Հայտնի ֆուտբոլային գործակալ. Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ ցանկացած եվրոպական թիմում

13:26   5 մայիսի, 2012

Վերջին տարիներին բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տեղափոխվեցին ռուսական ակումբներ` Պիզզելլին, Մանուչարյանը, Մովսիսյանը եւ այլոք: Ռուսաստանի տրանսֆերային շուկայի առանձնահատկությունների եւ հայ ֆուտբոլիստների հեռանկարների մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է հայտնի ֆուտբոլային գործակալ` «СА - Футбольное агентство» գործակալության տնօրեն Ալեքսեյ Սաֆոնովի հետ:

Պարոն Սաֆոնով, ինչպե՞ս եք ստեղծել Ձեր գործակալությունը:

Ես 2003-ին ստացա արտոնագիր, իսկ գործակալությունը գործում է 2006-ից: Մինչեւ այդ «Խիմկիում» աշխատել եմ որպես մարզական տնօրեն, հետո «Ռուբինում», այնուհետեւ սկսեցի ինքնուրույն աշխատել, որոշեցի գործակալություն բացել: Հիմա մեզ մոտ ութ գործակալ է աշխատում, մենք ունենք մեր ինտերնատը, որն էլ պահում ենք: Այս պահին Ռուսաստանում աշխատում են 150 լիցենզավորված գործակալներ, բայց իրական շուկայում զբաղվողների թիվը 10-15 է:

Ի՞նչ տարբերություններ կան ֆուտբոլային գործակալությունների եւ առանձին աշխատող գործակալների միջեւ:

Ոչ մի տարբերություն չկա: Գործակալությունն ու գործակալը զբաղվում են նույն գործով: Գործակալը ներկայացնում է մի քանի ֆուտբոլիստների շահերը, իսկ գործակալության ոլորտն ավելի լայն է:

Իսկ ռուսական ու եվրոպական գործակալությունների միջեւ որեւէ տարբերություն կա՞:

Կանոնակարգն ամեն տեղ նույնն է, կարծում եմ առանձնահատուկ տարբերություններ չկան: Ռուսական շուկան բազմաթիվ արտասահմանցի ֆուտբոլիստների համար շատ հետաքրքիր է դարձել: Ֆինանսական պայմանները Ռուսաստանում բավականին լավ են:

Կարո՞ղ եք մոտավորապես նշել ռուսական տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստի տրանսֆերի միջին գինը:

Միջին գինը դժվար է նշել: «Անժին» հայտարարեց, որ Էտօ`Օ-ի համար վճարել է 20 միլիոն, Գոնսալեսի համար` 15 միլիոն, «Դինամոն» Ջուջակի համար` 13մլն եվրո գումարած ինչ որ բոնուսներ: Իսկ միջին կարգի ֆուտբոլիստները, ովքեր ռուսական Պրեմիեր լիգայում մի թիմից մյուսն են տեղափոխվում, մոտավորապես 500 հազար եվրո:

Ռուսաստանում եւ Ուկրաինայում մի շարք հայ ֆուտբոլիստներ են խաղում: Հետեւե՞լ եք նրանց խաղին, նրանք ի՞նչ հեռանկարներ ունեն:

Ինձ շատ է դուր գալիս Հենրիխ Մխիթարյանը: Կարծում եմ` նա կարող է խաղալ ցանկացած եվրոպական թիմում, ուղղակի պետք է համապատասխան մարզչի ու ակումբի հանդիպես, որտեղ կարող ես մշտապես խաղալ: Յուրա Մովսիսյանը շատ հետաքրքրիր, ֆիզիկապես ամուր հարձակվող է, արդեն 10-ից ավելի գոլ է խփել: Պիզելին նույնպես լավն է: Տուգանային հարվածները լավ է իրացնում, մարզիչը վստահում է նրան: «Ուրալում» լավ հայ ֆուտբոլիստ կա` Մանուչարյանը, ով նույնպես լավ ֆուտբոլ է ցուցադրում:

Շատերը կարծում են, որ Մովսիսյանն ու Պիզելին արդեն իրենց թիմերի մակարդակից ավելի բարձրակարգ խաղ են ցուցադրում, չնայած մտավախություն կա, որ ավելի լավ թիմ տեղափոխվելու դեպքում, որտեղ մրցակցությունն ավելի մեծ կլինի, նրանք չեն կարողանա ամրապնդվել թիմի հիմնական կազմում: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքերում:

Նրանք նոր առաջնություն են տեղափոխվել, հարմարվելու ընթացքը լավ են հաղթահարել: Մովսիսյանն իր կարգի համապատասխան թիմում է խաղում: Եթե նա տեղափոխվեր «Սպարտակ» կամ ԲԿՄԱ, ապա հնարավոր է` մնար պահեստայինների նստարանին: Կարծում եմ նրանք հիմա խաղում են իրենց մակարդակի թիմերում, իսկ հետագայում ամեն ինչ կախված է իրենցից:

Իսկ ի՞նչ կասեք Ռոման Բերեզովսկու տրանսֆերի մասին: Նա լավ թիմ է տեղափոխվել, բայց չի խաղում: Այդ տրանսֆերը արդարացվա՞ծ էր:

Իհարկե: «Խիմկին» այժմ ֆինանսական դժվարություններ ունի: Թիմը պայքարում է գոյատեւելու, իսկ «Դինամոն»` եվրագավաթների խաղարկության ուղեգիր նվաճելու համար: Իր տարիքի համար Բերեզովսկին լավ թիմ է տեղափոխվել: Առաջին խաղերում նրան վստահեցին, բայց նա չարդարացրեց սպասելիքները: Բայց ես կարծում եմ, որ նա լավ ու հուսալի դարպասապահ է: Նա, «Դինամո» տեղափոխվելով, ճիշտ է վարվել:

Դուք գործակալներ ունե՞ք, որոնք հետեւում են հայ ֆուտբոլիստների խաղին:

Ես մի ընկեր ունեմ` Վալերի Ալեքսանյանը, ով այժմ «Խիմկիի» մարզական տնօրենն է: Եթե հայ ֆուտբոլիստների հետ կապված հարցեր են առաջանում, ապա նրա հետ եմ խորհրդակցում: Իսկ որպես այդպիսին առանձին գործակալներ չունենք, որոնք Հայաստանում են: Մենք գործակալներ ունենք ամբողջ Ռուսաստանի տարածքում, բայց հատուկ Հայաստանի համար չունենք:

Կարո՞ղ եք նշել վերջին տարիների եվրոպական շուկայում վատագույն տրանսֆերը:

Կարծում եմ` ամենասխալ տրասնֆերն այն էր, երբ «Բարսելոնան» «Շախտյորին» 25մլն եվրո վճարեց Չիգրինսկու համար եւ հետո 15մլն եվրոյով վաճառեց: Նա այդպես էլ այդ թիմում չխաղաց: Այդպիսի օրինակները շատ են: Կարող եմ նշել նաեւ Տորրեսի տրանսֆերը, բայց նա վերջին խաղերում սկսել է գոլեր խփել:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։