10 հազար դրամ՝ Հայաստանի չեմպիոնին

20:39   4 մայիսի, 2012

Ես ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել ներկայացնել Հայաստանը: Ուրախ եմ նաեւ, որ մասնակցեցի Հայաստանի առաջնությանն ու գրավեցի առաջին տեղը: Սա ավելի է պարտավորեցնում ինձ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց մայիսի 4-ին գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանաբնակ Լիլիթ Հարությունյանը:

Մայիսի 4-ին Երեւանում ավարտվեց գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային եւ անհատական առաջնությունը, որը մեկնարկել էր մայիսի 2-ին:

Առաջնությանը մասնակցում էին թիմեր երեւանի Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր վարչական շրջաններից եւ մեկ թիմ` Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից (ԳՄԱՕՄ):

Թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց ԳՄԱՕՄ մարզադպրոցի թիմը` 435,3 միավորի առավելությամբ, երկրորդ տեղը` Կենտրոն վարչական շրջանի թիմը` 423,73  միավորով, երրորդ տեղում է` Արաբկիր համայնքի թիմը` 320,1 միավորով,

Բազմամարտում սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով առաջին երեք տեղերը զբաղեցրին Կլարա Սիմոնյանը (87, 29 միավոր, ք. Երեւան, Կենտրոն համայնք), Անյուտա Սեդրակյանը (79,25 միավոր, ք. Երեւան, Արաբկիր համայնք), Լուսինե Չթրյանը (69,6 միավոր, ք. Երեւան, Կենտրոն համայնք):

Բազմամարտում սպորտի վարպետի ծրագրով Հայաստանի չեմպիոն դարձավ Լիլիթ Հարությունյանը` 114 միավորի առավելությամբ: Երկրորդ տեղը հավասար միավորներով` 107, 75, կիսել են Սոնա եւ Մերի Իսրաելյանները:

Սպորտի վարպետի ծրագրի երկրորդ եւ երրորդ տեղերի հաղթողները Երեւանի Կենտրոն վարչական շրջանի եւ ԳՄԱՕՄ մարզադպրոցի ներկայացուցիչներ են: Հայաստանի նորընծա չեմպիոն Լիլիթ Հարությունյանը ապրում եւ մարզվում է Ռուսաստանում։ Հայաստանի առաջնությունում նա ներկայացրեց ԳՄԱՕՄ-ը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի նորընծա չեմպիոնուհին նշեց, որ երազում է դառնալ Օլիմպիական չեմպիոն:

«Սա ինձ համար իսկական հաղթանակ է: Ես գեղարվեստական մարմանամարզությամն զբաղվում եմ 5 տարեկանից: Երբ փոքր տարիքում ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան ես այնտեղ սկսեցի մարզվել մարմնամարզությամբ: Առաջին իսկ օրվանից ես մուտք գործեցի մեծ սպորտ. ինձ ուղղորդեցին իմ ծնողները: Նրանք երկուսն էլ մարմնամարզիկներ են եւ աշխատում են որպես մարզիչներ: Ես եւ իմ ընտանիքը մեծ նպատակներ ունենք այս մարզաձեւում: Ճիշտ է՝ ապրում եւ մարզվում եմ Ռուսաստանում, բայց դա չի նշանակում, որ ես չպետք է կամ չեմ կարող Հայաստանի անունից հանդես գալ: Դա ինձ համար երազանք է եղել: Հիմա նպատակ ունեմ մասնակցել Օլիմպիական խաղերի: Երազում եմ օլիմպիական չեմպիոն դառնալ եւ անպայման Հայաստանի դրոշի ներքո։ Հիմա ես պրոֆեսիոնալ մարզվում եմ Նիժնի Նովգորոդի օլիմպիական ռեզերվի մարզադպրոցում: Դա շատ լավ մարզադպրոց է: Իմ բոլոր մարզիչները ռուս են, հայ մարզիչներ չկան, որ իրենց հետ աշխատեմ: Իսկ Հայաստանի դրոշի տակ հանդես գալը իմ ցանկությունն էր: Այդ մասին ասացի ծնողներիս, նրանք այստեղ պայմանավորվեցին մարզիչների, ֆեդերացիայի հետ»,- ասաց Լիլիթը:

Առաջնության հաղթողները ստացան 10.000-ական դրամ։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Տեսանյութում Լիլիթ Հարությունյանի ելույթն է




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։