Ուլի Հեսե. Նկատել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը հազվադեպ է ժպտում

09:48   8 ապրիլի, 2014

Հենրիխի մեջ առաջին նկատելի բանը նրա ընկերասիրությունն է: Երբ մենք ավարտեցինք հարցազրույցը, նա հրաժեշտ տվեց եւ գնաց մարզվելու: Ինձ թվաց, թե ես հանդիպել էի շատ լավ ընկերոջ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գերմանիայի ամենահայտնի լրագրողներից Ուլի Հեսեն, ով համագործակցում է գերմանական առաջատար մարզական կայքերի հետ, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիրն է:

«11 Freunde» ամսագրի նախորդ համարի գլխավոր հերոսը Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: Հայ ֆուտբոլիստի հետ զրուցել էր հենց Ոիլի Հեսեն:

Պարոն Հեսե, գերմանական ամենահայտնի մարզական ամսագրերից «11 Freunde»նախորդ համարի առաջին էջին տեղադրել էր Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը, իսկ Դուք բովանդակալից հարցազրույց էիք ունեցել նրա հետ: Ինչո՞ւ ընտրեցիք հենց Մխիթարյանին:

Ես հարցազրույցի համար մեկնեցի Դորտմունդ: Սկզբնական նպատակը պարզապես հարցազրույց վերցնել էր: Շապիկը պետք է լիներ աշխարհի առաջնության մասին, բայց մենք խնդիր ունեցանք եւ հոդվածը ժամանակին չպատրաստվեց: Այդ ժամանակ մենք հնարավորություն ստացանք զրուցել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրայի հետ, բայց այնպես եղավ, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի հետ հարցազրույցը տեղ գտավ համարում, իսկ Մխիթարյանինը՝ շապիկին: Մենք կարծեցինք, որ Հենրիխի հարցազրույցն այնքան հետաքրքիր էր, որ կարող էր հայտնվել առաջին էջում: Այդ պատճառով էլ մենք նաեւ լուսանկարներ արեցինք Հենրիխի հետ, քանի որ կարծում էինք, որ նա շատ հետաքրքիր եւ զարգացած տղա է: Մենք տեսանք, որ հարցազրույցը ստացվեց բավական լավ: Միակ պահը, որի վրա կասկածում էինք, դա նրա անգլերենի իմացությունն էր: Ես գիտեի, որ նա գերազանց գիտի ֆրանսերեն եւ ռուսերեն, բայց վերջում ամեն ինչ շատ հաջող ստացվեց:

Հարցազրույցի շեշտն ինչի՞ վրա էր դրված:

Ես գիտեի Հենրիխի ընտանիքի պատմությունը, որ նրա հայրը մահացել էր եւ նրանք պետք է վերադառնային Հայաստան: Հիմնականում դա էր: Այնուհետեւ մենք անցանք Դորտմունդի իրավիճակին, բայց ես հարցազրույցը սկսեցի շախմատից: Մխիթարյանին առաջարկեցի շախմատ խաղալ ինձ հետ, բայց նա ասաց, որ բավական զբաղված է:

Ի՞նչ տպավորություններ ունեք նրանից:

Հենրիխն այստեղ եկավ նախորդ ամռանը: Մի քանի հարցազրույցներից հետո մենք հասկացանք, որ նա բավական խելացի եւ կրթված տղա է: Բայց նա նաեւ շատ լուրջ մարդու տպավորություն է թողնում: Նա հազվադեպ է ժպտում, միշտ ունի լուրջ տեսք: Մենք ցանկանում էինք նրան լուսանկարել ժպտալիս: Կարծում էինք, որ դա դժվար գործ է, բայց ստացվեց հակառակը: Հենրիխը շատ բաց, ընկերասեր եւ հումորով տղա է: Ամբողջ ժամանակ ծիծաղում էր: Դա նրա մարդկային բնութագրության հիմնական մասն էր: Մյուսը նրա դերն էր «Բորուսիայում»: Մենք տպավորված էինք նրա խաղալու ցանկությամբ: Հենրիխը լավ է հանդես գալիս, բայց կարող է խաղալ ավելի լավ: Մխիթարյանը խաղում է այնպես, կարծես ինչ-որ մեկն իր վրա մեծ ճնշում է գործադրում: Մենք այդ մասին խոսեցինք հարցազրույցի ժամանակ, եւ նա ասաց, որ գիտի դա: Յուրգեն Կլոպը նրան բազմիցս ասել է, որ պետք է սովորի լինել հանգիստ եւ նայել թեթեւ: Մխիթարյանն ասաց, որ առաջին վեց ամիսներին իր վրա մեծ ճնշում էր զգում, բայց այժմ ավելի հանգիստ է:

Ինչո՞վ է պայմանավորված այդ ճնշումը:

Դա տարբեր բաների արդյունք է: Նա գիտի, որ Դորտմունդը ռեկորդային գումար է վճարել իրեն գնելու համար: Բացի այդ, նա հասկանում է, որ եկել է այլ վայրից: Նա չի ցանկանում հիասթափեցնել մարդկանց: Ինձ հետ զրույցում Հենրիխը բացատրեց, որ Դոնեցկում այլ ֆուտբոլ էր խաղում: Այնտեղ նա հիմնականում հանդես էր գալիս որպես ռմբարկու, իսկ այստեղ՝ որպես փլեյմեյքեր: Բացի այդ, բոլորը գիտեն, որ «Բորուսիան» դժվար մրցաշրջան ունեցավ: Նրա մեղքը այդտեղ չկար: Տարբեր ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացան եւ ամեն բան չեղավ նախատեսվածի պես: Բայց հենց այստեղ էլ խոսում է նրա բնավորության գիծը: Նա մելանխոլիկ մարդու տպավորություն է թողնում: Կարծես շատ է մտածում այդ ամենի շուրջ:  Կարծում եմ՝ դա գալիս է նրա մանկությունից եւ ընտանիքից:

Եվ ի՞նչ խորհուրդ տվեցիք նրան:

Կարծում եմ՝ մենք պետք է սպասենք: Ես դա չեմ գրել ամսագրում, բայց կպատմեմ ձեզ: Ես Դորտմունդից եմ, այդ թիմը գիտեմ շատ լավ եւ ես բոլորին ասում եմ, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում դառնալու է շատ լավ ֆուտբոլիստ: Նա արդեն լավ ֆուտբոլիստ է եւ ունի մեծ տաղանդ, սակայն այս պահին Հենրիխը գիտի, որ կարող է խաղալ ավելի լավ եւ իր վրա մեծ ճնշում է զգում: Հաջորդ մրցաշրջանում այդ ճնշումը կնվազի: Թիմում եղած վնասվածքներից բացի, կա նաեւ եւս մեկ հանգամանք՝ «Բորուսիան» խաղում է շատ պահանջկոտ ֆուտբոլ: Նորեկի համար դժվար է գալ եւ միանգամից հասկանալ, թե ինչ են իրենից սպասում եւ ինչպես պետք է դրսեւորվել: Հիմնականում դրա համար պահանջվում է մեկ մրցաշրջան: Անգամ Ռոբերտ Լեւանդովսկին, ով այսօր համաշխարհային կարգի հարձավող է, «Բորուսիայում» դժվարություններ ուներ առաջին տարում, բայց նրա տաղանդն ու խելքը երեւում էր: Մենք շատ լավատես էինք նրա հարցում, նույնը՝ Մխիթարյանի, քանի որ նա շատ տաղանդավոր է:

Կարո՞ղ եք նկարագրել Յուրգեն Կլոպի վերաբերմունքը Մխիթարյանի հանդեպ:

Կլոպը շատ մտերիմ է իր ֆուտբոլիստերի հետ: «Բորուսիայի» հաջողության գաղտնիքներից մեկը նաեւ այն է, որ ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ Կլոպի համար: Մարզիչը շատ է զրուցում նրանց հետ: Նա շատ խելացի մարդ է: Գերմանացին գիտի, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր եկել են տարբեր երկրներից, տարբեր մշակույթներից եւ ունեն հոգատարության կարիք, ինչպես Մխիթարյանը: Այստեղ շատ են խոսում այն մասին, որ Մխիթարյանի ու Օբամեյանգի պես ոչ մի ֆուտբոլիստի չհաջողվեց այդքան շուտ հարմարվել թիմին: Դա գալիս է նրանց բնավորությունից: Հենրիխի մեջ առաջին նկատելի բանը նրա ընկերասիրությունն է: Երբ մենք ավարտեցինք հարցազրույցը, նա հրաժեշտ տվեց եւ գնաց մարզվելու: Ինձ թվաց, թե ես հանդիպել էի շատ լավ ընկերոջ: Ֆուտբոլում դա անսովոր է: Մխիթարյանին շատ հեշտ է սիրել:

