյկոտ է, եւ չպետք է երեխաներին կամ դպրոցներին խառնեին այս իրավիճակին»,- ասաց Բ. Ղազարյանը:
Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԳՄԱՕՄ) տնօրեն Սոնա Գայիշչյանը իր հերթին թիմերի բոյկոտի մասին ասաց.
«Ես նախարարությունից զանգ եմ ստացել, թե ինչ է կատարվում գիմնաստիկայում, թե ինչ բոյկոտներ են եւ այլն եւ այլն… Մեր թիմը մասնակցել է մրցումներին, մենք այդ բոյկոտներին եւ քննարկումներին ոչ մի մասնակցություն չունենք: Մենք իրավունք էլ չունենք երեխաներին խառնել այսպիսի գործընթացների մեջ: Ինձ թվում է՝ ֆեդերացիայում պետք է լուծվեն այդ խնդիրները: Մեր եւ Կենտրոնի մանկապատանեկան մարզադպրոցը շատ մեծ աշխատանք են տարել այս մարզաձեւի համար: Իսկ եթե ֆեդերացիան էլ չհամագործակցի մարզադպրոցների հետ, ուրեմն նշանակում է՝ մարզաձեւը թուլանում է: Այս բոյկոտը, որի մասին բոլորը խոսում են, ֆեդերացիայի հանդեպ է, ոչ թե դպրոցների: Սա գլխավոր մարզիչների միջանձնային խնդիրն է, որը մենք փորձել ենք Կենտրոնի երկու դպրոցների տնօրեններով հարթել՝ երեխաներին ետ պահելով խնդիրներից»:
Գյումրու թիմի բացակայության մասին Գայանե Ներսիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ ճեպազրույցում ասաց, որ Գյումրին իր բացակայությունը պատճառաբանել է կանոնադրություն չստանալու հետ, բայց համագումարին Գյումրու թիմի ներկայացուցիչը մասնակցել է եւ լսել է, որ մայսիս 2-4-ը Երեւանում անցկացվելու է Հայաստանի առաջնությունը. «Միայն մրցումների երկրորդ օրն է Գյումրին արձագանքել մեզ, որ տեղեկացված չի եղել առաջնության մասին»:
Առաջնության հանձնաժողովի անդամներից ոմանք, որոնք չցանկացան ներկայանալ, մարզերի բացակայությունը որակեցին որպես միտումնավոր բոյկոտ, որի նախաձեռնության հեղինակը նախկին գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանն է եւ, որ վերջինիս նպատակն էր տապալել Հայաստանի առաջնությունը: Ի դեպ, նրանք հայտնեցին, որ թե Գյումրիի եւ թե Կապանի թիմերը ֆինանսավորվել են ֆեդերացիայի կողմից, սակայն թե ինչու չեն ներկայացել, պարզ չէ: Պարզ է միայն, որ պատճառը առաջնությունը տապալելու միտումն է:
Գյումրու թիմի բացակայության մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Գյումրին ներկայացնող միակ մարմնամարզուհու՝ Լուիզա Մանուկյանի մարզիչ Նաիրա Մինասյանից: Թե ինչու են Գյումրին ներկայացնում միայն իրենք, Ն. Մինասյանը նշեց. «Ես նոր եմ սկսել մարզչական կարիերաս, ընդամենը՝ երկու ամիս է: Անհատական մարզիչ եմ, ներկայացնում եմ «Մարմնամարզիկ» ՓԲԸ-ն: Տեղյակ չեմ, թե ինչու Գյումրու թիմը չի ներկայացել: Մենք նրանց հետ ընդհանրապես կապ չունենք»:
Պարզվում է, բացի թիմերի բոյկոտից, Հայաստանի առաջնությանը ռուսաստանաբնակ Լիլիթ Հարությունյանի մասնակցությունը եւս դժգոհությունների տեղիք է տվել: Չեմպիոնի տիտղոսը նվաճած Լիլթ Հարությունյանը ներկայացնում էր :
Այս կապակցությամբ ԳՄԱՕՄ տնօրենն ասաց.
«Լիլիթը շատ լավ աղջիկ է, լավ մարզուհի է, բայց ես այդ երեւույթին այդքան էլ կողմ չեմ: Իմ դպրոցի մատյանում Լիլիթը գրացնված չէ, ես իրեն չեմ ճանաչել՝ որպես տնօրեն, ինքը միանգամից մասնակցել է դրսի մրցումներին Հայաստանի դրոշի ներքո մեր դպրոցի անունից, ապա՝ եկել այստեղ, մասնակցել Հայաստանի առաջնության կրկին մեր դպրոցից: Ինձ թվում է՝ սա մի քիչ արդարացի չէ: Ես մեր դպրոցի թիմի հայտը Հայաստանի առաջնության համար տվել եմ առանց Լիլիթի անունի, որովհետեւ ես իրավունք չունեմ: Եթե նա մեր մարզադպրոցում չի մարզվել, մատյանում էլ ինչպես նշեցի չկա նրա անունը, ես իրավունք չունեմ նրան իմ դպրոցի անունից ներկայացնել: Դա իմ կողմից կլինի կանոնադրության խախտում: Ուրախ եմ, որ դրսի կապերը այսպես սերտ են, լավ է, որ փորձի փոխանակման հնարավորություն կա: Միայն թե պետք է հաշվի առնենք, որ մեր պայմանները այնպիսին չեն, ինչպիսին Ռուսաստանում է: Ձմռանը ջեռուցման պատճառով չենք մարզվել, ինչի պատճառով մարզիկների մի մասը պատրաստ չէ մրցումներին»:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.