Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» ու «Արսենալը» նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր

01:39   12 դեկտեմբերի, 2013

Իտալական «Նապոլին» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը՝ դուրս մնալով հետագա պաքարից: F խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Դորտմունդի «Բորուսիան» ու Լոնդոնի «Արսենալը», որոնք նեապոլցիների հետ հավաքեցին հավասար միավորներ:

Խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Նապոլին» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի եւ իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին», իսկ «Բարուսիան» Ֆրանսիայում դժվարին հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ՝ 2:1: «Նապոլիին» միայն խոշոր հաշվով հաղթանակը դուրս կբերեր փլեյ-օֆֆ:

Մարսելյան խաղի հաշիվը չորրորդ րոպեին բացեց «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ում խփած գոլին մարսելցիները 10 րոպե անց պատասխանեցին սենեգալցի պաշտպան Սուլեյման Դիավարայի դիպուկ հարվածով: 34-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Դմիտրի Պայեն, ով կոպիտ խախտում թույլ տալուց հետո դիմեց սիմուլյացիայի:

Ընդմիջումից հետո դորտմունդցիները մի շարք իրական գոլային պահեր բաց թողեցին: Խաղի ավարտը մոտենում էր եւ թվում էր, թե «Բորուսիան» միավորներ կկորցնի եւ կզրկվի փլեյ-օֆֆի ուղեգրից, սակայն 87-րդ րոպեին գերմանացի Կեւին Գրոսկրոյցը հաղթանակ պարգեւեց Յուրգեն Կլոպի թիմին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:

12-ական միավոր հավաքած «Արսենալն» ու «Բորուսիան» Չեմպիանների լիգայի 1/8 եզրափակիչում են, իսկ նույնքան միավոր ունեցող նեապոլցիները մրցելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: Դորտմունդցիները խմբում գրավեցին առաջին տեղը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

F խումբ

«Մարսել» (Ֆրանսիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 1:2

Սուլեյման Դիավարա, 14 – Ռոբերտ Լեւանդովսկի, 4, Կեւին Գրոսկրոյց, 87

Հեռացում՝ Դմիտրի Պայե, 34 («Մարսել»)

«Նապոլի» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:0

Գոնսալո Իգուաին, 73, Խոսե Կալյեխոն, 90+3

Հեռացում՝ Միկել Արտետա, 76 («Արսենալ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։