19:44 2 հունվարի, 2014Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին հնարավոր է՝ չկարողանա դուրս գալ կոմայից, հաղորդում է Sky Sport Italia: Այժմ նախկին ավտոարշավորդի առողջական վիճակը կայուն ծանր է:
Շումախերի հարազատներից մեկը հայտնել է, որ բժիշկները մասնավոր զրույցներում իրենց տրամադրում են, որ Շումախերը դժվար թե դուրս գա կոմայից: Չի բացառվում, որ այդ վիճակում նա մնա ընդմիշտ: Գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածքի պատճառով առաջացած արյունազեղումից հետո Շումախերը կոմայի մեջ է:
Շումախերի մենեջեր Սաբին Կեհմը հայտնել է, որ ոչ մի փոփոխություն չի նկատվում: Բժիշկները նշում են, որ այս կարգի վնասվածքներից հետո հիվանդների միայն 1/3-րդն է վերադառնում բնականոն կյանքի:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը ստացել է ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Ուղղաթիռով Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել է, հեռացվել է ուղեղի հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը: Սակայն Գրենոբլում կայացած մամուլի ասուլիսում վիրահատություն կատարած բժիշկները զերծ են մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում նման ծանր վնասվածքին եւ ասել, թե ինչ արդյունք կտա վիրահատությունը հնարավոր չէ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.