09:17 28 փետրվարի, 2014Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին, այդ թվում եւ Ռոբերտ Շտիգլիցին: Եթե նա աշխարհի չեմպիոն է, ուրեմն ուժեղ բռնցքամարտիկ է, բայց ես եմ հաղթելու: Լավ կլինի, որ նոկաուտ անեմ, բայց կարեւորը հաղթանակն է: Ամեն ինչ անելու եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Մարտի 1-ին տեղի կունենա Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի երրորդ մենամարտը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Արթուր, արդեն մեկ օրից կկայանա այդքան սպասված մենամարտը: Ինչպե՞ս է տրամադրվածությունդ:
Ունեմ բարձր տրամադրություն, հաղթական տրամադրվածություն: Հիմա մտածում եմ միայն եւ միայն հաղթանակի մասին, ուրիշ ոչնչի:
Ի՞նչպես է անցել մարզումային փուլը:
Մարզումներս ծանր էին, 2013-ի դեկտեմբերի սկզբից գերծանրաբեռնված ռեժիմով մարզվել եմ Քինբաում քաղաքում, բայց չեմ դժգոհում, քանի որ այդ մարզումների շնորհիվ ես կարող եմ հասնել իմ մեծ նպատակին` հաղթանակին: Մարզիչս` Ուլլի Վեգները, ով սովորաբար դժգոհ է լինում իր մարզիկների մարզավիճակից, հիմա ասում է, որ գոհ է իմ մարզավիճակից:
Ի՞նչ գերխնդիր ես քո առջեւ դրել:
Հաղթել եւ վերանվաճել իմ չեմպիոնական տիտղոսը. ահա իմ գերխնդիրը: Իհարկե, շատ լավ կլինի, որ նոկաուտ անեմ, սակայն, ընդհանուր առմամբ, տարբերություն չեմ դնում միավորներով, թե նոկաուտով կհաղթեմ, կարեւորը հաղթանակն է:
Քո հարցարզույցներից մեկում նշել ես, որ պետք է անես ամեն ինչ՝ արդարացնելու քո հարազատների, երկրպագուների վստահությունը: Որքանո՞վ է քեզ գոտեպնդում այդ վստահությունը:
Շատ-շատ է գոտեպնդում: Բռնցքամարտի սիրահարների, երկրպագուներիս վստահությունն իրոք ինձ համար մեծ ուժ է: Միշտ զգում եմ նրանց քաջալերանքը` թե' ռինգում, թե' ցանկացած պահի: Բազմաթիվ ոգեւորող նամակներ եմ ստանում իմ կայքէջի եւ ֆեյսբուքյան էջի փոստարկղերին: Բոլորիդ շնորհակալ եմ, որ իմ կողքին եք եւ վստահում եք ինձ:
Ի՞նչ ես կարծում, աշխարհի չեմպիոնական տիտղոսը Ռոբերտ Շտիգլիցին տանուլ տալուց հետո, քո երկրպագուները կորցրե՞լ էին քո հանդեպ վստահությունը:
Կդժվարանամ հստակ պատասխանել: Հնարավոր է, որ որոշ մարդիկ կորցրել են իմ հանդեպ վստահությունը, բայց շատ-շատերն էլ հավատում են, որ ես նորից արդարացնելու եմ իրենց սպասելիքները: Բռնցքամարտ է, ամեն ինչ էլ կարող է պատահել: Մեր վերջին մենամարտի ժամանակ եթե Շտիգլիցի ձեռնոցի բթամատը չմտներ աչքս եւ աչքս չայտուցվեր, ամեն ինչ կարող էր այլ կերպ ավարտվել:
Արթուր, երեք անգամ նույն բռնցքամարտիկի հետ դուրս գալ ռինգ եւ երեքն էլ աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար: Հոգեբանորեն բա՞րդ չէ արդյոք պատրաստվել մենամարտին:
Գիտեք, ամեն ոլորտում էլ բարդություններ պատահում են: Սպորտը բացառություն չէ: Բայց դա չի կարող հետ պահել այն մտքից, որը քեզ ոգեւորում է դեպի հաղթանակ: Մարզումների ողջ ընթաքցում ինձ ոգեշնչել է հաղթելու միտքը, եւ դա այնքան ուժեղ է, որ ոչնչացնում է ճանապարհին հանդիպող ամեն բարդություն:
