Արտաշես Ներսիսյան. Շատ ուրախ եմ, որ կանանց երիտասարդական եւ պատանեկան թիմերը վստահվել են Նազիկ Ավդալյանին

21:09   28 մարտի, 2014

Շատ ուրախ եմ, որ ծանրամարտի կանանց երիտասարդական եւ պատանեկան հավաքականները վստահվել են Նազիկ Ավդալյանին: Մենք տարաձայնություններ չենք ունենա, եւ նա լավ մարզիչ կլինի աղջիկների համար: Այժմ ես մարզումներս կենտրոնացրել եմ կանանց մեծահասակների հավաքականի վրա, քանի որ մի քանի օրից մեկնում ենք Եվրոպայի առաջնության:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Այս օրերին ծանրամարտի կանանց հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյան քաղաքի մարզաբազայում, իսկ ապրիլի 3-ի կմեկնի Թել Ավիվ, որտեղ ապրիլի 3-ից 13-ը կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Պարոն Ներսիսյան, հավաքականն արդեն պատրա՞ստ է Եվրոպայի առաջնությանը:

Արդեն այո, լիովին պատրաստ ենք թե մարզավիճակով, թե հոգեբանական պատրաստվածությամբ: Եվրոպայի առաջնությանն այս տարի կներկայանանք երեք մարզուհիներով, ովքեր երկար դադարից հետո վերադառնում են միջազգային մրցահարթակ՝ Էլեն Գրիգորյան (48կգ), Աննա Գովելյան (53 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյան (+75կգ): Կար նաեւ Մելինե Դալուզյանի թեկնածությունը, սակայն նա առողջական խնդիր ունի: Բացի այդ, լիարժեք չէր վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո, դեռեւս ցավ էր զգում ծնկներում:

Ընդամենը երեք ծանրորդով հանդես կգաք: Ինչո՞ւ եւ ինչո՞վ է պայմանավորված հենց այս մարզիկների ընտրությունը, որոնք մինչ այդ տեւական ժամանակ հանդես չէին գալիս:

Որպես գլխավոր մարզիչ այդքան չեմ անհանգստանում, որ Եվրոպայի առաջնությանը ընդամենը երեք աղջիկներով ենք մասնակցում: Մենք շեշտը դնում ենք ավելի շատ աշխարհի առաջնության վրա: Ամեն ինչ կանենք, մեզ կփորձենք լավ վիճակում պահել, առանց վնասվածքների մրցումներից վերադառնալ եւ ավելի կարեւոր ստուգատեսի պատրաստվել: Դա աշխարհի առաջնությունն է: Հիմա պետք է զգուշանանք, խուսափենք ավելորդ վնասվածքներից: Մելինեն էլ ժամանակ կունենա պատրաստվելու աշխարհի առաջնությանը:

Չնայած քիչ են մարզիկները, բայց բնական է, որ առանց ակնկալիքների չենք մեկնում մրցման, բայց այս պարագայում Եվրոպայի առաջնության մրցահարթակն օգտագործելու ենք որպես աշխարհի առաջնության նախամեկնարկային հարթակ: Ինչպես արդեն ասացի, այս Եվրոպայի առաջնությանը կազմում ընդգրկված ծանրորդները երկար ժամանակ սպորտում դադար տված եւ կրկին մրցահարթակ վերադարձած մարզուհիներն են: Բոլորս գիտենք, որ դեռեւս մեկ տարի էլ չի անցել, ինչ Հռիփսիմե Խուրշուդյանը մայր է դարձել: Նա դեռ պետք է լիարժեք վերականգնվի:

Էլեն Գրիգորյանը շուրջ երեք տարի չէր մարզվում  ուսի վիրահատության պատճառով, իսկ Աննա Գովելյանը ամուսնացել էր եւ տեղափոխվել այլ երկիր, ապա նաեւ մայրացել եւ 3-4 տարի չէր մարզվում: Հիմա նորից մրցահարթակ է դուրս գալիս: Բոլորն էլ հեռանկարային ծանրորդներ են, Եվրոպայի մրցանակակիրներ, Հռիփսիմեն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Այս մարզուհիների ներուժը չօգտագործելը մեծագույն սխալ կլիներ մարզչական կոլեկտիվի կողմից: Նրանց հարկավոր են շատ մարզումներ ու լուրջ, խոշոր մրցաշար, ինչպիսին Եվրոպայի առաջնությունն է, որպեսզի լիարժեք վերականգնված ու լավ մարզավիճակում լինեն աշխարհի առաջնության ժամանակ:

