Էմանուել Սարասենո. Բեռնար Շալանդն ագրեսիվություն է պահանջում իր ֆուտբոլիստներից

15:41   11 ապրիլի, 2014

Բեռնար Շալանդն իմպուլսիվ, էմոցիոնալ եւ շատ պահանջկոտ մարզիչ է: Նա շատ է խոսում, բղավում է իր նստարանից եւ հաճախ բողոքում է: Մի քանի անգամ նրան պահեստայինների նստարանից հեռացրել են այդպիսի վարքի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շվեյցարական L’Express եւ L’Impartial հեղինակավոր ֆրանսալեզու թերթերի մարզական բաժնի խմբագիր Էմանուել Սարասենոն, ով պատմեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին:

Պարոն Սարասենո, Բեռնար Շալանդի մասին գրեթե ոչինչ չգիտեինք մինչեւ նրա՝ Հայաստան ժամանելը: Ինչպե՞ս կբնութագրեք նրան:

Բեռնար Շալանդը Շվեյցարիայի ամենահարգված մարզիչներից է ինչպես երկրի գերմանական հատվածում, այնպես էլ՝ իտալական: Դա հազվադեպ երեւույթ է ֆրանսալեզու մասնագետի համար: Նա գլխավորել է շվեյցարական ուժեղ թիմեր՝ ամեն տեղ թողնելով իր հետքը: Շալանդը գլխավորել է նաեւ Շվեյցարիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականը: Նա ունի լավ մարզիչի համբավ: Նա գիտի ինչպես աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ եւ ստիպել նրանց ցույց տալ բոլոր հնարավորությունները: Բեռնարն իմպուլսիվ, էմոցիոնալ եւ շատ պահանջկոտ մարզիչ է: Նա շատ է խոսում, բղավում է իր նստարանից եւ հաճախ բողոքում է: Մի քանի անգամ նրան պահեստայինների նստարանից հեռացրել են այդպիսի վարքի համար:

Ինչպիսի՞ խաղաոճ է նա դավանում:

Շալանդի թիմերը հաճախ խաղում ենք նրա սիրած 4-4-2 տակտիկական սխեմայով, բայց նա նաեւ խաղի սխեման հարմարեցնում է՝ հաշվի առնելով իր ֆուտբոլիստների հնարավարություններն ու որակները: Նա հաջողության է հասել ակումբների եւ երիտասարդական հավաքականի հետ:

Կա՞ հիմքային ինչ-որ բան, որը նա փոխում է իր թիմերում:

Շալանդը սիրում է, երբ խաղը կառուցվում է պաշտպանության վրա՝ ցածրից փոխանցումներով: Նա նաեւ ագրեսիվություն է պահանջում է իր ֆուտբոլիստներից:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի հնարավորությունները  Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Այնքան էլ ծանոթ չեմ Հայաստանի հավաքականին, որպեսզի խոսեմ նրա հնարավարությունների մասին: Պորտուգալիան, Սերբիան, Դանիան եւ Ալբանիան ուժեղ թիմեր են: Շալանդի խնդիրը շատ բարդ է:

Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Եվրոպայի առաջնությանը 16-ի փոխարեն արդեն մասնակցելու են 24 հավաքականներ:

Կարծում եմ՝ 24 թիմը շատ է, բայց հասկանում եմ, թե ինչու է ՈւԵՖԱ-ն ընդունել այդ որոշումը: Դա բարձրակարգ մրցաշարում խաղալու հնարավորություն է շատ հավաքականների համար, հատկապես՝ երիտասարդ թիմերի:

Ծանո՞թ եք հայ ֆուտբոլիստերի կամ մարզիչների հետ:

Հայկական ֆուտբոլի մասին գիտեմ շատ քիչ: Կարելի է ասել, Հենրիխ Մխիթարյանից բացի, ոչ ոքի չգիտեմ: Ես ավելի շատ մասնագիտացված եմ շվեյցարական ֆուտբոլով, քան միջազգային: Հայերից գիտեի նաեւ Հարություն Վարդանյանին, ով հանդես էլ գալիս «Լոզանում»:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։