Ի՞նչն է կոնֆլիկտի պատճառը

09:02   27 ապրիլի, 2012

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը կմնա ղեկավարի պաշտոնում, մնացած հարցերով կզբաղվի միջազգային կարգի մրցավար Գայանե Ներսիսյանը: Այդ մասին  NEWS.am  Sport-ի թղթակցին ասել է  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը՝ մեկնաբանելով գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեղի ունեցած փոփոխությունը:

Օրերս NEWS.am Sport-ի թղթակիցը այցելեց մարմնամարզության ֆեդերացիա՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանի հետ գեղարվեստական մարմնամարզության խնդիրների մասին հարցազրույց անելու նպատակով: Ֆեդերացիայում խորհուրդ տվեցին հարցազրույցի համար դիմել ոչ թե Կրեմլինա Մկրտչյանին, այլ մեկ այլ մարզիչի` Գայանե Ներսիսյանին, ով գլխավոր մարզիչից ավելի լավ է տիրապետում մարզաձեւի անցուդարձին ու խնդիրներին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գայանե Ներսիսյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն զբաղեցնում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Գ. Ներսիսյանը ներկայացրեց հրամանը: Ըստ  հրամանի,  ապրիլի 19-ին տեղի ունեցած  մարմնամարզության ֆեդերացիայի նիստի ընթացքում որոշում է կայացվել գեղարվեստական մարզմնամարզության գլխավոր մարզիչ նշանակել Գայանե Ներսիսյանին: Ստորագրությունը` Ա. Ազարյանի:

Թե ինչպես եւ ինչ պայմաններում է Գայանե Ներսիսյանը փոխարինել երկար տարիներ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած Կրեմլինա Մկրտչյանին, փորձեցիքն պարզել հրամանը տվողից` Ալբերտ Ազարյանից, ինչպես նաեւ նախկին եւ ներկայիս գլխավոր մարզիչներից:

Կրեմլինա Մկրտչյանը NEWS.am Sport-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ֆեդերացիայի որոշումը՝ ասաց. 

«Դեւին հարցնում են` ո՞ւմ հոգին կառնես, ասում է` ինձ հաց տվողի, օձին հարցնում են` իսկ դո՞ւ ում կխայթես, ասում է` տաքացնողին... Թե ինչո՞ւ են ինձ հանել պաշտոնից՝ չեմ կարող ասել: Այդ հարցի պատասխանը կիմանա Գայանեն… Ես ֆեդերացիայում, ինչպես նաեւ Գայանե Ներսիսյանի հետ ոչ մի կոնֆլիկտ չունեմ եւ չեմ ունեցել: Ուղղակի սխալ մեկնաբանություններ է տրված եղել, սխալ տվյալներ իմ աշխատանքի մասին: Սկզբում ինձ ասացին, որ ինձ նոր օգնական են նշանակում Գայանեին, որպեսզի քիչ վազվզեմ: Եվ իրոք, ես շատ եմ վազվզում աշխատանքի բերումով: Սկզբում դա ինձ համար լավ անակնկալ էր եւ ես առաջարկեցի մեկին, ով իսկապես հավաքական թիմի համար պատրաստված մարզիչ էր: Նրան չհավանեցին: Գայանեին ինձ օգնական նշանակեցին: Մեկ օր անց պարզվեց, որ ոչ թե օգնական են նշանակել, այսինքն` ոչ թե իբր ես շատ չվազվզեմ, այլ… Երեւի ես մեծ ֆինանսական տույժ էի կրում իրենց համար, գուցե կարծել են` ես այդ պաշտոնի համար մեծ գումար եմ ստանում իրենցից: Բայց նման բան չի եղել։ Հակառակը` ես շատ մեծ ծախսեր եմ արել այս մարզաձեւի համար: Օգնականիս նշանակման հաջորդ օրը ինձ զանգահարեց մարզադպրոցի տնօրենը եւ ասաց, որ ֆեդերացիայում ասել են, թե այսուհետեւ իրենք ենթարկվում են Գայանեին:  Նա վերջերս է հայտնվել ֆեդերացիայում: Նախկինում ես մարզում էի հավաքականի մարզիչների, նա նույնիսկ այդ մարզիչների շարքում չի եղել: Հավաքականի համար ունենք պատրաստի մարմնամարզուհի – մարզիչներ՝ Հասմիկ Մակարյան, Աննա Աբրահամյան, Մարիա Ոսկանյան: Ես ունեի շատ մարզիչներ, որոնք մեկնել են ԱՄՆ: Ես հայկական գեղարվեստական մարմնամարզության ամբողջ պատմության ընթացքում եղել եմ, կարելի է ասել կյանքս եմ ապրել այս մարզաձեւի հետ»:

Կրեմլինա Մկրտչյանի փոխանցմամբ, նորանշանակ գլխավոր մարզիչին ոչ ոք չի ընդունում:

