01:23 15 փետրվարի, 2014Ես ինքս ինձնից գոհ եմ: Կարծում եմ՝ եթե ձյունը սառած լիներ, ավելի լավ հանդես կգայի: Բայց ես մտածում եմ, եթե այսպես եղավ, ուրեմն այսպես էլ պետք է լիներ, պատճառներ չփնտրեմ: Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն էր, եւ ինձ համար բարդ էր նույնիսկ այդ 10 դահուկորդներին հետ թողնելը:
Այս մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասաց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի միակ կին մասնակից, դահուկորդ Կատյա Գալստյանը, ով փետրվարի 13-ին 15 կմ դահուկավազքում գրավել է 63-րդ տեղը 75 մասնակիցների մեջ:
«Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Մեծ տպավորություններ ունեմ թե Օլիմպիական խաղերից, թե կանանց դահուկավազքի մրցումից: Բնականաբար, շատ բարդ էր: Իրականում այս ձյան վրա, որ այժմ կա Սոչիում, շատ դժվար է սահելը: Այստեղ արհեստական ձյուն է, եւ երբ այն սկսում է հալվել, ավելի է բարդանում դահուկով սահելը: Ընթացքդ անկախ քեզանից դանդաղում է:
Ես ինքս իմ մրցելույթից գոհ եմ, քանի որ, կարծում եմ, շատ լավ հանդես եկա: Եթե հաշվի առնենք, թե ինչ ուժեղագույն մարզիկներ էին ինձ հետ նույն մրցուղում, ինձ համար նրանցից 10-ին էլ հաղթելը մեծ արդյունք է:
Ես այս Օլիմպիական խաղերին մասնակցեցի սպիտակ քարտով, ոչ իմ վարկանիշով եւ այստեղ մասնակից մյուս դահուկորդներից բավական թույլ էի: Ինձ համար բարդ էր նույնիսկ այդ 10 դահուկորդներին հետ թողնելը:
Հուզմունք միանշանակ կար, քանի որ ինչպես արդեն նշեցի առաջին մասնակցությունն էր. ես չգիտեի՝ ինձ ինչ է սպասվում, ովքեր են իմ մրցակիցները: Բայց երբ արդեն մեկնարկը տրվեց, եւ ես զգացի որ իմ հետեւից եկող դահուկորդներ կան, այլ ես չեմ վերջինը, արդեն ինքնավստահությունս եկավ տեղը, հուզմունքս անցավ:
Երբ հասա վերջնագծին, սրտումս հանգստություն կար, որ ամբողջ մրցուղում ինձ ոչ ոք չի անցել, ինչպես մեկնարկել ենք, այնպես էլ անցել եմ ամբողջ մրցուղին, բացի այդ ես շրջանցել էի երեք դահուկորդի: Ինչ-որ տեղ խիղճս հանգիստ էր, որ արդյունք ունեմ»,- ասաց Կատյա Գալստյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.