Կարեն Աղամալյան. Շոտլանդացի բռնցքամարտիկին Վլադիմիր Սարուխանյանը, նույնիսկ, «ծեծել» է

10:54   24 ապրիլի, 2012

Տրապիզոնում ավարտված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականը ոչ մի ուղեգիր չնվաճեց:  Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում հանդես գալու իրավունք ունի միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Հայաստան վերադառնալուց հետո  հավաքականի գլխավոր  մարզիչ Կարեն Աղամալյանն իր տպավորություններն է ներկայացրել NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Պարոն Աղամալյան, պարզ է, որ հավաքականի մարզիկների ելույթները չեն կարող բավարար լինել: Թիմը ոչ մի ուղեգիր չնվաճեց: Սակայն որպես մասնագետ դուք անկասկած ունեք ձեր կարծիքը:

Ես, իհարկե, ունեմ իմ գնահատականը մեր մարզիկների ելույթներին:  Մրցավայր մեկնելուց առաջ մեր զրույցի ժամանակ ես նշեցի, որ ռեալ եմ համարում օլիմպիական մեկ կամ երկու ուղեգիր վաստակելը: Հիմնականում ես հույս էի կապում Վլադիմիր Սարուխանյանի հետ, մտածում էի, որ ուղեգիր կարող է վաստակել նաեւ Կորյուն Սողոմոնյանը: Վերջինս, այսպես ասած, «վառվեց» մրցումներում: Հաղթանակ հասնելու ցանկությունը այնքան մեծ է երիտասարդ բռնցքամարտիկի մոտ, որ նա իր մենամարտը չանցկացրեց: Ինչ վերաբերում է Վլադիմիր Սարուխանյանին, ապա նա Տրապիզոնում չի պարտվել: Շոտլանդացի բռնցքամարտիկին մեր մարզիկը նույնիսկ «ծեծել» է:

Մրցավարները շոտլանդացուն հաղթանակ շնորհեցին 19:7 հաշվով. այսքան հնարավո՞ր է անարդար լինել:

Ես իմ մասնագիտական կարծիքն եմ արտահայտում: Երրորդ ռաունդից առաջ շոտլանդացուն երեք միավորի առավելություն էին տվել: Վերջին ռաունդում նա ոչ մի հարված չտվեց, բայց  նրա օգտին հաշվեցին ինը միավոր: Մենք բողոք էլ  ներկայացրեցինք, սակայն ցավոք ոչ մի օգուտ դրանից չեղավ: Նորից եմ կրկնում, Սարուխանյանը իր մրցակցին չի պարտվել: Ավելին ես ասեմ, որ Վլադիմիր Սարուխանյանը 60 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերում մեդալի հավակնորդ բռնցքամարտիկ կլիներ:

Ինչպե՞ս կգնահատեք մյուս տղաների ելույթները:

Այս պահի դրությամբ բոլորն էլ հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում: Ես հավաքականը ընդունել եմ աշխարհի առաջնությունից հետո եւ երբեք  ստվեր չեմ ուզում գցել թիմի նախկին մարզիչների վրա: Բայց այն ժառանգությունը, որը ես ստացա որպես հավաքականի մարզիչ, իր հնարավորություններով անսահմանափակ չէր: Մենք արեցինք հնարավորը: Այս կազմը ավելիին այս պահին չէր կարող հասնել: Համոզված եմ, որ այս նույն տղաները ժամանակի ընթացքում կարող են ավելի բարձր արդյունքների հասնել, բայց հիմա, ավաղ, սա է նրանց առավելագույն արդյունքը:

Հրաչիկ Ջավախյանի մասին ի՞նչ կասեք:

Հայաստանի չեմպիոնը 64կգ քաշային կարգում Արա Պուլուզյանն է: Այս բռնցքամարտիկը լավ հանդես եկավ նաեւ նախավարկանիշային մրցաշարում, որը անցկացվեց Ֆինլանդիայում: Ջավախյանը չգիտեմ ինչեր է խոսում, բայց նշեմ, որ ես սպարինգով հավաքականի առաջին համարին չեմ ընտրում: Բացառության կարգով նրան ընդառաջեցինք նույնիսկ, սակայն նա անձնական քաշի խնդիր էլ ուներ: Պուլուզյանը արժանի կերպով հանդես է եկել հավաքականի կազմում:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.