«Սպարտակի» գործադիր տնօրենը՝ Երեւանում. NEWS.am Sport-ի հարցազրույցը Ռոման Ասխաբաձեի հետ

09:36   3 դեկտեմբերի, 2013

Առաջիկա հավաքի ժամանակ Արաս Օզբիլիսը լիովին պատրաստ կլինի եւ կհասկանա, թե իրենից ինչ են ակնկալում «Սպարտակում»: Յուրա Մովսիսյանը մարտական ոգու տեր է:

Այդ մասին  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբի գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն, որը այցելել էր Երեւան:

Պարոն Ասխաբաձե, ինչպե՞ս կգնահատեք «Սպարտակի» հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի ելույթները: Ռուսական մամուլը հոռետեսորեն էր տրամադրված, երբ Օզբիլիզը տեղափոխվեց «Սպարտակ»:

Ես Օզբիլիսի հասցեին հատուկ քննադատություն չեմ նկատել: «Սպարտակի» բոլոր ֆուտբոլիստները գրեթե միշտ քննադատության կրակի տակ են: Դա միշտ այդպես է լինելու: Յուրա Մովսիսյանի արդյունքները խոսում են ամեն ինչի մասին:  Այս պահին նա Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն է եւ ապացուցում է, որ զուր չի եկել «Սպարտակ»:

Ինչ վերաբերում է Արասին, ապա նրա հանդեպ վերաբերմունքը մի քիչ կողմնապահ էր, քանի որ նորեկներից միշտ ակնկալիքները մեծ են: Արասը պետք է ամրապնդվի թիմի հիմնական կազմում, որպեսզի ցույց տա այն մակարդակը, որը նրանից սպասում ենք: Նա դեռ թիմի կազմում անհրաժեշտ ժամանակ չի խաղացել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար շատ կարեւոր է թիմի ուսումնամարզական հավաքներին մասնակցելու գործոնը: Իսկ Արասը մեզ մոտ եկավ այդ հավաքների ավարտին: Այդ պատճառով ձմեռային առաջիկա հավաքի ժամանակ ամեն բան իր տեղը կընկնի. նա լիովին պատրաստ կլինի եւ կհասկանա, թե իրենից ինչ են ակնկալում: Մարզչական կազմը նկատում է Յուրայի եւ Արասի աշխատասիրությունը մարզումների եւ խաղերի ժամանակ: Գաղտնիք չէ, որ Յուրան վերջին հանդիպումներում խաղում էր ծնկի ցավերով եւ դիմանում էր միայն ցավազրկող ներարկումների շնորհիվ: Դա խոսում է նրա մարտական ոգու մասին:

Չե՞ք կարծում,  որ Արասն ավելի շուտ կընտելանար թիմին, եթե ավելի հաճախ խաղար Յուրայի հետ: Հավաքականում նրանց մոտ խաղացվածությունը բարձր մակարդակի է: ԲԿՄԱ-ի հետ խաղում Արասը դուրս եկավ խաղադաշտ, երբ Յուրան փոխարինվեց:

Այդ հարցը մարզիչին է պետք տալ: Ըստ իս, նա կախված է ոչ թե երկու, այլ 11 ֆուտբոլիստների խաղացվածությունից: Եվ հետո, Արասը վնասվածքով խաղադաշտ դուրս եկավ: Մինչ այդ, նա մի քանի օր մարզվում էր անհատական ծրագրով:

Ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ի երկրպագուների պաստառի մասին «Սպարտակի» հետ խաղում: Շատերը կարծեցին, թե դա հայ ֆուտբոլիստների դեմ էր ուղղված:

Մենք չենք տեսել ոչ անուններ, ոչ էլ ազգանուններ: Պետք չէ կողմնապահ վերաբերվել ինչ-որ մեկին: Մենք տեսանք այդ պաստառը, եւ ամեն մեկը հասկացավ այնպես, ինչպես ցանկացավ: Եթե այնտեղ լինեին կոնկրետ անուններ կամ ազգանուններ, մենք վստահորեն կարող էինք  ասել, որ դա այդպես է: Կարգապահական կոմիտեն, կանոնադրության համաձայն, արդեն պատժել է ԲԿՄԱ-ին՝ այդ չլիազորված պաստառի համար:

Մոտ ապագայում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության հեռանկարներ կա՞ն: Հնարավո՞ր է այստեղ անցկացնեք ձմեռային հավաքը:

Մենք համագործակցում ենք ֆեդերացիայի հետ: Մեր երկու ֆուտբոլիստները ներկայացնում են Հայաստանի հավաքականը: Իսկ մնացածի մասին հիմա չեմ կարող ասել: Ժամանակը ցույց կտա:

Կասե՞ք, թե որն է Ձեր՝ Հայաստան գալու հիմնական պատճառը:

Ներողություն, բայց չեմ ասի:

«Սպարտակը» պատրաստվու՞մ է ձմեռային տրանսֆերային պատուհանին: Կա՞ն թույլ օղակներ, որոնք պետք է ուժեղացնել:

Մենք միշտ ասել ենք, որ մեզ համար ամենակարեւորն այն է, որ վնասվածք ունեցող մեր ֆուտբոլիստները ապաքինվեն: Դա վերաբերում է Յուրային, Ռոմուլոյին եւ Բոկետիին: Ամենամեծ պատասխանատվությունը դրված է բժշկական շտաբի վրա:

Մամուլում շրջանառվում է, թե Յուրայով հետաքրքրվում են գերմանական մի շարք ակումբներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Մենք խոսակցությունները չենք մեկնաբանում: «Սպարտակի» շատ ֆուտբոլիստների ծառայություններով են հետաքրքվում, բայց անուններ չեմ ասի:

Յուրա Մովսիսյանն անցյալ տարի այս ժամանակ տեղափոխվեց «Սպարտակ»: Դա ամենաքննարկվող տրանսֆերներց մեկն էր: Այնուամենայնիվ, ե՞րբ «Սպարտակը» սկսեց իսկապես մտածել Յուրային ձեռք բերելու մասին:

Մենք հետեւում ենք տարբեր առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթներին, բայց երբ ֆուտբոլիստը հանդես է գալիս քո առաջնությունում եւ հանդիսանում է լավագույն ռմբարկու, բնական է, որ նրա հանդեպ հետաքրքրությունը յուրահատուկ է: Մենք քննարկում էինք նրա թեկնածությունը, եւ մինչեւ տրանսֆերային պատուհանի բացվելը որոշեցինք Յուրայի հետ բանակցություններ սկսել: Նա այդ պահին «Սպարտակի» թիվ մեկ տրանսֆերային նպատակն էր:

Այդ ժամանակ «Սպարտակում» հարձակվողի դիրքում մեծ մրցակցություն էր:

Երբ առաջատար թիմը իր կազմում երեք հարձակվող ունի, դա շատ նորմալ է, հաշվի առնելով վնասվածքների եւ որակազրկման գործոնները:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում «Սպարտակի» հաջող մեկնարկը կապվա՞ծ է նաեւ Եվրոպայի լիգայից դուրս մնալու հետ:

Հաջող մեկնարկի հիմքում ընկած է թիմը լավ ֆուտբոլիստներով համալրված լինելու փաստը: Ժամանակի ընթացքում մենք վնասվածքների պատճառով սկսեցինք կորցնել մեր առաջատար ֆուտբոլիստներին: Նույն Յուրան, եթե վնասվածք չունենար, վերջին տուրերում կարող էր էլի գոլեր խփել:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.