Սերժ Սարգսյանը եւ Կիրսան Իլյումժինովը՝ Երեւանում շախմատի Եվրոպայի առաջնության բացմանը (ֆոտո)

01:10   3 մարտի, 2014

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 2-ին կայացավ շախմատի Եվրոպայի 15-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Առաջնությունը նվիրված է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին:

Բացման արարողության ժամանակ ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում էր Պետրոսյանի մասին: Այնուհետեւ ցուցադրվեց գեղեցիկ ներկայացում:

Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Լրագրողների հետ զրույցում ՖԻԴԵ-ի նախագահը հայտնեց իր հիացմունքը՝ բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն:

«Հայաստանը միշտ եղել է շախմատի զարգացման կենտոր: Երբ շրջում ես աշխարհով, տեսնում ես, թե որքան բարձր են գնահատում շախմատի սովետական դպրոցը, Տիգրան Պետրոսյանի դպրոցը: Այս տարի կլրանար  Տիգրան Պետրոսյանի 85-ամյակը եւ այս առաջնությունը նվիրված է նրան: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպայի շախմատի ասոցիացիային՝ կազմակերպչական լավ աշխատանքի համար: Բոլոր մասնակիցները հաղթելու հնարավորություն ունեն: Հաջողություն ենք մաղթում բոլորին:

Պատահական չէ, որ այս փոքրիկ երկիրը երեք անգամ նվաճել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Մեծ հաջողություն է նաեւ այն, որ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդն է: Կարեւոր է նաեւ, որ շախմատը Հայաստանում համարվում է ազգային խաղ: Պատահական չէ, որ Հայաստանը առաջին պետությունն էր, որ շախմատն ընդգրկեց դպրոցական ծրագրում՝ որպես դասավանդվող առարկա: Ահա այս բոլորը միասին նպաստում են շախմատի Հայաստանի հավաքականի հաջողություններին»,- ասաց Կիրսան Իլյումժինովը:

Շուշանիկ Հակոբյան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.