12:08 30 հոկտեմբերի, 2013Շատ եմ ափսոսում, որ Վարդան Մինասյանը հեռացավ: Վարդանը շատ անելիքներ ունի հայկական ֆուտբոլում, բայց ինձ չհաջողվեց պահել նրան: Նոր մարզիչի հարցում մենք վարում ենք բանակցություններ: Անուններ չեմ հրապարակի:
Այդ մասին այս պահին ընթացող մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Վերջերս ուշ-ուշ եմ հանդիպում լրագրողների հետ: Դա լավ չէ, բայց այսօրվա լրատվամիջոցները չեն ծառայում իրենց նպատակին, այլ աղավաղում են իրականությունը: Հաճախ աղավաղվում են իմ խոսքերը: Մի անգամ թմրամոլների մասին իմ խոսքերն աղավաղել էին ու ֆիլմ էին սարքել՝ իմ ասուլսիից վերցնելով միայն մեկ բառ, որ ես ծեծում եմ մարդկանց:
Շատ եմ ափսոսում, որ Վարդան Մինասյանը հեռացավ: Կցանկանայի շարունակել աշխատանքը նրա հետ: Ես շատ լավ գիտեմ նրա բոլոր հնարավարությունները: Վարդանը շատ անելիքներ ունի հայկական ֆուտբոլում, բայց ինձ չհաջողվեց պահել նրան: Նա երկու անգամ մերժեց հավաքականում մնալու իմ առաջարկը: Վարդանն ունի միջազգային կարգի մարզիչի որակներ: Նոր մարզիչի հարցում մենք վարում ենք բանակցություններ: Անուններ չեմ հրապարակի:
Հիշեք, թե որտեղ էինք մենք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մինչեւ Վարդանի գալը եւ որտեղ ենք հիմա: Վարդան Մինասյանը նախկինում եւս հրաժարական տվեց, բայց ես կարողացա համոզել նրան: Այս անգամ եւս կարծում էր, որ կկարողանամ մտափոխել նրան: Նա պատրաստ է ցանկացած պահի ծառայել հայկական ֆուտբոլին, բայց այժմ չի ցանկանում լինել հավաքականի մարզիչի դերում: Կարծում եմ, որ Մինասյանը պետք է մնար:
Ինչ վերաբերում է Վարդանի խոսքերին, թե հրավիրելու ենք իսպանացի կամ իտալացի մասնագետի, ասեմ, որ դուք սխալ եք հասկացել նրան: Նա մեզ է այդպիսի խորհուրդ տվել, քանի որ իսպանացի եւ իտալացի մասնագետները մեզ ավելի մոտ են իրենց մտածելակերպով: Բայց ես չեմ բացառում, որ նոր մարզիչը լինի արգենտինացի կամ գերմանացի: Խնդրում եմ չկառչեք գերմանացիներից եւ ասեք, թե դա կապված է իմ մականունի հետ:
Սկզբում ես բանակցում էի Միշել Տեր-Զաքարյանի հետ: Շատ էի ցանկանում, որ Միշելը մարզի մեր հավաքականը, սակայն նա մերժեց մեզ: Ես նրան չորս տարի առաջ էլ էի հրավիրել, բայց շատ կցանկանամ, որ մի օր նա միանա մեզ: Նա հայ է, ունի հայի մտածելակերպ, բայց այս պահին չի կարող մարզել հավաքականը:
Սերխիո Մարգարյանի մասին չեմ ցանկանա խոսել, քանի որ նա անձամբ գրավոր դիմել է, որ այլեւս չանդարառնանք իր չգալուն: Ես կցանկանայի խոսել, բայց ունենք նրա հետ պայմանավորվածություն, որ չխոսվի այդ մասին»,- ասաց Հայրապետյանը:
Վերա Մարտիրոսյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.