Ստեփան Չաուշյան. Օտարերկրացի մարզիկների համար լրագրողների հարցերին պատասխանելը պարտականություն է

17:04   22 փետրվարի, 2014

Սոչիում 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը լուսաբանող մի քանի հազար լրագրողներից մեկն էլ ռուսական «Аргументы и факты» պարբերականի կայքի մարզական բաժնի խմբագիր, ինտերնետային «Радиокоманда» հաղորդման հեղինակ եւ վարող Ստեփան Չաուշյանն է: Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը զրուցել է նրա հետ:

«Պյատիգորսկում ստացել եմ բարձրագույն կրթություն եւ տեղափոխվել եմ Մոսկվա: Այստեղ ավարտել եմ ժուռնալիստիկիայի ֆակուլտետը եւ համատեղ սկսել եմ աշխատել «Քո օրը» թերթում, Life News կայքում՝ խմբագիր  Արամ Աշոտի Մխիթարյանի մոտ: Դա դեղին մամուլ էր, եւ ես հետեւում էի ռուս մարզիկների կյանքի քողարկված էջերին: Այդպես աստիճանաբար սկսեցի հետաքրքրվել սպորտով»,- նշեց Ստեփան Չաուշյանը, որի հետ հանդիպեցի Սոչի Օլիմպիական խաղերի մեդիակենտրոնում:

Ստեփան Չաուշյանը պատմեց ռուսական լրատվական դաշտի բարդությունների եւ մարզիկների հետ աշխատանքի խնդիրների մասին:

«Ռուսաստանում կամ գրում ես այնպես, ինչպես ցանկանում են, եւ դու բոլորի սիրելին ես, կամ գրում ես այն, ինչ խնամքով թաքցված է, եւ այդ դեպքում քեզ հետ ոչ ոք չի խոսում: Շատ դժվար է: Ամենալավ օրինակն այս պահին տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի պարտությունն է: Ռուսաստանի հավաքականի պարտության օրը ես եւ ամբողջ լրատվական դաշտը սպասում էինք խաղի ավարտից հետո մեկնաբանությունների, պարտության պատճառների մանրամասներին: Սակայն հոկեյիստներից ոչ ոք չմոտեցավ լրագրողների հետ ճեպազրույցի, միայն Պավել Դացյուկը նորմալ մի քանի մեկնաբանություն արեց: Իսկ մյուսներն անտարբեր անցան լրագրողների կողքով: Սա դվժարագույն աշխատանքի վառ օրինակ է: Իսկ իրականում այդպես չպետք է լինի: Պետք չէ միայն հաղթանակները մեկնաբանել, սիրալիր պատասխանել լրագրողների հարցերին: Պարտությունն էլ պետք է մեկնաբանել: Ինձ համար սա մարզիկի պրոֆեսիոնալիզմի պակասի կատարյալ ապացույց է: Մարզիկը պետք է կարողանա պատասխանել լրագրողների յուրաքանչյուր հարցին եւ ոչ թե պարտվելուց հետո բառիս բուն իմաստով փախչի խաղադաշտից: Սա մենթալիտետ է, որը պետք է փոխվի:

Ինձ համար Եվրոպայի, ԱՄՆ-ի մարզիկներն ավելի պրոֆեսինալ են եւ ավելի գրագետ մոտեցում ունեն լրագրողների հանդեպ, քանի որ ինչպես էլ չխաղան՝ լավ, վատ, հաղթեն, թե պարտվեն, նրանք հարգում են լրագրողներին եւ մեկնաբանում բոլոր դեպքերում: Եթե նույնիսկ պարտվում են, նրանք մասնակցում են մամուլի ասուլիսին եւ, ամենակարեւորը, չեն թաքնվում հանրությունից ու լրագրողներից:

Մեզ մոտ ամեն ինչ այլ է, եւ գրեթե բոլոր մարզիկներն այսպես են վարվում՝ երբ ամեն ինչ լավ է, հաղթանակն իրենցն է, կանգնում են, երկար զրուցում, պատմում, կիսվում, իսկ երբ պարտված են դուրս գալիս մարզադաշտից, նրանց հետ մեկ բառ անգամ փոխանակել չի լինում: Օրինակ՝ հոկեյիստ Ալեքսանդր Ռադուլովն ունի իր սովորույթը. նա երբեք չի մոտենում լրագրողներին եւ երբեք հարցազրույց չի տալիս: Դրան արդեն մենք սովորել ենք: Մյուսները միայն հաղթանակի դեպքում են ամեն հարց լսում ու պատասխանում: Գոնե որդեգրեն Ռադուլովի սովորույթը, կիմանաս, որ մարզիկները հարցազրույց չեն տալիս եւ անտեղի ժամանակ չես վատնի:

Գեղասահքի կանանց մենասահքի առաջին մրցումային օրը չեմպիոնի հավակնորդ, ճապոնացի Ասադան տապալեց ելույթը եւ հազիվ մտավ 20-ի մեջ, բայց նա սիրով պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին: Օտարերկրացի մարզիկների հետ աշխատելն ավելի դյուրին է, նրանք հասկանում են, որ ամեն պարագայում լրագրողների հարցերին պատասխանելը իրենց պարտականությունների մեջ է մտնում»,- ասաց Ստեփան Չաուշյանը:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։