«Բանն այն է, որ ոչ ոք նրան չի ընդունում: Եթե գաք եւ զրուցեք մեր մյուս մարզիչների, ինչու չէ՝ մարզիկների հետ, կտեսնեք, թե ինչ կարծիք ունեն նրանք այս փոփոխության մասին: Էլի եմ կրկնում, որեւէ կոնֆլիկտ չունեմ Գայանեի հետ: Նրա նշանակման օրը որպես իմ օգնական  ներկայացրեցի մրցումների օրացուցային պլանը, թե ինչպես է այն կազմվում, երբ է լինելու Հայաստանի պատանեկան առաջիկա առաջնությունը, ինչ օրակարգով: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանի պատանիների առաջնությունը նշանակված է եղել մայիսի 18-ին: Մայիսի 29-ից հունիսի 3-ը մենք ունենք Եվրոպայի պատանիների առաջնություն, եւ Հայաստանի առաջնությունը մայիսի 18-ին նշանակելը տրամաբանական էր։ Նպատակային էի նշանակել մայիսի 18-ին, որպեսզի մարզիկները երկար ժամանակ հանգիստ վիճակում  չլինեն մինչեւ Եվրոպայի առաջնությունը։ Լավ մարզավիճակը պահպանելու համար սխալ է: Իսկ Գայանեն արդեն ինքնագլուխ փոխել է առաջնության օրը` մայիսի 1-ին: Նրան ոչ ոք չի ենթարկվում: Ես այս հարցի շուրջ չեմ զրուցել պարոն Ազարյանի հետ: Միայն գիտեմ, որ պարոն Ազարյանը ինձ է ընդունում որպես գլխավոր մարզիչ: Նա հայտարարել է, որ Կրեմլինայից բացի ոչ ոք չհամարձակվի ինձ գրություն բերել: Եթե ինչ-ինչ գրություն էլ ստորագրում է՝ զուտ տվյալ մարդկանց հարգելով: Ես չգիտեմ՝ հրամանը նա է ստորագրել, թե ոչ: Չեմ պատրաստվում նրանից պարզաբանում վերցնել: Շատ շնորհակալ եմ. հոգնել եմ այս իրավիճակից: Սա սպորտ է, պետք է համատեղ աշխատենք»,- ասաց Կ. Մկրտչյանը:

NEWS.am  Sport-ի թղթակիցը զրուցեց նաեւ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանի հետ: Ի դեպ, Գ. Ներսիսյանը խնդրել էր, մի քանի օր սպասել, մինչեւ իր նոր պաշտոնի հաստատումը, հետո նոր հարցազրույցներում իրեն ներկայացնել որպես գլխավոր մարզիչ:

«Ինձ արդեն կարող եք ներկայացնել որպես գլխավոր մարզիչ: Ամեն ինչ որոշված է: Արդեն ոչինչ փոխել չի լինի: Չգիտեմ` ինչ պայմանով եմ ընտրվել ես, բայց որոշումը ֆեդերացիայինն է, Ալբերտ Ազարյանի ստորագրությամբ: Ես Կրեմլինայի հետ խնդիր չունեմ: Ես չէ, որ պետք է գնահատեմ նրա տարիների աշխատանքը: Նույնիսկ սխալ էլ կլինի:  Նա իր կյանքն է ներդրել այս մարզաձեւում, որ կարողացել է պահել մինչեւ այսօր: Նա շատ դժվարությունների միջով է անցել։ Նա հերոս կին է, ով ամբողջ կյանքում պայքարել է գեղարվեստական մարմնամարզության պահպանման եւ զարգացման համար: Պետք է փորձեմ պահպանել նրա դրած ավանդույթները, բարձրացնեմ մարզաձեւի մակարդակը»,- նշեց Գ. Ներսիսյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նախ՝ զարմացավ, թե որտեղից ենք տեղեկացել ֆեդերացիայի այդ որոշման մասին, ապա պարզաբանեց իր ստորագրած հրամանը:

«Սա փոփոխություն չէ: Մենք որոշեցինք, որ  Կրեմլինան մի քիչ տարիքով մեծ է, եւ նրան օգնական է պետք: Նա մնում է որպես ղեկավարող, իսկ Գայանեին նշանակեցինք վազվզողի դերում: Այստեղ շատ հարցեր կան, որ վազվզոց են պահանջում՝ կոմիտե, ֆեդերացիա… այստեղ ավելի երիտասարդ աղջիկ է պահանջվում: Իմաստը դա է։ Թող ոչ մեկի չթվա, թե Կրեմլինան չի կարողանում աշխատել, կամ լավ չի աշխատում ու դրա համար ենք նրան փոխում. բնավ` ոչ: Նա կմնա ղեկավարող, Գայանեն էլ՝ մյուս հարցերով զբաղվող: Ճիշտ է, նա նոր է մեր կազմում, բայց հույս ունեմ, որ երիտասարդին բնորոշ եռանդ կներդնի գեղարվեստական մարմնամարզությունում, ինչպես դա արել է Կրեմլինան»,- ասաց Ա. Ազարյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.