15:16 23 հոկտեմբերի, 2013Հեծանվասպորտի զարգացման նախադրյալներից են հայ հեծանվորդներին ապահովել գույքով, մարզահագուստով, մեխանիզմներով, սակայն այդ ամենի համար մենք բավարար գումար չունենք:
Այդ մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:
«Չորս տարի է գլխավորում եմ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան:
Նախագահելուս առաջին օրերից փորձում էինք բարելավել կապերը միջազգային ֆեդերացիաների հետ: Հեծանվասպորտի զարգացման նախադրյալներից են հայ հեծանվորդներին գույքով, մարզահագուստով, մեխանիզմներով ապահովելը, սակայն այդ ամենի համար մենք բավարար գումար չունենք:
Այս տարիների ընթացքում նկատել եմ, որ հետաքրքրությունը հեծանվասպորտի նկատմամբ գնալով մեծանում է:
Հատկապես նոր հեծանվահրապարակի կառուցումից, հետո, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին եւ շատ որակով է: Սակայն դրա հետ մեկտեղ, մենք, գործնականում, չենք կարողանում տեղավորվել մեր ֆեդերացիային հատկացված 10 միլիոն դրամ բյուջեի մեջ: Մի օրինակ բերեմ, երեւի ամեն ինչ պարզ կլինի: Հարեւան Վրաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի բյուջեն կազմում է 408 հազար եվրո, սակայն այդքանով հանդերձ նրանք դիմել են կառավարություն, որպեսզի նրանց բյուջեն հասցնեն 1 միլիոն 200 հազար եվրոյի», -ասաց նա:
Հեծանվասպորտի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի եւ հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը խոսեց Հայաստանի հեծանվասպորտի եւ մասնագիտացված դպրոցների վերջին ձեռքբերումներից:
«Մեր մարզաձեւը գնալով զարգանում է: Հեծանիվով հետաքրքրվողների քանակը` նույնպես: Եթե դուրս գաք քաղաք, կտեսնեք` որքան են շատացել հեծանիվներով մարդկանց քանակը:
Նոր հեծանվահրապարակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Առիթից օգտվելով` շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահին, Երեւանի քաղաքապետին, նրանց աջակցության համար:
Նրանց ջանքերով հեծանվահրապարակի դիմաց կառուցեց վերգետնյա անցում, որը խթանեց պատանիների` պարապմունքներին գալը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 60 հեծանիվ է նվիրել մարզադպրոցի սաներին եւ խոստացել, որ նման նվիրատվություն էլի կլինի: Սա իհարկե շատ ողջունելի է, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ գույքը շատ քիչ է», -ասաց նա:
Հայաստանի հեծանվային սպորտի ազգային տեխնիկական կենտրոնի եւ հեծանվային սպորտի մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը խոսեց հայ հեծանվորդների վերջին ձեռքբերումների մասին, ինչպես նաեւ արծարծեց Հայաստանի հեծանվասպորտի խնդիրները:
«Իրոք պահը հասունացել է, որ ուշադրություն դարձվի հեծանվասպորտին: Բնակչության մեծամասնությունը սկսել է հետաքրքրվել հեծանվասպորտով: Մեր ֆեդերացիան ունի երկու մարզադպրոց, որոնց վիճակը անբավարար է, գույքի ձեռքբերման հետ մեծ խնդիրներ կան:
Պետք չէ կենտրոնանալ միայն Երեւանի մարզադպրոցների վրա, քանի որ, եթե մենք խոսում ենք հեծանվասպորտի զարգացման մասին, ապա դա վերաբերում է երկրի ամբողջ տարածքին:
Մարզադպրոցներ ունենք Վանաձորում, Աբովյանում եւ Մասիսում: Մոտ օրերս կվերականգնենք Գյումրիի մասնաճյուղը:
Պահանջարկը մեծ է, սակայն հնարավորությնունները քիչ են: Մեր հրատապ խնդիրը մարզագույք ձեռք բերելն է: Այս չեղած պայմաններով, մեր հեծանվորդների ցուցադրած արդյունքները գոհացնում են;
Վերջին հինգ տարիներին միջազգային ասպարեզում մեր մարզիկները ձեռք են բերել 47 մեդալ, որից 7 ոսկե:
Մեր ֆեդերացիայի բյուջեն այնքան քիչ է, որ մենք չենք կարողանում ամբողջ թիմով ներկայանալ որեւէ միջազգային մրցաշարի:
Նոյեմբերից սկսվում են օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու մրցաշրջանները: Պետք է մասնակցել աշխարհի գավաթի խաղարկության չորս մրցաշարերի: Բայց մեր բյուջեն արդեն վերջացել է, մենք չենք կարող մասնակցել մրցումներին, ուստի օլիմպիական վարկանիշների մասին խոսելն անիմաստ է:
Դիմել ենք տարբեր ատյանների, տարբեր կազմակերպություններ, որոշ մարդիկ աջացել են, սակայն այս մարզաձեւը պետական աջակցության կարիք ունի»,- ասաց Սոլոյանը:
Հարցին, թե ինչ եղավ հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանի հարցը, ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չէր տրամադրել վիզա եւ նա զրկվել էր աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելուց եւ մրցանակային տեղ զբաղեցնելու դեպքում ԲԿՄԱ-ում (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) ծառայելուց, Սոլոյանը պատասխանեց:
«Հովհաննես Հովհաննիսյանը դեռ երկու տարի ժամանակ ունի, քանի որ ուսանող է, զինծառայության մեկնելու ժամկետը հետաձգվել է երկու տարով: Այժմ նա մեծահասակների խմբում է, պետք է հնարավոր ամեն ինչ անի, որ կարողանա հասնել այդ արդյունքին:
Ես չեմ ցանկանում վիրավորել մյուս ֆեդերացիաներին, սակայն իմ կարծիքով սխալ է նման մոտեցումը բոլոր սպորտաձեւերին: Եթե մենամարտային ձեւում մարզիկի համար որոշ չափով հեշտ է մրցանակային տեղ զբաղեցնել` միջազգային մրցաշարերում, ապա մեր դեպքում, երբ մեկնարկի են դուրս գալիս միանգամից 207 մարզիկներ` 70 առաջատար երկրներից, գրեթե անհավանական է: Տեսնենք, թե Հովհաննեսը ինչ կկարողանա անել»:
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.