Լեւոն Ջուլֆալակյանի երջանկության բանաձեւը

13:50   5 ապրիլի, 2014

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի առաջնության հաղթող, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ապրիլի 5-ին դարձավ 50 տարեկան: NEWS.am Sport-ի «Երջանկության բանաձեւ» շարքը անդրադարձել է Լեւոն Ջուլֆալակյանի 50-ամյա կյանքին: Հայկական ըմբշամարտի աստղը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում բացահայտեց իր երջանկության բանաձեւը:

Պարոն Ջուլֆալակյան, ինչպիսի՞ն էր Ձեր մուտքը մեծ սպորտ: Ինչո՞ւ հենց ըմբշամարտ եւ ոչ այլ մարզաձեւ: 

Միշտ սիրել եմ ըմբշամարտը, քանի որ իմ ոճն էր: Բակում բախումների ժամանակ ես միշտ գոտեմարտ էի անցկացնում, այդպես էի կռվում: Ամեն օր ֆուտբոլ էի խաղում ընկերներիս հետ, իսկ հետո ըմբշամարտի գոտեմարտեր էի կազմակերպում: Հետո սկսեցինք այլ բակերի տղաների հետ գոտեմարտել եւ ես միշտ հաղթում էի: Բացի այդ, մեր բակում կար մի մարզադահլիճ, որը մեկ մարմնամարզության դահլիճ էր դառնում, մեկ՝ ըմբշամարտի: Ես օրվա մեծ մասն անցկացնում էի այդ դահլիճում, այդտեղից էլ ծնվեց սերն այս մարզաձեւի հանդեպ: Մեծ սպորտ մուտքս եղել է մարմնամարզությամբ: Մուտք դեպի մեծ սպորտ, սեր դեպի սպորտը առաջացրել են ծնողներս: Մարմնամարզությամբ սկսել եմ մարզվել 8-9 տարեկանում, իսկ 13 տարեկանում տեղափոխվել եմ ըմբշամարտ: Մարմնամարզության մարզիչս ինձ հուշեց, որ իմ տվյալներն ավելի շատ համապատասխանում են ըմբշամարտին: Հետո արդեն իմ մարզիչ Արամ Սարգսյանի առաջարկությամբ տեղափոխվեցի ըմբշամարտ եւ իմ ընտրությունը սպորտում կանգ առավ ըմբշամարտի վրա: 13 տարեկանից մինչեւ այսօր ես ըմբշամարտում եմ:

Հաջողությունն ըմբշամարտում ինձ մոտ եկավ շատ արագ: Մարզումներից 6 ամիս անց ես արդեն ունեցա առաջին տիտղոսը` հաղթելով ԽՍՀՄ-ի պատանեկան մի մրցաշարում: Այդտեղից հաղթանակներս սկսվեցին: Հաղթանակներս շատ էին, իսկ լուրջ հաջողություններ գրանցել եմ 1981 թվականից` դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն, ԽՍՀՄ-ի դպրոցականների սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ-ի երիտասարդական չեմպիոն, 1984-ին՝ Եվրոպայի չեմպիոն, 1985-ին՝ աշխարհի գավաթակիր, 1986-ին՝ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, 1988-ին` Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր եւ այդպես շարունակ:

Իսկ Ձեր ծնողներն ինչպե՞ս են ընդունել սերը դեպի ըմբշամարտը:

Մեկ ամիս ես մարզվել եմ ամեն օր, բայց ծնողներիցս գաղտնի: Նրանք չեն իմացել, թե ինչ մարզաձեւով եմ զբաղվում: Գիտեին, որ ինչ-որ մարզումների եմ գնում: Մայրս ամեն անգամ զարմանում էր համազգեստս լվանալիս, քանի որ այն մարզումներից հետո սովորականից ավելի խոնավ էր լինում: Մայրս մարմնամարզիկ էր եւ սրտանց ցանկանում էր, որ ես գնայի նրա հետքերով: Մի օր հայրս որոշեց հանդիպել մարմնամարզության մարզիչիս՝ ճշտելու համար, թե ինչ արդյունքներ են տալիս մեր մարզումները: Այդպես բացահայտվեց, որ ես գնում եմ ոչ թե մարմնամարզության, այլ՝ ըմբշամարտի: Հորս հետ հանդիպեցին մարմնամարզության եւ ըմբշամարտի մարզիչներս, ովքեր բացատրեցին, որ ես ավելի լավ տվյալներ ունեմ ըմբշամարտի համար եւ ավելի մեծ հաջողությունների կհասնեմ այդ մարզաձեւում: Մայրս, իհարկե, չընդունեց, նույնիսկ՝ նեղվեց, բայց հետագայում, երբ արդեն հաջողություններ ունեցա, նա հասկացավ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Հայրս ինձ շատ լուրջ հարցրեց, իսկ ես պատասխանեցի, որ ցանկանում եմ զբաղվել ըմբշամարտով: Երբ մայրս փորձեց դեմ լինել, հայրս միջամտեց, ասելով` որ դա կնոջ գործ չէ եւ ես զաղվելու եմ ըմբշամարտով:

Այս ամբողջ ընթացքում երբեւէ հիասթափվե՞լ եք ըմբշամարտից:

Հիասթափություն բառը չեմ ընդունում: Ամեն ինչ գալիս է մարդու բնավորությունից եւ կամային հատկանիշներից: Մարդ հիասթափվել չի կարող, եթե հոգեբանորեն պատրաստ լինի իր կյանքը նվիրել այդ մարզաձեւին: Իսկ ես առաջին մարզումներից պատրաստվել, տրամադրել եմ ինձ, որ սա է իմ ուղին: Դրանում մեծ դեր է ունեցել նաեւ իմ մարզիչը, ում շնորհիվ երբեք չեմ հանդիպել հիասթափության:

Բացի սպորտից, ի՞նչ նախասիրություններ եք ունեցել:

Մանկուց շատ սիրել եմ երաժշտություն եւ ընթերցանություն: Շատ եմ կարդացել: Եվ ոչ թե միայն ես էի կարդում, այլ դա դրված կարգ էր մեր հավաքականում: Մեր մարզիչն իր աշակերտներից պահանջում էր լավ սովորել, հակառակ դեպքում թույլ չէր տա շարունակել մարզումները: Մի մասը ստիպված, մյուս մասը՝ սիրելով յուրաքանչյուրը սովորում էր: Հավաքների ժամանակ մարզիչը հերթով հետաքրքրվում էր, թե այդ պահին ով ինչ գիրք է կարդում: Գտնում եմ, որ այսօր նման մարզիչների կարիք մենք ունենք, բայց չգիտեմ` կան, թե՝ ոչ: Իմ դեպքում մի փոքր դժվար է այդքան հետեւողական լինել, քանի որ ես ղեկավարում եմ մեծահասակների հավաքականը: Բայց խորհուրդներ տալիս եմ, որ պարբերաբար ինքնազարգացմամբ զբաղվեն, կրթություն ստանան, շատ կարդան:

Պարոն Ջուլֆալակյան, եթե չլիներ սպորտը...

Գուցե այժմ բժիշկ նստած լիներ ձեր առջեւ: Ես միշտ սիրել ու շարունակում եմ սիրել բժշկությունը, հետաքրքրվում եմ ամեն ինչով: Դա ինձ համար շատ կարեւոր մասնագիտություն է: Պետք է կարողանաս մի բանով օգտակար լինել մարդկությանը: Այսօր սպորտը փոխարինում է բժշկությանը: Մենք էլ առողջ մարմին ու առողջ հոգի ենք դաստիարակում եւ առողջ զավակներ տալիս պետությանը:

Ասում են` բարդ է լինել ե'ւ լավ մարզիկ, ե'ւ ընտանիքի լավ ամուսին: Դժվա՞ր է համատեղել ընտանեկան կյանքն ու սպորտը: Ինչպե՞ս եք գտել այդ ներդաշնակությունը:

Ինձ մոտ ամեն ինչ ճիշտ է ստացվել: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված: Գուցե պատճառը ճիշտ դաստիարակությունը կամ կյանքի ուղեկցուհու ճիշտ ընտրությունն է: Ես ամեն ինչը կարողացել եմ ճիշտ համատեղել: Հասցրել եմ: Գուցե ինձանից էլ է կախված եղել: Եթե ճիշտ ընտրություն չկատարեի, բնականաբար որքան էլ ցանկանայի, անձնական կյանքս լավ չէր դասավորվելու: Եթե քո կողակիցը չհասկանա քեզ, իսկ դու նրան հասկանաս, միեւնույն է այդպես չի ստացվի: Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ կատարել ճիշտ ընտրություն եւ կազմել լավ ընտանիք: Երջանիկ եմ, որ ունեմ լավ զավակներ՝ հարգված իրենց շրջապատում եւ հանրապետությունում, ճանաչված ամբողջ աշխարհում, կրթված, գրագետ եւ, ամենակարեւորը, մարդկային հատկանիշներով լի:

Ինչպես եք հանդիպել Ձեր կին Աիդային:

