Գառնիկ Ավալյան. «Կրասնոդարի» դեմ խաղում «Կուբանի» երկրպագուները կաջակցեն մեզ

22:44   14 նոյեմբերի, 2013

«Կուբանի» երկրպագուները զանգահարում են ինձ՝ ասելով, որ «Կրասնոդարի» դեմ խաղում կգան եւ կաջակցեն մեզ, հայտարարել է ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող Ռյազանի «Զվեզդայի» գլխավոր մարզիչ Գառնիկ Ավալյանը: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խոսել է «Կրասնոդարի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղի մասին:

«Ակումբի տնօրենն ինձ ասաց, որ երկրպագուները մտադիր են ավտոբուսով մեկնել Կրասնոդար: Սակայն այն 3 օրով վարձակալելը կարժենա 100 հազար, իսկ մենք չենք կարող վճարել այդպիսի գումար: Այնուամենայնիվ, իմ տվյալների համաձայն՝ մենք առանց աջակցության չենք մնա Կրասնոդարում: Ամեն դեպքում, շատ մարդիկ միեւնույն է կգան: Գավաթային արշավով մենք ոգեշնչեցինք քաղաքը. «Կուբանի» դեմ խաղում մթնոլորտն անկրկնելի էր: Բոլոր տոմսերը սպառվել էին խաղից մեկ օր առաջ: Դա խոսում է այն մասին, որ Ռյազանն անտարբեր չէ ֆուտբոլի հանդեպ, սակայն երկրպագուները ցանկանում են կայուն հաջողություններ: Պետք է ձգտենք հենց դրան՝ թիմին հասցնելով նոր մակարդակի: Ի դեպ, ինձ զանգահարում են նաեւ «Կուբանի» երկրպագուները՝ ասելով, որ «Կրասնոդարի» դեմ խաղում կգան եւ կաջակցեն մեզ»,- Ավալյանի խոսքը մեջբերում է «Sportbox»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչում Ավալյանի թիմը պայքարից դուրս էր թողել Կրասնոդարի «Կուբանին»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.