Խուանխուան Լիյու. Անպայման կծանոթանամ ձեր երկրին եւ գուցե մի օր էլ գամ, Հայաստանը լուսանկարեմ

22:54   24 փետրվարի, 2014

Անպայման կծանոթանամ ձեր երկրին եւ գուցե մի օր էլ գամ, Հայաստանը լուսանկարեմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 31-ամյա լուսանկարիչ, Չինաստանի լրատվական գործակալության ֆոտոթղթակից Խուանխուան Լիյուն, ով չինական մամուլին Սոչիից ապահովում էր 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լուսանկարներով:

«Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով: Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Այստեղ ամեն ինչ հիացրեց: Սպասվածից ավելին է արված: Բոլոր պայմանները ստեղծված էին թե Խաղերի մասնակիցների, թե լրատվամիջոցների համար:

Օլիմպիական խաղերն ինձ համար իսկական փորձություն էին, փորձ ձեռք բերելու, այս ոլորտի մասնագետների հետ ծանոթանալու լավ առիթ: Լուսանկարիչների միջեւ ուժեղ մրցակցություն է գնում: Բոլորը պրոֆեսիոնալներ են, եւ ամեն մի լուսանկար արվում է մեծ պրոֆեսիոնալիզմով: Չես հասցնում աչքդ թարթել, երբ նույն մարզաձեւից համացանցում հայտնվում են միլիոնավոր լուսանկարներ՝ մեկը մյուսից լավ, օրիգինալ: Ես շեշտադրությունը դրել եմ որակյալ կադր ստանալու վրա: Սիրում եմ մարզիկների հայացքները լուսանկարել եւ փոխանցել նրանց ապրումները, մտածմունքն այդ պահին:

Շատ եմ հավանել Սոչին: Փոքրիկ քաղաք է մեծ սիրտ ունեցող մարդկանցով: Մեծ տպավորություններով եմ վերադառնում Չինաստան:

Ցավոք սրտի, Հայաստանի մասին չգիտեմ: Ձեզանից լսեցի: Այսօր եւեթ ինտերնետով կփնտրեմ Հայաստանը եւ կծանոթանամ ձեր երկրին եւ գուցե մի օր էլ գամ, Հայաստանը լուսանկարեմ»,- ասաց Խուանխուան Լիյուն:

Լուսինե Շահբազյան՝ Սոչիից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.