11 տարի անց «Վալենսիան» «Նոու Կամպում» հաղթեց «Բարսելոնային»

20:51   1 փետրվարի, 2014

Կատալոնական «Բարսելոնան» փետրվարի 1-ին երկրորդ պարտությունը կրեց ֆուտբոլի Իսպանիայի 2013/2014 առաջնությունում: Պրիմերայի 22-րդ տուրում կատալոնացիները սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեցին «Վալենսիային», որը տարավ կամային հաղթանակ:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց «Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում վալենսիացիները խփեցին 2 գոլ՝ ընդմիջման գնալով հաշվի մեջ առջեւում: 54-րդ րոպեին Լիոնել Մեսին 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը, բայց 6 րոպե անց «Վալենսիան» խփեց երրորդ ու հաղթական գնդակը:

«Վալենսիան» նախորդ անգամ «Նոու Կամպ» ստադիոնում «Բարսելոնային» հաղթել էր 2003-ի հոկտեմբերի 5-ին: Ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիներն առաջին անգամ միավորներ կորցրին տնային խաղում:

«Բարսելոնան» ունի 54 միավոր եւ մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Աթլետիկոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս տուրում Խերարդո Մարտինոյի թիմին կարող է շրջանցել նաեւ 53 միավոր հավաքած Մադրիդի «Ռեալը», որը փետրվարի 2-ին Բիլբաոյում կմրցի «Աթլետիկի» հետ:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 2:3

Ալեքսիս Սանչես, 8, Լիոնել Մեսի, 53 (11մ.) – Պաբլո Պյատի, 39, Դանիել Պարեխո, 44, Ֆրանսիսկո Ալկասեր, 59

Հեռացում՝ Խորդի Ալբա, 78 («Բարսելոնա»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։