Ինչպե՞ս են նրան վերաբերվում երկրպագուները:

Հիմնականում դրական: Իրականում նա Մադրիդի «Ռեալի» դեմ այնքան էլ լավ չխաղաց, ինչպես եւ մյուս ֆուտբոլիստները: Կարծում եմ՝ վերաբերմունքի մի կողմում այն միտքն է, որ նա շատ թանկարժեք ֆուտբոլիստ է, բայց մյուս կողմից բոլորը տեսնում են, որ նա տաղանդ ունի եւ ցանկանում է անել իրենից կախված ամեն բան: Նրան միշտ շրջապատում են բազմաթիվ երկրպագուներ, անգամ, երբ այդ խաղում նա այնքան էլ լավ հանդես չի գալիս:

Նախորդ շաբաթ բրիտանական լրատվամիջոցներից մեկը Մխիթարյանի տրանսֆերը վատագույնն էր որակել Գերմանիայում: Ի՞նչ են այդ մասին ասում գերմանացի լրագրողները:

Եթե նայենք մասնագիտական աչքով, ապա գուցե այս տարի նա այնքան էլ լավ չխաղաց, որքան նախորդ տարի: Ե՛վ «Բորուսիան» միավորների մեծ տարբերությամբ զիջեց «Բավարիային», ե՛ւ, ամենայն հավանականությամբ, դուրս կմնա Չեմպիոնների լիգայից: Բայց մենք չգիտենք մամուլի վերաբերմունքը: Նա չի հիասթափեցրել: Մի քանի խաղ նրա մոտ չստացվեց: Շատ մարդիկ հավատում են, որ մյուս տարի Հենրիխը խաղալու է շատ ավելի լավ: Բոլորը հասկանում են, որ այս տարին անհաջող էր ամբողջ թիմի համար: Նախորդ տարի «Բորուսիան» Չեմպինոների լիգայի եզրափակիչում էր, իսկ այս տարի սպասելիքները շատ մեծ էին:

Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին: Մխիթարյանն օգնե՞ց բացահայտել մեր երկիրը:

Մինչեւ հարցազրույցի գնալը ես տվյալներ հավաքեցի: Ես ցանկանում էի Հենրիխի հետ խաղալ շախմատ, քանի որ ինքս շախմատիստ եմ: Ես Հայաստանի մասին գիտեմ շախմատի տեսանկյունից, բայց ֆուտբոլի մասին այնքան էլ չգիտեի: Գիտեմ, որ աշխարհի բոլոր ծայրերում կան հայեր: Իմ ընկերն ամուսնացել է հայուհու հետ, ով այստեղ հայերին գերմաներեն է դասավանդում: Ես «Բորուսիային» հայտնեցի, որ գիտեմ մեկին, ով կարող է Մխիթարյանին սովորեցել գերմաներեն, բայց նրանք գտան այլ մասնագետի: Սակայն, անկեղծ ասած, այստեղ մարդիկ այնքան էլ շատ չգիտեն Հայաստանի մասին: Մենք խոսում էինք նաեւ դրա վերաբերյալ եւ Հենրիխը պատմեց, որ Ֆրանսիայից վերադառնալուց հետո մայրը նրան սովորեցնում էր դառնալ հայ:

Հայաստանի ամենահայտնի մարզիկներից երեքը՝ Արթուր Աբրահամը, Լեւոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը, բնակվում են Գերմանիայում: Ո՞վ է նրանցից ամենահայտնին այդտեղ:

Ես նրանց գիտեմ անուններով: Այնքան էլ ուժեղ չեմ բռնցքամարտի հարցում: Մխիթարյանը պատմեց, որ կցանկանար շախմատ խաղալ Արոնյանի հետ եւ որ Հայաստանի դպրոցներում դասավանդում են շախմատ:

Գերմանիան շատ մեծ երկիր է: Մենք տարբեր մարզաձեւերում ունենք բազմաթիվ թիմեր ու հաջողություններ, բայց ֆուտբոլն այլ մակարդակ է: Այստեղ ասում են, որ Գերմանիայում կա երեք առաջնային մարզաձեւ՝ ֆուտբոլը, ֆուտբոլը եւ ֆուտբոլը: Շախմատը նույնպես սիրված է: Մարդիկ գիտեն շախմատիստներին, բայց ոչ այնպես, ինչպես ֆուտբոլում: Բոլոր մարզական ամսագրերի առաջին մի քանի էջերը նվիրված են ֆուտբոլին: Հենրիխ Մխիթարյանն ամենահայտնի հայ մարզիկն է Գերմանիայում:

Նախորդ տարի Մխիթարյանը մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նա ընտրեց Դորտմունդը:

Նա ինձ ասաց, որ կար «Բորուսիան» ընտրելու երկու պատճառ: Հենրիխը սիրում էր նրանց խաղը: Նախորդ տարի խաղացել էր «Բորուսիայի» դեմ, բայց հիմնական պատճառը Յուրգեն Կլոպն էր: Այն բանից հետո, երբ նա հանդիպեց Կլոպին եւ զրուցեց նրա հետ, որոշեց խաղալ Գերմանիայում: Եվ նա միակը չէ: Շատ ֆուտբոլիստներ ասում են, որ խաղում են Կլոպի համար: Երեւի, դիտել եք Իբրահիմովիչի հետ այդ դրվագը, երբ Կլոպը հարցազրույց էր տալիս, իսկ Զլատանը նրա կողքով անցնելիս ասում է, թե ե՞րբ է Կլոպն իրեն տանելու «Բորուսիա»: Կլոպը պատասխանեց, որ նրանք այդպիսի հնարավորություններ չունեն, իսկ Իբրահիմովիչն ասաց, որ կգա առանց գումարի: Դա, իհարկե, կատակ էր, բայց շատերը թիմը հարգում են Կլոպի համար: Շատ հաճախ, երբ ֆուտբոլիստը կասկածում է, թե որ թիմն ընտրի, նրան տանում են «Բորուսիայի» ստադիոն եւ ցույց տալիս այն մեծ տրիբունան, որտեղ 5 հազար երկրպագու դարպասների հետեւում երկրպագում են «Բորուսիային»: Դրանից հետո ֆուտբոլիստների մեծամասնությունն ասում է, որ ցանկանում է խաղալ այստեղ: Չեմ կարծում, որ Մխիթարյանը Բունդեսլիգան գերադասեց Պրեմյեր լիգայից: Ինձ թվում է` նա «Բորուսիան» գերադասեց «Լիվերպուլից»:

Գերմանացիները վերջապես սովորեցի՞ն ճիշտ արտասանել Մխիթարյանի ազգանունը:

Մեր ամսագրի առաջին էջում գրել էինք այսպես՝ «Մխի… չգիտենք ինչ»: Գիտեք այդպես ասաց Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ով չկարողացավ արտասանել նրա ազգանունը: «Բորուսիայի» երկրպագուները կատակում էին, որ այս տարին դժվար է լինելու նրանց համար: Մխիթարյանից բացի, կա նաեւ Օբամեյանգը: Բլաշչիկովսկու ազգանունը նույնպես դժվար էր արտասանել:

Ի՞նչ կասեք, Մխիթարյանը հաջողություններ ունի գերմաներենում:

Հարցազրույցի ժամանակ նրան հարցրել էի՝ անգլերեն, թե՞ ֆրանսերեն: Ես ֆրանսերեն գրեթե չգիտեմ, բայց քանի որ նա գերազանց գիտի այդ լեզուն, կարող էինք օգտվել թարգմանիչի ծառայությունից: Բայց Հենրիխն ասաց, որ պետք չէ: Վերջում նա ինձ մաքուր գերմաներով ասաց. «Ցտեսություն, մինչ նոր հանդիպում»: Ինչ-որ մեկն ինձ ասել է, որ նա արդեն բավական լավ է խոսում գերմանարեն, բայց հարցազրույցների ժամանակ չի օգտագործում դա:

Վերա Մարտիրոսյան 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.