Արթուր Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ֆոտո)

03:25   2 մարտի, 2014

Արթուր Աբրահամը վերադարձրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Գերմանական Մագդեբուրգում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում Աբրահամը միավորներով դժվարին հաղթանակ տարավ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ` 112:113, 115:110, 114:111:

Մեկնարկային ռաունդներում մարզապալատի աջակցության ներքո հանդես եկող Շտիգլիցն ավելի ակտիվ էր, բայց 34-ամյա Աբրահամը վատ չէր պաշտպանվում՝ դիմելով պատասխան գրոհների: Գրեթե բոլոր ռաունդները նման էին իրար: 32-ամյա գերմանացին շատ ակտիվ էր սկսում ռաունդը, իսկ Արթուրն ակտիվանում էր վերջնամասում: Ակտիվության շնորհիվ գերմանացին չնչին առավելություն էր ստացել միավորների հաշվարկում: Մենամարտի վերջնամասում Շտիգլիցի մոտ հոգնածություն էր նկատվում. նա դժվարությամբ էր մնում ոտքերի վրա, բայց Աբրահամը չէր կարողանում ինչպես հարկն է օգտվել դրանից: Այնուամենայնիվ, վերջին՝ 12-րդ ռաունդում գերմանացին հայտնվեց նոկդաունում: Մենամարտի ավարտին 25 վայրկյան էր մնում, սակայն Շտիգլիցը կարողացավ ոտքի կանգնել եւ դիմանալ մինչեւ ավարտը: Միեւնույն է գերմանացին չարդարացրեց բուքմեյքերների սպասելիքները. հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին:

Սա Աբրահամի եւ Շտիգլիցի երրորդ հանդիպումն էր ռինգում: Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:

Ռոբերտ Շտիգլիցը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Արթուր Աբրահամը տարավ 39-րդ հաղթանակը (28 նոկաուտ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.