Իմ կինն էլ եղել է սպորտում: Զբաղվել է սիրողական բասկետբոլով: Մենք հանդիպել ենք ընկերական շրջապատում: Նա իմ մանկության ընկերների համադասարանցին էր: Մենք բազմիցս հանդիպել ենք: Անկախ մեր կամքից, շատ էին ստացվում պահեր, երբ հանդիպում էինք, իսկ ես հավանում էի նրան: Տարիներ անց, երբ պետք է կատարեի ընտրություն, հետեւելով սրտիս ձայնին, ընտրեցի Աիդային: Ճիշտ է, մի քիչ ժամանակ էր պետք իրար ավելի լավ ճանաչելու համար: Ամեն ինչ շատ հաջող ստացվեց: Մինչեւ ամուսնանալը երկու տարի հանդիպեցինք. ես այդ ժամանակ 20 տարեկան էի: Գուցե փոքր էի տարիքով, բայց 22 տարեկանում հասկացա, որ պատրաստ եմ ամուսնանալու: Պահը հասունացել էր, գիտակցում էի, որ հասունացել եմ այդ քայլի համար, ինչը չես ասի այսօրվա երիտասարդության մասին: Կարողացա կազմել շատ ամուր ընտանիք եւ լավ պահել այն: Չնայած 22 տարեկան էի, բայց արդեն կայացած էի, հատկապես՝ ֆինանսապես: Այդ ամենը մի կողմ դրած, ունեցել ենք ամենակարեւորը՝ իրար հասկանալը եւ սիրելը: Եղել են նաեւ դժվար պահեր, բայց ամեն ինչ հաղթահարել ենք: Արդեն 30 տարի է ճանաչում ենք իրար, բայց 30 րոպե չենք նեղացել իրարից: Ամեն հարցում իրար հասկանում ենք, կիսվում ենք, շատ հեշտ են մեր հարաբերությունները: Փորձում ենք ավելորդ բարդություններ չստեղծել:

Որն է Ձեր երջանկության բանաձեւը:

Իմ երջանկության բանաձեւը ճիշտ ապրելն է: Ես շատ լավատես եմ, աշխատում եմ ավելորդ բարդություններ չստեղծել նույն ընտանեկան հարաբերություններում: Ես եւ կինս կես բառից հասկանում եւ հավատում ենք իրար: Ընտանիքները հիմնականում քայքայվում են խանդի հողի վրա: Իսկ ես չգիտեմ ինչ է խանդը: Գիտեմ մի բան, որ եթե մարդ հավատում է, ուրեմն պետք է չխանդի, եթե խանդում ես, ուրեմն կասկածում ես, իսկ եթե կողակցիդ կասկածում ես, ուրեմն պետք չէ ապրել միասին, այլ՝ բաժանվել: Եթե զույգերի մեջ կասկած կա, միասին պետք է չլինեն: Մնացած հարցերը կարգավորվող են:

Որքա՞ն հաճախ եք սիրո խոստովանություն անում Ձեր կնոջը:

Ամեն օր, ամեն րոպե մենք իրար սիրո խոստովանություն ենք անում՝ սիրո խոսքեր ասելով միմյանց: Առանց սիրո ոչինչ չի լինում: Մինչեւ օրս սիրում եմ կնոջս այնպես, ինչպես առաջ:

Պարոն Ջուլֆալակյան, այսօր դարձաք 50 տարեկան: Եթե նորից ծնվելու հնարավորություն ունենայիք, նույն կերպ կապրեի՞ք Ձեր կյանքը:

Միանշանակ: Որոշ փոփոխություններ ու սխալներ հանելով՝ կապրեի նույն կյանքը, ինչ մինչեւ 50 տարեկանը: Առանց տատանվելու կանցնեի նույն ճանապահով: Ես շատ երջանիկ եմ ու գոհ եմ իմ անցած դժվար, բայց հեշտ ճանապարհից:

Այս կյանքում գնում եմ երջանիկ ապրելու, երջանկության հետեւից: Ցանկանում եմ, որ իմ ամեն մի օրը, րոպեն, կյանքս լինի հետաքրքիր, երջանիկ, եւ ուրախ: Եվ դրա համար անում եմ հնարավոր ամեն բան: Եթե դու երջանիկ ես, ապա քո շրջապատը, քո ընտանիքը, քեզ հետ հաղորդակցվող մարդիկ էլ են լինում երջանիկ: Ես չեմ սիրում մարդկանց, ովքեր անընդհատ դժգոհում են կյանքից: Ամեն հարցում միշտ փորձում եմ տեսնել լավը, իսկ վատը մի կողմ նետել:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։