Ո՞վ ով է Ֆորմուլա-1-ում

19:44   8 մայիսի, 2012

Միխայել Շումախերը Ֆորմուլա-1-ի «այցեքարտն» է, ինչպես, ի դեպ, «Ֆերրարին», որով «կարմիր բարոնը» նվաճեց աշխարհի յոթ չեմպիոնական տիտղոսներից հինգը: Միխայելը 3 տարեկանից նստել է մրցարշավային մեքենաների ղեկին, որոնք հայրն էր պատրաստում: 3 տարեկանում փոքրիկը վթարվում է ճանապարհի եզրերին կանգնեցված երկաթե խողովակին ու հորից պահանջում ավելի արագընթաց մեքենա: 5 տարեկանից նա արդեն մասնակցել է կարտինգի մրցումներին: Նա սիրում էր զբաղվել նաեւ ձյուդոյով, սակայն, ի վերջո, ընտրեց մրցարշավորդի ուղին եւ 14 տարեկանում ստացավ ավտոմրցարշավորդի արտոնագիր:


15 տարեկանում Միխայելն արդեն եվրոպական մի քանի ավտոմրցարշավների հաղթող էր, 1990-ին դարձավ Ֆորմուլա-3 առաջնության հաղթող եւ անմիջապես տեղափոխվեց Ֆորմուլա-1: Նրան «Ջորդան-Ֆորդ» թիմ հրավիրեց Էդի Ջորդանը բանտ ընկած իր հաստիքային մրցարշավորդ Բերտրան Գաշոյի փոխարեն: Շումախերի մենեջեր Վիլլի Վեբերն էր Ջորդանին համոզել վերցնել 22-ամյա տաղանդավոր երիտասարդին: Հենց առաջին որակավորման մրցմանը Բելգիայում Միխայելը գրավեց 7-րդ տեղը բառի բուն իմաստով ոչինչ չնշանակող բոլիդով: Բելգիայի Մեծ Մրցանակի հիմնական մրցման մեկնարկին Շումախերը պոկվեց 5-րդ տեղ ու... դուրս մնաց հետագա պայքարից: Նրան անմիջապես «Բեննետոն»-ում հանդես գալու առաջարկություն արեց հանճարեղ ստրատեգ Ֆլավիո Բրիատորեն: Միխայելը համաձայնվեց եւ նոր տարում տարավ իր առաջին հաղթանակը կրկին Բելգիայի Մեծ Մրցանակում: Երեք տարի հետո նվաճեց իր առաջին չեմպիոնական տիտղոսը: Ճիշտ է, այդ տարի Իմոլայի մրցուղում զոհվեց նրա հիմնական մրցակիցը: Հաջորդ տարի Միխայել Շումախերը կրկնեց իր հաջողությունը՝ դառնալով ամենաերիտասարդ աշխարհի կրկնակի չեմպիոնը՝ 26 տարեկանում: 1996-ին Շումախերը տեղափոխվեց «Ֆերրարի» եւ այնտեղ հանդես գալու բոլոր 10 տարիներին տարավ հաղթանակներ, սակայն առաջին չեմպիոնությունը նվաճեց 2000-ին: Նա չեմպիոն կարող էր դառնալ դեռեւս 1997-ին եւ 98-ին: Առաջինում նրան որակազրկեցին վերջին Մեծ Մրցանակի խաղարկությունում չեմպիոնության համար Ժակ Վիլնյովի հետ բախվելու համար, երկրորդում Մեծ Բրիտանիայի խաղարկությունում վթարվում է, կոտրում ոտքը եւ դուրս մնում հետագա պայքարից: 2004-ին Միխայել Շումախերը աշխարհի միակ յոթակի չեմպիոնն էր: 91 հաղթանակ 291 մեկնարկում՝ ահա Ֆորմուլա 1-ում Միխայել Շումախերի նվաճումները:

2005-ին Շումախերին գահընկեց արեց «Ռենոյում» հանդես եկող ավտոարշավորդ, իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն:

