Վան Դամը եւ Բելմոնդոն աջակցել են Ալեքս Միսկիրտչյանին

19:15   27 փետրվարի, 2014

Բելգիացի հայտնի դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Ժան-Կլոդ Վան Դամը նկարահանել է տեսահոլովակ, որի նպատակն է աջակցել հայկական արմատներով բելգիացի բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանին IBF վարկածով չեմպիոնի համար ռուսաստանցի Եվգենի Գրադովիչի հետ մենամարտից առաջ։ Հնարավոր է, որ մենամարտը կայանա Երեւանում։

Թբիլիսիում ծնված բռնցքամարտիկը բնակվում է Բելգիայում, իսկ գործող տիտղոսակիր Գրադովիչը՝ ԱՄՆ-ում։

Միսկիրտչյանի մենեջեր Ալեն Վանակերը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայ- բելգիական առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ հանդիպել են ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի, ինչպես նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

«Ծառուկյանին հարցրեցինք, թե արդյոք նա կարող է օգնել Երեւանում մենամարտի անցկացմանը, եւ հարկավոր է նշել, որ նա շատ լավատեսորեն էր տրամադրված»,- հայտնել է Սաֆարյանը։

Մենամարտի անցկացման վայրի մասին կհայտարարվի համաձայնության գալուց անմիջապես հետո։

«Երեւանում կան մարզական կառույցներ, որոնք համապատասխանում են IBF-ի պահանջներին, այդ պատճառով դրա հետ ոչ մի խնդիր չկա։ Ցանկանում ենք մենամարտը հեռարձակել ե՛ւ Բելգիայում, ե՛ւ իմ բռնցքամարտի շոուի եթերում։ Մեծ հավանականություն կա, որ համաձայնության կգանք եւ պայմանագիր կկնքենք հայկական հեռուստաալիքներից մեկի հետ»,- նշել է Ալեն Վանակերը։

«Միսկիրտչյանի նախորդ մենամարտը, երբ նա հաղթեց EBU վարկածով եռակի չեմպիոն ֆրանսիացի Սոֆիան Տակուշին, ցուցադրվում էր Բելգիայում եւ մեծ հետաքրքրություն առաջացրեց»,- ասել է Սաֆարյանը։

Ալեքս Միսկիրտչյանին ակտիվորեն աջակցում է Ժան-Կլոդ Վան Դամը։

«Նա շատ զբաղված էր եւ չկարողացավ ներկա լինել Ալեքսի վերջին մենամարտին, սակայն տեսահոլովակ է նկարահանել՝ նրան աջակցելու համար։ Տարածեցինք այդ տեսահոլովակը Հայաստանում, եւ հարկավոր է նշել, որ այն մեծ հաջողություն ունեցավ»,- ասել է Վանակերը։

Բռնցքամարտիկին աջակցել է նաեւ ֆրանսիացի հայտնի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն, ով երիտասարդ տարիքում զբաղվել է բռնցքամարտով։

Տարիներ առաջ Վանակերը հրավիրել է 18-ամյա Միսկիրտչյանին իր հեռուսաշոուին եւ այդ ժամանակվանից դարձել է նրա մենեջերը։

«Ասացի, որ նա պետք է նվաճի Բելգիայի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ հետո նաեւ՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Առաջին երկու խնդիրները նա լուծեց, այժմ ժամանակն է IBF-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար»,- ավելացրել է Վանակերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։