09:09 21 հունվարի, 2014Հայաստանի ազգային հավաքականի եւ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանը 2013թ. մարտի 14-ին սրտի վիրահատության էր ենթարկվել: Վիրահատության համար գումար էին հավաքում Ռուսաստանում եւ Հայաստանում: Ֆուտբոլիստին փրկելու կոչին արձագանքեցին բազմաթիվ ֆուտբոլիստներ, «Կռիլյա Սովետով» ակումբը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Կարապետ Միքայելյանի հետ:
Պարոն Միքայելյան, հիմա ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը:
Նախորդ տարի ես սրտի վիրահատություն տարա, տեղադրեցին կարդիոստիմուլյատոր: Ճիշտ չեմ լինի, եթե ասեմ, որ ինձ լավ եմ զգում: Ես կարծում էի, որ վիրահատությունից հետո ամեն բան կանցնի: Բայց ես անընդհատ պետք է անալիզներ հանձնեմ, ստուգվեմ, իսկ դա գումարներ է պահանջում: Այս պահին ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ եւ չեմ աշխատում: Այդ կարդիոստիմուլյատորը նրա համար է, որ եթե հանկած սիրտս կանգնի, այն ինձ համար շտապ օգնության դեր կատարի: Վիրահատությունից հետո ինձ ավելի լավ չեմ զգում, բայց քանի որ ձայնս լսում եք, ուրեմն ողջ եմ:
Ունե՞ք բժշկական ապահովագրություն:
Ռուսաստանում բժշկական ապահովագրությունը տարբերվում է մյուս երկրների համապատասխան ծառայություններից: Ես գրանցված եմ պոլիկլինիկայում, քանի որ Մոսկվայի գրանցում ունեմ, բայց այն անալիզները որոնք ինձ անհրաժեշտ են պոլիկլինիկայում, չեն անում: Դրա համար ես ստիպված գնում եմ այն հիվանդանոցը, որտեղ վիրահատվել եմ, իսկ այնտեղ վճարովի է: Այդ անալիզները ինձ անհրաժեշտ են, բացի այդ ես ընդունում եմ ութ տեսակի դեղահաբեր, որոնք մինչեւ կյանքիս վերջ պետք է ընդունեմ: Դեղահաբերն ընդունելուց հետո ես պետք է երկու շաբաթը մեկ արյուն հանձնեմ: Հետո սրտաբանը պետք է ստուգի արյանս վիճակը: Ես ունեմ ապահովագրական քարտ, բայց դա ոչ մի օգուտ չունի:
Ե՞րբ եք վերջին անգամ եղել բժիշկի մոտ:
Նախորդ տարվա դեկտեմբերին: Ես ամեն տարի հավաքում եմ փաստաթղթերս եւ կոմիսիա հանձնում իմ հաշմանդամության համար: Պետությունն ինձ ամեն ամիս դրա համար վճարում է 15 հազար ռուբլի:
Դա Ձեր ամբողջ եկամո՞ւտն է:
Դե, եթե դա կարելի է եկամուտ համարել: Դա պետության կողմից ինձ որպես հաշմանդամի տրվող ամբողջ գումարն է: Երեք տարի առաջ ինձ մոտ ամեն բան շատ լավ էր, բայց մի ակնթարթում իմ ամբողջ կյանքը փոխվեց:
Այդ դեպքում ինչպե՞ս եք հասցնում վճարել անալիզների, դեղերի եւ այլ ծախսերի համար:
Կինս է աշխատում: Դա էլ մեր եկամուտն է:
Վիրահատությունից հետո Ձեր ընկերները Ձեզ ֆինանսապես օգնո՞ւմ են:
Ոչ:
Ինչո՞վ է լցված Ձեր առօրյա կյանքը:
Հաճախ զբոսնում եմ: Ինձ մաքուր օդ է հարկավոր, բայց ձմռանը պետք է զգույշ լինել: Ինձ ընդհանրապես հիվանդանալ չի կարելի:
Ինչի՞ց սկսվեց Ձեր սրտային խնդիրը: Դա կապվա՞ծ էր պրոֆեսիոնալ կարիերայի հետ:
Երբ դեռ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էի, հիվանդացա գրիպով, անգինայով եւ լիովին չապաքինվեցի: Այդ ժամանակ շատ կարեւոր խաղ ունեինք, եւ ես պետք է խաղայի: Խնդիրը միանգամից ի հայտ չեկավ, այլ՝ քայլ առ քայլ: Մեր ընտանիքում ոչ ոք սրտի արատ չի ունեցել:
Դուք Ձեր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում չկարողացաք աշխատել բավականաչափ գումար, որպեսզի ապահովեք Ձեր ծերությունը: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին: Այնուամենայնիվ, պե՞տք է մտածել գումարի մասին, թե՞ պրոֆեսիոնալները այդ ուղղությամբ չեն մտածում:
Ես կարող էի վաստակել գումար՝ անգամ չխաղալով: Ես շատ լավ հնարավորություն ունեի Կորեայում, որտեղ շատ փող էի ստանում, բայց գրեթե չէի խաղում: Ինձ անգամ չէին թողում միանալ հավաքականին: Մեկ տարի անց ես հեռացա այնտեղից: Փոխեցի փողը ֆուտբոլի հետ: Այս պահին երիտասարդները փողի հարցում մի քիչ երես են առել: Մեծ գումարները պտտեցնում են նրանց գլուխը, բայց եթե ցանկանում են լավ ֆուտբոլիստ դառնալ, պետք է մտածեն միայն ֆուտբոլի մասին: Եթե ֆուտբոլիստը լավ խաղա, փողն ինքն իրեն կգա: Այս ժամանակներում դա հաստատ հնարավոր է:
Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հետաքրքրվում են իմ առողջությամբ եւ ՀՖՖ-ին, որ օգնեց իմ վիրահատության հարցում: Ողջույններս հայկական ֆուտբոլին:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.