Ընդ որում, 2006-ին Ալոնսոն Շումախերից խլեց ամենաերիտասարդ կրկնակի չեմպիոնի տիտղոսը, երկրորդ չեմպիոնությունը նա նվաճեց 25 տարեկանում: Հետաքրքիրն այն է, որ Ալոնսոյին նույնպես չեմպիոնության երկու տիտղոսները պարգեւեց Ֆլավիո Բրիատորեն, որը 2001-ին «Բեննետոնի» վաճառքից հետո վերցրեց «Ռենո» թիմի ղեկավարությունը: Ալոնսոն 12 տարեկանում կարտինգի Իսպանիայի առաջնության չեմպիոնն էր, որը 4 տարի ոչ մեկին չզիջեց: Ալոնսոն չափազանց «անհամեստ» էր նվաճումներ արձանագրելիս՝ 17 տարեկանում դարձավ կարտինգի աշխարհի փոխչեմպիոն: Եվ անմիջապես հրավիրվեց Ֆորմուլա-1: 2000-ին Ալոնսոն «Մինարդիի» թեստ-պիլոտն էր, 2001-ին, երբ տեղափոխվեց հիմնական կազմ, 20 տարեկան էլ չկար: Նա կարողացավ փայլել միայն նույն թիմի իր մրցակիցների հանդեպ, բայց Բրիատորեին դա էլ բավական էր Ալոնսոյին «Ռենո» հրավիրելու համար: 2003-ին նա տարավ իր առաջին հաղթանակը առանձին Հունգարիայի Մեծ Մրցանակում, թեպետ նույն տարում ավելի վաղ նրա կյանքը մազից էր կախված՝ Բրազիլիայում նա երրորդն էր ընթանում անձրեւային եղանակին։ Վերջին՝ 55-րդ շրջանում («Ինտերլագոսը» 72 շրջան ունի, տեղատարափ անձրեւի պատճառով 55-րդ շրջանում պայքարն ընդհատվեց) եզրագիծը հատելուց հետո նա բախվեց եզրապատին: Պոդիումի փոխարեն Ալոնսոն հայտնվեց հիվանդանոցում: 2005-2006-ին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նրան իր թիմ հրավիրեց «Մաքլարենը»: Այստեղ նրա թիմային խաղընկերը բրիտանացի Լյուիս Հեմիլթոնն էր, որը թիմի ղեկավար Ռոն Դենիսի ֆավորիտն էր: Ալոնսոն դա արագ հասկացավ եւ հաջորդ տարի վերադարձավ «Ռենո»: Մինչ այդ արեց ամեն ինչ «Մաքլարենին» նվաստացնելու համար՝ հատուկ հանձնաժողովին մանրամասն պատմեց, որ իր բոլիդի 80 տոկոսը թիմը կառուցել է «Ֆերրարիի» համակարգիչներից գողացված նախագծերով: «Մաքլարենը» ստիպված եղավ Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիային վճարել 100 միլիոն դոլար, ինչպես նաեւ զրկվեց թիմային բոլոր միավորներից: «Ռենոյում» Ֆերնանդոն մնաց երկու տարի եւ ոչ մի լուրջ նվաճում չունեցավ: 2010-ին տեղափոխվեց «Ֆերրարի», որտեղ զուտ իր տաղանդի, եւ ոչ թե բոլիդի արագության շնորհիվ հաղթեց մի քանի խաղարկություններում: Առայժմ «Ֆերրարիում» Ալոնսոն իրեն լավ է զգում, բայց նրա տաղանդը «Ֆերրարիին» ավելի շատ է օգնում, քան Մարանելոյի թիմը՝ պիլոտին:
   
Կիմի Ռայկոնենը հետշումախերյան երկրորդ աշխարհի չեմպիոնն էր: «Սառցե մարդու» համբավ ձեռք բերած ֆինլանդացին միայն 10 տարեկանից է կապվել մրցարշավային ավտոմեքենաների հետ: Կարիերան շռնդալից չէ, սառը, էմոցիաներից զուրկ բնավորությունը ոչ մեկին թույլ չի տվել հասկանալ, թե ինչ է նրա ուզածը: Սպասել են, որ ինքը կասի կամ գլխի են ընկել, թե ինչ է նրա ուզածը: Այդպիսի թիմերից էին «Մաքլարենը» եւ «Ֆերրարին»: Առաջին ավտոմեքենան, որի ղեկին նստել է, ռուսական «Լադան» է: Հոր հետ այն գտել են երկաթե թափոնների գործարանից: Այսօր Կիմին համարվում է հետշումախերյան ամենազգայուն մրցարշավորդը, թեպետ, դիցուք՝ Ալոնսոյից ավելի քիչ հաղթանակներ է տարել: Ալոնսոն հաղթել է 28, իսկ Կիմին 18 Գրան Պրիներում: Ռայկոննենը հայտնի է որպես ամենաքնկոտ պիլոտ, երբեմն ավտոմրցարշավային մրցումներին ներկայացել է հենց անկողնուց վեր կենալուց հետո: Ի դեպ, սիրում է նաեւ խմել: 2007-ին «Մաքլարենից» «Ֆերրարի» տեղափոխվելուց հետո նրան զգուշացրեցին, որ իրենց մոտ «խմելը չի անցնի»: Կիմին ընդունեց ի գիտություն եւ դարձավ աշխարհի չեմպիոն: Մինչդեռ Ֆորմուլա-1-ում սկսել էր 2001-ին «Զաուբերից», թեպետ ԱՄՖ-ի նախագահ Մաքս Մոսլին դեմ էր նրան սուպերլիցենզիա տրամադրելուն մրցարշավորդի համար ոչ բավարար փորձ ունենալու պատճառով: Դեբյուտային՝ առաջին իսկ մրացապայքարին նա միավորներ հավաքեց եւ փակեց բոլոր հարցերը: «Մաքլարենը» «Զաուբերից» գողացավ Կիմիին, բայց տվեց ընդամենը փոխչեմպիոնի երկու տիտղոս 2003-ին եւ 2005-ին: 2009-ին Կիմին հրաժարվեց Ֆորմուլա 1-ից եւ իրեն «տվեց» ռալիին: Հետագայում պատճառաբանում էր, որ ուզում է քիչ խոսել, ինչը Ֆորմուլա 1-ում հնարավոր չէ, այստեղ պարտավոր ես պատասխանել ոլորտը ներկայացնող լրագրողների եւ երկրպագուների հարցերին: Վերադարձավ 2012-ին, «որովհետեւ կարոտել էր հաղթանակներին»: Այժմ նա «Լոտուսի» մրցարշավորդն է եւ գրեթե 100 տոկոսով արդարացնում է թիմի սպասումները: Ոչ լավագույն բոլիդով նա այս տարի արդեն հասցրել է երկրորդ տեղը գրավել Բահրեյնում: «Սրանով հաղթելն անհնար չէ»,-իր բոլիդի մասին վերջերս ասել է Կիմի Ռայկոնենը:

Սեբաստիան Ֆետելը հետշումախերյան առաջին աշխարհի չեմպիոն գերմանացին է եւ աշխարհի ամենաերիտասարդ կրկնակի չեմպիոնը: Այս տարի նա բոլորում է 25-ը եւ պայքարում է երրորդ չեմպիոնական տիտղոսի մասին: Չորս մրցափուլերից հետո նա գլխավորում է աշխարհի առաջնության անհատական հաշվարկը: Հարցազրույցներից մեկում ասել է, որ «դպրոցում սովորելու տարիներին իր կուռքերը եղել են երեք Մայքլները՝ Շումախերը, Ջեքսոնը եւ Ջոնսոնը»: Ընտանիքի երրորդ երեխան չի թաքցնում, որ դպրոցում սովորել է «սարսափելի վատ»: Երազում էր դառնալ երգիչ, սակայն շատ արագ գլխի է ընկել, որ «ձայն չունի»: 8 տարեկանում արդեն մասնակցում էր կարտինգի մրցումներին: Բոլոր մրցումներում ավելի հեշտ չեմպիոն է դարձել, քան ձախողվել: Բաց ակերով առաջին բոլիդին նստել է 2003-ին`19 տարեկանում եւ նույն տարում դարձել գերմանական Ֆորմուլա BMW-ի հաղթող: 2005-ին արդեն մասնակցում է Ֆորմուլա BMW-ի եվրոպական առաջնությանը, որտեղ մեկ անգամ չի կարողանում հաղթել: Մրցակիցը ֆորմուլա-1-ի ապագա չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն էր: 2006-ին նրան հրավիրում են Ֆորմուլա-1: Գլխավոր մենեջեր Բեռնի Էքլսթոունը նկատում է նրան ու շփում ձեռքերը`սա ապագա աշխարհի չեմպիոնն է, որը որոշ առումներով կգերազանցի Միխայել Շումախերին: Առաջին մեկնարկը 2007-ին էր՝ ԱՄՆ-ի Գրան Պրին, որտեղ BMW-ի ղեկին փոխարինում է Կանադայում վթարված լեհ Ռոբերտ Կուբիցային: Անմիջապես վաստակում է առաջին միավորը: Նրան թիմ է հրավիրում «Տորրո Ռոսոն», որտեղ Ֆետելը ոչնչից հաղթանակ է ստեղծում Իտալիայի Մեծ Մրցանակի խաղարկությունում: 2009-ին արդեն փախցնում է «Ռեդ-Բուլլը», սակայն այդ տարին «մերսեդեսցի» Ջենսոն Բատոնինն էր, որը առաջին 7 Գրան Պրիներից 6-ում հաղթելով անհասանելի էր դարձել: Ֆետելը դարձավ աշխարհի փոխչեմպիոն եւ այդ ժամանակից «Ֆորմուլա-1» կոչվող մոլորակը պտտվում է նրա շուրջ: Երկու տարում նա տարավ 16 հաղթանակ, ընդհանուր առմամբ`22: Այսօր նա հաղթանակների թվով 11-րդն է այդ «մոլորակում» եւ եթե հիշենք, որ առաջատար Միխայել Շումախերը դեռ «ձիու վրա է» 43 տարեկանում, կարելի է ենթադրել, որ Ֆետելը կարող է հասնել նրան:

Մհեր Արշակյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։