Աշխարհի առաջնությունն այս տարի արդեն վարկանիշային մրցաշար է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի համար, իսկ մենք աշխարհի առաջնությունում չենք կարող հույսներս դնել պատանիների վրա, ովքեր մարզվում են 2-3 տարի: Չեմ ժխտում, որ պատանիներից կարող են լինել երեխաներ, ովքեր կհասցնեն մինչեւ 2016  թվականը վարկանիշ ձեռք բերել եւ ուղեգիր նվաճել, բայց այժմ ռիսկի դիմել պետք չէ:

Իսկ ռիսկային չէ՞ երկարատեւ դադարից հետո աղջիկներին միջազգային մրցահարթակ հանելը:

Ռիսկային է, բայց մենք շեշտը մեդալների վրա չենք դնում: Ես որպես գլխավոր մարզիչ նրանց առջեւ խնդիր եմ դրել մտնել գոնե առաջին 6-ի մեջ, եւ նույնիսկ մրցանակային տեղն ինձ համար կարեւոր չէ, կարեւորն այն է, որ վեց մոտեցում ունեն, վեցն էլ հաջողությամբ ավարտեն, իրենց վստահությունը տեղը գա, մի քանի կիլոգրամ ավելացնեն ու արդեն հավատան իրենց ուժերին, որ կարող են մասնակցել վարկանիշային մրցաշարերի:

Օրինակ՝ Հռիփսիմեն այժմ մեծ տեմպով առաջ է շարժվում, նա մայրանալուց հետո սկսեց զրոյից եւ այժմ բավական առաջ է անցել: Այս մարզմանն, օրինակ, առաջին անգամ 100 կգ մոտեցում արեց, եւ նրա մոտ հաջող ստացվեց: Երկամարտում նա հասել է արդեն մոտ 230 կգ-ի: Իսկ սա նորմալ ցուցանիշ է: Ես նրանց ասել եմ՝ պետք է անեն ամեն ինչ, որ ես գոհ մնամ: Եթե 2-3 մոտեցում իրացնեն, դժգոհ պետք է լինեմ, իսկ եթե 5-6 մոտեցում իրացնեն, միայն կուրախանամ ու գոհ կլինեմ իմ սաներից:

Եվրոպայի առաջնությունից հետո մենք կունենանք վեց ամիս ժամանակ, իսկ վեց ամիսը, Հռիփսիմեի, Մելինեի եւ մյուսների համար երկար ժամանակ է մարզվելու եւ նախապատրաստվելու համար: Իսկ արդեն աշխարհի առաջնությունում կդրվեն խնդիրներ, եթե ոչ մեդալ, ապա անպայման 4-րդ տեղ, կամ 3-րդ, այսինքն՝ վարկանիշային տեղեր:

Հիմա գուցե շատերը ճիշտ չհասկանան, որ այս Եվրոպայի առաջնույթյունում մենք մեր առջեւ մեդալի խնդիր չենք դրել: Այս աղջիկները ընդամենը երեք ամիս են մարզվում, եթե երեք ամիս մարզվենք ու գնանք Եվրոպա, մեդալ բերենք, ուրեմն՝ եվրոպացիները թույլ են: Օրինակ՝ հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունում, չեմ խոստանում, բայց երկու-երեք մեդալի համար կպայքարենք:

Պարոն Ներսիսյան, աղջիկների երիտասարդական եւ պատանեկան հավաքականների ավագ մարզիչ է նշանակվել Նազիկ Ավդալյանը: Ինչպե՞ս եք գնահատում ֆեդերացիայի այս որոշումը: Որքանո՞վ եք Նազիկին տեսնում ավագ մարզիչի դերում:

Նազիկը լավ մարզիկ է եղել, աշխարհի չեմպիոն, բայց նա մարզչական փորձ ինքնուրույն դեռ չի ունեցել: Նա արժանի է լինելու հավաքականի մարզիչ: Ես անընդհատ նրա կողքին եմ, ցանկացած հարցով մենք անընդհատ խոսում ենք, եթե զուգահեռաբար հավաքների ենք՝ հեռախոսով ենք խորհդակցում, եթե չէ, ես նրա կողքին եմ:

Չմոռանամ նշել, որ Նազիկը նաեւ իմ աշակերտն է եղել, այսինքն մեր միջեւ տարաձայնությունները քիչ կլինեն, մարզելու մեթոդիկան նույնն է լինելու: Նրա կողքին կա նաեւ վաստակավոր մարզիչ Երվանդ Կիրակոսյանը: Նա իր փորձը կփոխանցի: Վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի: Ես ինքս շատ ուրախ եմ, որ Նազիկը մարզելու է հավաքականին: Ես Նազիկին վստահում եմ, նա չեմպիոններ կտա:

Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։