Դու արդեն երրորդ անգամ ես հանդիպում Շտիգլիցին ռինգում եւ արդեն, կարծում եմ, հասցրած կլինես ծանոթանալ նրա մարտավարությանը: Ի՞նչ մարտավարություն ես մշակել այս անգամ: Ինչի՞ վրա ես դնելու շեշտը ռինգում:
Այո, արդեն Շտիգլիցի հետ մենամարտելու լավ փորձ ունեմ, եւ մարզիչիս հետ մշակել ենք մարտավարություն, որի մասին նախապես չեմ ուզում բարձրաձայնել: Միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ հաղթելու համար:
Ինչպե՞ս կգնահատես Շտիգլիցի հնարավորությունները:
Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին, այդ թվում եւ Ռոբերտ Շտիգլիցին: Եթե նա աշխարհի չեմպիոն է, ուրեմն ուժեղ բռնցքամարտիկ է:
Իսկ քոնը:
Ես եմ հաղթելու:
Արթուր, ռինգից դուրս ի՞նչ հարաբերությունների մեջ եք դու եւ Շտիգլիցը:
Շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք` հարգանքով ենք վերաբերվում միմյանց:
Որպես մարդ, ինչպե՞ս կբնութագրես Շտիգլիցին: Եվ պրոֆեսիոնալ տեսանկյունից հնարավո՞ր է ռինգից դուրս մրցակից բռնցքամարտիկների միջեւ մտերիմ ընկերական հարաբերություններ:
Շտիգլիցի մարդկային որակներին շատ ծանոթ չեմ, ուստի կդժվարանամ բնութագրել նրան: Այլ բռնցքամարտիկների դեպքում` չգիտեմ ինչպես է, բայց ես մրցակիցներիս մեջ չեմ ունեցել եւ չունեմ մտերիմ ընկերներ: Ամեն դեպքում, մեծ աշխարհ է, ամեն ինչ էլ հնարավոր է, այդ թվում` ռինգից դուրս մրցակից բռնցքամարտիկների միջեւ մտերիմ ընկերական հարաբերություններ:
Արթուր, մի քանի օր առաջ նշեցիր ծննդյանդ 34-ամյակը, ինչի կապակցությամբ NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ: 34-ը բավական լուրջ տարիք է պրոֆեսիոնալ ռինգում: Հնարավո՞ր է, որ այս մենամարտով ավարտես բռնցքամարտիկի կարիերադ, թե՞ դա կորոշես մենամարտից հետո:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Դեռ վաղ է խոսել կարիերայիս ավարտի մասին, մինչեւ 2015 թվականը պաշտոնական պայմանագիր ունեմ գերմանական «Զաուերլանդ իվենթ» պրոմոութերական կազմակերպության հետ:
Արթուր, այս օրերին սպորտային կյանքն աշխարհում ուղղակի եռում է: Օրերս ավարտվեցին Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Հասցրե՞լ ես հետեւել մեր օլիմպիականների ելույթներին:
Իհարկե, հետեւել եմ մեր օլիմպիականների ելույթներին:
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է հաջող ելույթները Գերմանիայում: Հանդիպեցի՞ր Հենրիխի հետ, թե՞ դեռ միայն հեռակա կարգով եք շփվում: Նրան հրավիրե՞լ ես քո մենամարտին:
Ես եւ Հենրիխ Մխիթարյանը միշտ կապի մեջ ենք, սակայն դեռ չենք հանդիպել, սպորտային կյանքը թույլ չի տալիս: Մարտի 1-ին նա չի կարող ներկա լինել իմ մենամարտին, քանի որ բավականին հեռու է` մոտ 800 կիլոմետր:
Վերջում, քեզ մաղթում ենք հաջողություն ռինգում եւ վստահ հաղթանակ: Շնորհակալություն:
Շատ շնորհակալ եմ Ձեզ, ձեր ընթերցողներին եւ իմ երկրպագուներին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.