Հավաքականն առաջին անգամ կմասնակցի միջազգային մրցաշարի. հարցազրուց

19:18   26 ապրիլի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության ընտրական առաջին խմբի մրցաշարին: Այս փուլում մեր հավաքականի մրցակիցներն են լինելու Սերբիայի, Բելառուսի եւ Մոլդովայի հավաքականները:  Հայաստանի հավաքականը ապրիլի 26-ին մեկնեց Ղազախստան, որտեղ մասնակցելու է միջազգային մրցաշարի: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյան, եթե չեմ սխալվում, առաջին անգամ է թիմը մասնակցում միջազգային մրցաշարի:

Այո, միջազգային մրցաշարի առաջին անգամ ենք մասնակցում, բայց միջազգային ընկերական հանդիպումներ Վրաստանի ու Իրանի հավաքականների հետ անցկացրել ենք մինչեւ այս: Շատ կարեւոր մրցաշար է մեր թիմի համար: Պատանի ֆուտբոլիստները պետք է զգան նման մրցաշարերի լարվածությունը, ինչպես ասում են` զգան շունչը: Մեր ենթախմբում ընդգրկված են նաեւ Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Հունգարիայի հավաքականները: Ապրիլի 28-ին առաջին մրցակիցը լինելու են հունգարացիները:

Իսկ ի՞նչ մրցակարգով է մրցաշարը:

Ենթախմբում երեքական հանդիպումներ անցկացնելուց հետո ըստ զբաղեցրած տեղերի, յուրաքանչյուր թիմ մրցելու է մյուս ենթախմբում նույն տեղը զբաղեցրած  թիմի հետ: Այսինքն` մեր ենթախմբում առաջին տեղը  զբաղեցրած թիմը մրցելու է մյուս ենթախմբի հաղթողի հետ եւ այդպես շարունակ: Նշեմ, որ մյուս ենթախմբում մրցելու են Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հավաքականները:

Մեր հավաքականի կորիզը ո՞ր թիմերի խաղացողներն են կազմում:

Հիմնականում «Բանանցի» եւ «Փյունիկի» ֆուտբոլիստներն են, կան նաեւ «Միկայից», «Իմպուլսից» եւ «Ուլիսից»: Արտասահմանից հրավիրվել են դարպասապահ Անատոլի Այվազովը («Լոկոմոտիվ», Մոսկվա), Գրիգորի Գալստյանը («ԲԿՄԱ», Մոսկվա) եւ Ֆուրման Մելքոնյանը («Սեւիլիա», Իսպանիա):

Այս տարիքային խմբում նախորդ մրցաշարում մեր հավաքականը դարպասապահի խնդիր ուներ, հիմա այդ հարցը լուծվե՞լ է:

Այո, իրոք անցյալ մրցաշրջանում մինչեւ 17 տարեկանների հավաքականը դարպասապահի խնդիր ուներ: Հիմա Անատոլի Այվազովի գալով այդ հարցը փակվեց: Մենք, իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահում արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին, սակայն աշխատում ենք նաեւ տեղի կադրերի վրա:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.